«Արցախից բռնի տեղահանվածներին հավելյալ աջակցություն կտրամադրվի»․ Աննա Ժամակոչյան | Region

«Արցախից բռնի տեղահանվածներին հավելյալ աջակցություն կտրամադրվի»․ Աննա Ժամակոչյան

Մարտ 19,2025 16:18

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Արցախից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելու միջոցառման նախագիծը, քվեարկած արցախցիների 98%-ը դեմ է նախագծին։

Նախագծի հեղինակների խոսքով, այն նպատակ ունի Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրելու լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել իրենց առկա դժվարությունները: Նոր աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնք շարունակում են առերեսվել սոցիալ-տնտեսական խնդիրների հետ եւ չունեն այլ պետական կամ համայնքային բնակարանային ապահովության ծրագրերից օգտվելու հնարավորություն։

Աննա Ժամակոչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ներկայացնելով նախագծի մանրամասները, նշել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին անմիջապես ներառել են սոցիալական պաշտպանության համակարգի բոլոր բաղադրիչներում՝ առողջապահական, կրթական ծառայություններում, ինչպես նաև կենսաթոշակի համակարգում եւ նպաստների տրամադրման գործընթացում։ «Տարվա սկզբից նրանք արդեն սկսեցին կանոնավոր օգտվել այդ ծառայություններից։ 2023 թվականի ընթացքում սկսեցինք նաև միանվագ 100․000-ական դրամ օգնություն տրամադրել, շարունակեցինք 40․000 + 10․000 դրամ աջակցությամբ, որը մինչ հիմա շարունակվում է։ Անցյալ տարվա կեսերին Կառավարությունը հաստատեց բնակարանային ապահովության ծրագրերը, որի շրջանակներում սկսվեցին հավաքագրել դիմումները։ Եթե այս բոլոր օգնություններից հետո, լինեն ընտանիքներ, որոնք կմնան անապահով, ապա լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ»,- ասաց նախարարի տեղակալը հավելելով․ « Ուստի, մենք կազմեցինք ծրագիր, որը շուրջ 3000 ընտանիքի լրացուցիչ աջակցություն կլինի։ Սոցիալապես անապահով կհամարվեն այն ընտանիքները, որոնք կճանաչվեն անապահով ընտանեկան-սոցիալական գնահատման համակարգով։ 40․000 դրամին կից ընտանիքի ամեն անդամի հաշվով կավելանա ևս 10․000 դրամ», – Մեդիա կենտրոնում կայացած «Մտահոգություններ ԼՂ-ից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին հրատապ սոցաջակցության վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ  նշեց Աննա Ժամակոչյանը։

Լիաննա Պետրոսյան

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն, որը նույնպես ներկա էր քննարկմանը, ասաց, որ մեծամասնությունը դեմ է ներկայացված նախագծին։ «Նախագիծը, երբ դրվեց քննարկման, ես անձամբ հայտարարեցի, որ բոլորս պետք է դեմ լինենք։ Տեղահանվածները ոչ թե սպասում են լրացուցիչ աջակցությունների, այլ սպասում էին, որ 40+10-ի վերաբերյալ պետք է այլ հայտարարություն լիներ, այսինքն՝ այլ ծրագիր լիներ։ Մենք գիտենք, որ 40+10 ծրագրին փոխարինելու եկած 50+40+30 ծրագիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու բոլոր տեղահանվածներին։ Եթե ապրիլի 1-ից այս ծրագիրը բացառապես ուղղվելու է խոցելի խմբերին եւ լրացուցիչ, հրատապ աջակցությունը ևս, ապա 3000 ընտանիքից միայն մի քանիսը կլինեն այն ծրագրերի շահառու, որը շարունակվում է»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Արցախից տեղահանվածները բոյկոտել են նախագիծը, քանի որ մեծամասնությունը կարծում է, որ ավելորդ ծրագրերը չեն լուծի գլխավոր խնդիրը՝ բնակարանային հարցը․ «Արցախցի մարդիկ 98%-ով դեմ են նախագծին, քանի որ նրանք չեն ցանկանում շեղվել իրենց առաջնային խնդրից՝ բնակարանային ապահովումից»,- ընդգծեց նա։

Վլադիմիր Գրիգորյան

«Հայկի սերունդ» ՀԿ-ի փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը նույնպես միացել է քննադատություններին՝ նշելով, որ 100,000 մարդ կարող է հայտնվել առանց բնակարանային պայմանների։ «Բոլորը կողմ են, որ 40+10 ծրագիրը շարունակվի»,- ասաց նա։

Սակայն Աննա Ժամակոչյանը կրկին ընդգծեց, որ միայն անհրաժեշտության դեպքում, երբ ընտանիքները կճանաչվեն անապահով, կտրամադրվի լրացուցիչ աջակցություն։

Սյուզաննա Խառատյան

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ