Կարեն Մալխասյան․«Գյումրիում կառավարվան ճգնաժամ է․համայնքապետարանի աշխատակիցներն այս ամիս աշխատավարձ կստանան, հաջորդ ամիսները հարցականի տակ են»
«Գյումրիի համայնքապետարանում իսկապես ճգնաժամ է, համայնքը ղեկավար ու տեղակալներ չունի, չի կարող ճգնաժամ չլինի»,-REGIONSTV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը։
Ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, ներառյալ՝ քաղաքապետն ու տեղակալը մի քանի օր առաջ մանդատները վայր դրեցին։ Այս որոշմանը նախորդել էր Սամվել Բալասանյանի և նրա որդու նկատմամբ քրեական հետապնդումը՝ Գյումրու «Սև բերդի» հարակից հողակտորների սեփականաշնորհման գործով։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի փոխանցման հարցը հարցականի տակ է, քանի որ փոխանցումները համայնքապետի կամ տեղակալի ստորագրությամբ պետք է լինի։
Կարեն Մալխասյանն այս առնչությամբ ասաց՝ աշխատակազմի ղեկավարը, մյուս բաժիններն աշխատում են․«Որքան հնարավոր է՝ այդ ամենը կազմակերպվում է։ Իհարկե, հարցեր կան, որ առանց համայնքի ղեկավարի հնարավոր չէ լուծել, բայց այն հարցերը, որոնք առանց համայնքի ղեկավարի էլ հնարավոր է կարգավորել, իրենց հունով գնումեն։ Իսկ համայնքապետի ստորագրությամբ հարցերն առկախված են, մինչև հասկանանք՝ ինչ կլինի»։
Մալխասյանն ասաց, որ այս պահին համայնքապետարանի աշխատակիցները կստանան աշխատավարձերը, սակայն հաջորդ ամիսների աշխատավարձերը հարցականի տակ են․«Հիմա մենք էլ իրավաբանների հետ քննարկումներ ենք անում, պետք է հասկանալ՝ եթե հնարավոր է աշխատակազմի ղեկավարի միջոցով լուծվեն աշխատավարձերի հարցը»։
Թե ինչպես է լուծվելու Գյումրիի կառավարման հարցը, Մալխասյանը նշեց՝ օրենքում բացեր կան, համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու դեպքում համայնքապետի պաշտոնակատար չեն կարող նշանակել, օրենքը նախատեսում է արտահերթ ընտրության 30-40 օր ժամկետ․«Այդ առումով այս ժամկետը խնդիր է քաղաքի համար։ Իհարկե, վերջնարդյունքը արտահերթ ընտրություններն են, բայց օր առաջ պետք է այս ճգնաժամը հաղթահարել, որպեսզի քաղաքը չտուժի»։
«Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է, որ Գյումրիում, ամենայն հավանականությամբ արտահերթ ընտրություններ կլինեն, և նրանց թեկնածուն կարծես թե Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է, չնայած դեռ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի արվել։
Մինչ արտահերթ ընտրություններ կլինեն Գյումրու ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը երեկ ասուլիս է հրավիրել և իրավապահներին առաջարկել համայնքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանի կալանքի միջոցը փոխել ու հնարավորություն տալ, որպեսզի նա զբաղվի քաղաքի կառավարմամբ։ Ջանոյանը, հիշեցնենք, ինչպես Բալասանյանի որդին, տնային կալանքի տակ է նույն քրեական գործով՝ Սև բերդի հողակտորների վաճառքի։ Ջանոյանն իր պաշտոնից դեռ չի հրաժարվել։
Ավագանու անդամ Կարեն Մալխասյանն այս առաջարկի մասին ասաց՝ գուցե հնարավոր տարբերակ է, բայց բացառված է, որ աշխատի․«Նա «Բալասանյան» դաշինքի համակիրն է, եթե ամբողջ խմբակցությունը հրաժարական է տվել, ինքը ո՞նց է գալու, չգիտեմ։ Եթե տեղակալը պիտի գա, ինչո՞ւ գնաց ղեկավարը կամ առաջին տեղակալը։ Ընդհանուր թիմի որոշումն էր գնալը»։
Ինչ վերաբերում է «Բալասանյան» դաշինքի նկատմամբ ճնշումներին, ավագանու անդամը նկատեց՝ քանի դեռ դաշինքը պաշտոնական հայտարարություն չի արել, ճնշում եղել է, թե՝ ոչ, միայն կարելի է ենթադրել․«Նրանք մեզ հետ կապի դուրս չեն եկել, իրենց որոշումը չեն քննարկել։ Առկա իրավիճակը վերլուծելով՝ կարող ենք ենթադարություններ անել, իհարկե, իրավական և քաղաքական գործընթացները խառնվել են իրար, որն այդպես չպետք է լիներ։ Պետք չէր ճգնաժամի առաջ կանգնեցնել քաղաքի կառավարումը, որևէ քաղաքական ուժ իրավունք չուներ նման բան անել։ «Ենթադրյալ հետապնդվողները» ոչ մի հայտարարություն չեն անում, մենք ենք փորձում հանգամանքները հաշվի առնելով որոշակի գնահատական տալ։ Վերջնական գնահատականը նման վարքագիծ դրսևորող քաղաքական ուժին՝ հետապնդում են, թե՝ ոչ, բնակչությունը կտա ընտրություններին»։
Ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունը «Բալասանյան» դաշինքի հրաժարականների մասին հայտարարություն էր տարածել․«Գյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատներից հրաժարումը Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է, որի նպատակը Գյումրիում իշխանության տիրացումն է, ինչին ականատես ենք եղել Հայաստանի մի շարք համայնքներում»։
Կարեն Մալխասյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ մենք, օրենքով սահմանված կարգով․ հնարավոր քայլերն անելու ենք, որպեսզի Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ և որպեսզի Գյումրիում իշխանությունը ձևավորի ժողովրդի կողմից։