«Բալասանյան» դաշինքը որոշել է վրեժխնդրությամբ հարցը լուծել՝ անարգելով իրենց վստահված գյումրեցիների քվեն․պատգամավոր | Region

«Բալասանյան» դաշինքը որոշել է վրեժխնդրությամբ հարցը լուծել՝ անարգելով իրենց վստահված գյումրեցիների քվեն․պատգամավոր

Նոյեմբեր 12,2024 19:05

Խորհրդարանում հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավորը ՔՊ-ին մեղադրեց Գյումրիում իշխանազավթման մեջ, իշխանական պատգամավորն էլ «Բալասանյան» դաշինքին մեղադրեց Գյումրին կոլապսի ենթարկելու մեջ

 

ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն անդրադարձավ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելուն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չհաշտվելով այն փաստի հետ, որ Գյումրիում չկարողացավ միանձնյա ձևավորել համայնքային իշխանություն, ընտրություններից  հետո անցավ Գյումրիում իշխանությունը  լիիրավ զավթելու գործընթացին»,-ասաց պատգամավորը։

Մելքոնյանը հիշեցրեց՝ ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը ընտրություններից հետո կոալիցիոն հուշագիր էին ստորագրել, հետո այն ՔՊ-ն խզեց։

Իշխանություններն, ըստ Մելքոնյանի, կիրառել են հնարավոր և անհնարին բոլոր մեթոդները՝ ճնշում գործադրելով  երբեմնի կոալիցիոն գործընկերների նկատմամբ՝  գործի դնելով իշխանություններին հլու-հնազանդ ծառայող իրավապահ ողջ համակարգը․«Գյումրիում տեղի ունեցածն առկա  անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից  ատելության, թշնամանքի  մթնոլորտի հերթական դրսևորումն է, որի պարագայում  անընդունելի և դատապարտելի է նաև հազարավոր գյումրեցիների քվե ստացած «Բալասանյան դաշինքի» դրսևորած նման վարքագիծը»:

Այդ ամենը, պատգամավորի գնահատմամբ՝ տեղի է ունեցել ճնշումների, սպառնալիքների, ինչ-որ  մութ գործարքների արդյունքում։․«Այս  ամենն իրականացվեց համայնքում իշխանությունն ամբողջությամբ զավթելու և այնտեղ կուսակցական բացարձակ իշխանություն հաստատելու նպատակով։ Գյումրիում իշխանազավթման մեկնարկից առաջ ոչ մեկի մոտ կասկած չկար, որ  գործող իշխանությունները շատ ակտիվ են լինելու վարչական ռեսուրսների օգտագործման հարցում, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ դա տեղի կունենա այդքան անամոթ ձեւով»։

Մելքոնյանի կարծիքով՝  իշխանություններն առաջիկայում փորձելու են Գյումրիում իրականացնել  իշխանության փաստացի անփոփոխության ծրագիրը․« Դա կնշանակի հայկական պետականության ողջ իրավական հիմքի ոչնչացում»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ իր ելույթում արձագանքեց Մելքոնյանին։
«Պարոն Մելքոնյանը մեզ մեղադրեց քաղաքական հետապնդումների մեջ, ասելով՝ Գյումրիում ինչ կատարվում է, դա արտացոլումն է քաղաքական հետապնդումների։ Իհարկե, գյումրեցիները գիտեն՝ ինչ է կատարվել»։

Հակոբյանը հիշեցրեց՝ Քննչական կոմիտեն 2020 թվականին հաղորդագրություն է տարածել, որ 2005 թվականին մի շարք խախտումներով 19-րդ դարի Սև բերդ ամրոցի հարևանությամբ  հողատարածքների օտարվել է․«Այս գործով անցնում են Բալասանյան կրտսերը և փոխքաղաքապետը։ Սակայն, քաղաքապետն ու մյուս փոխքաղաքապետը հնարավորություն ունեցել են շարունակելու քաղաքի կառավարումը, այլ բան է, որ որոշել են վրեժխնդրությամբ հարցը լուծել և վրեժխնդիր են եղել գյումրեցիներից՝ անարգելով իրենց վստահված գյումրեցիների քվեն և քաղաքը ենթարկել կոլապսի։ Դեռ մի բան էլ տարբեր աշխատակիցներին հորդորել են դիմումներ գրել՝  է՛լ ավելի վատթարացնելով քաղաքի կառավարումը»։

Նորություններ