«Գյումրու զարգացման տեմպն առնվազն 1 տարով հետընթաց գրանցեց». 2024 թ.-ի կառավարման ճգնաժամի հետևանքները | Region

«Գյումրու զարգացման տեմպն առնվազն 1 տարով հետընթաց գրանցեց». 2024 թ.-ի կառավարման ճգնաժամի հետևանքները

Հունվար 01,2025 13:00

2024 թվականը ինչով առանձնացավ Գյումրիում։ Հասարակական և քաղաքական գործիչների գնահատմամբ՝ ոչնչով, ավելին, քաղաքը մի շարք մարտահրավերների առջև է։

«Իսկ այդ մարտահրավերներն ու իշխանությունների արած քայլերը միմյանց համարժեք չեն»,- ասում է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը։ Ըստ նրա, իշխանությունները ոչ թե պետական, այլ նեղ, կուսակցական մտածելակերպ են որդեգրել։

«Կառավարման ճգնաժամ, բազմաթիվ խնդիրներ եղան Գյումրիում, ինչի հետևանքով սուբվենցիոն ծրագրերը ետ ընկան, քաղաքացիները քաղաքաշինությանը և այլ ոլորտներին առնչվող գործարքներ չկարողացան կատարել։ Միանշանակ, հետ ենք գնում և՛ երկրում, և՛ քաղաքում»,- կարծիք հայտնեց Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանը։

«Ի սկզբանե արհեստական էր, անկեղծ չէր «Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» կոալիցիայի ստեղծումը, ինչն էլ նման ավարտի հանգեցրեց։ Գյումրին կորցրեց զարգացման 1 տարի»,- համոզված է ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։

«Գյումրիում տնտեսական առումով որևէ նշանակալի իրադարձություն տեղի չունեցավ 2024-ին, որևէ արտադրական ձեռնարկություն չբացվեց։ Գյումրին դասվում է աշխարհի մահացող քաղաքների շարքին։ Աղքատության մակարդակի նվազում եթե կա էլ, ապա դա ոչ թե պետական քաղաքականության արդյունքում է, այլ քաղաքացիների վարկեր վերցնելու հաշվին է»,- ընդգծեց ազգագրագետ, էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը։

 

Նորություններ