«ՀԱՊԿ-ի աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի համար դռները բաց են»․ՌԴ նախագահի օգնական
Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է՝ մենք հույս ունենք, որ վաղ, թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում
«Մենք կասկածի տակ չենք դնում մեր հայ գործընկերների՝ իրենց ուղին ինքնուրույն որոշելու իրավունքը»,-TACC-ի փոխանցմամբ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հիշեցրել է՝ դե յուրե, Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։
«ՀԱՊԿ-ի աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի համար դռները բաց են, և մենք հույս ունենք, որ վաղ, թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,-ասել է Ուշակովը։
Նա նաև հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երեւանը զգուշացրել է, որ դեմ չէ հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։
Հիշեցնենք, Հայաստանը, ինչպես հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար։