Ֆինանսավորման ոչ վստահելի աղբյուրներ, ատելության խոսք, հնարավոր ընտրակաշառք, ընտրախախտումներին ընթացք չտալ․Գյումրիում քարոզարշավում արձանագրած խնդիրները

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչները, որոնք Գյումրիում արտահերթ ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ դիտորդական առաքելութուն են իրականացնում, բուն ընտրությունների օրը նույնպես իրականացնելու են, վստահեցնում են՝ ստացված բոլոր տեղեկություններն ու ահազանգերը մինչև հրապարակելը ստուգում են մի քանի աղբյուրներով, իսկ չհաստատված տեղեկությունները չեն հրապարակում՝ քարոզարշավի վրա անուղղակի ազդեցություն չունենալու համար:
Այսօր «Մեդիա Կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ականատեսի» ներկայացուցիչ Մարիամ Հովեյանն անդրադառնալով հավասարության սկզբունքի խախտմանն, ասաց, որ ընտրապայքարում կանայք համաչափ չեն ներգրավված, նաև հավելեց հանրային հեռարձակողի կողմից իշխանական թեկնածուի անհամաչափ լուսաբանումը:
«Մենք խնդիր ունենք նաև քաղաքական ուժերի ֆինանսավորման մասով, քանի որ ոչ բոլոր դեպքերում են հայտնի կամ վստահելի այն աղբյուրները, որոնցից նրանք ֆինանսավորվել են, կամ այն ծախսերը, որոնք արել են քարոզարշավի ընթացքում: Օրինակ՝ «Մայր Հայաստան» դաշինքի դեպքում ամբողջ նախընտրական հիմնադրամը ֆինանսավորվել է միայն թեկնածուների կողմից կատարված մուծումներից, առավելագույն սահմանված 500,000 դրամի չափով, բայց երբ համադրում ենք այս տվյալները թեկնածուների գույքի հայտարարագրի հետ, հասկանում ենք, որ նրանցից որոշները անգամ զբաղվածություն չունեն»,-ասաց նա։
Արձանագրված խնդիրներից մյուսն էլ այն է, որ շատ դեպքերում քաղաքական ուժերի կողմից շտաբային կամ գովազդային ծախսերը նշված չեն հաշվետվություններում:
Դիտորդական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ Լևոն Չուկակյանն էլ ներկայացրեց քարոոզարշավի ընթացքում ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման և ճնշումների դրսևորումները, նշեց՝ նախընտրական շրջանի մեկնարկից առաջ իշխանական թեկնածուին որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը մրցակցային առավելություն է տալիս ընտրություններում մյուս թեկնածուների նկատմամբ:
«Ընտրակաշառքների հետ կապված ահազանգեր չենք ստացել, սակայն տարբեր խոսակցություններ լսել ենք միջոցառումների ժամանակ մարդկանց ներգրավվելու համար, և սպասում ենք իրավապահ մարմինների կողմից հրապարակված ձայնագրությունների դեպքերի, և այդ առնչությամբ իրականացված ձերբակալությունների հետագա ընթացքին՝ հասկանալու, թե ի՞նչքանով են այդ դեպքերը համատարած»,- լրացրեց Չուկակյանը:
Դիտորդական առաքելության մեկ այլ ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանն էլ անդրադարձավ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններին․«Ձայնագրությունները, որ հրապարակվում են, ամբողջ գործի համատեքստից կտրված են, բավարար հնարավորություն չեն տալիս գնահատելու՝ տվյալ դեպքն ինչքանո՞վ է առնչվում տվյալ թեկնածուին, ինչքանո՞վ է բավարար հիմքեր ստեղծում մարդուն ձերբակալելու համար։ Հետևապես մենք ակնկալում ենք ավելի բաց մոտեցում քննչական մարմինների կողմից»։
Նա նշեց, որ նոր օրենսդրությամբ նախաքննության փուլն ավելի բաց է․ «Նախաքննության գաղտնիքը գործում է միայն քննիչի որոշման հիման վրա։ Այնպես որ բոլոր հնարավորությունները կան։ Իսկապես ողջամիտ հիմքերը միշտ էլ կան ենթադրելու, որ սա քաղաքական ճնշում է։ Ակնհայտ է, քանի որ քաղաքական գործընթաց է։ Այդ ենթադրությունները փարատելու համար պետք է գործել ավելի թափանցիկ»։
Հարցին՝ ընդդիմադիր թեկնածուներն ահազանգում են, որ համայնքի ղեկավարի ԺՊ, ՔՊ-ի քաղաքպետի թեկնածու Սարիկ Մինասյանն էլ փողոց էր ասֆալտապատել, իր ֆեյսբուքյան էջը լի է ասֆալտապատման մասին խոստումներով, ինչո՞ւ իրավապահները չեն զբաղվում այս գործով, Դավիթ Գյուրջյանը պատասխանեց՝ դա վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է․«Առնվազն ձեր նշած դեպքը քրեաիրավական բաղադրիչ չի պարունակում, որ ասենք՝ տվյալ հարցով պետք է ի սկզբանե զբաղվեր քննչական մարմինը»։
Դիտորդական աաքելության ներկայացուցիչները արձանագրում են, որ եղել են նաև դեպքեր, երբ իրավապահ մարմիների կողմից ընթացք չի տրվել որոշակի ընտրախախտումներին: Օրինակ՝ Ընտրական օրենսգիրքը արգելում է կրոնական կազմակերպությունների կողմից քարոզարշավի անցկացումը, բայց այս ընթացքում արձանագրվել է քարոզչության մի քանի դրվագ Շիրակի թեմի առաջնորդի կողմից: Արձանագրվել է նաև արտաքին միջամտության օրինակ, երբ ՌԴ պատգամավորները քարոզչություն են իրականացրել: Մեկ այլ դրվագ էլ ՔՊ-ի հետ սերտ առնչություն ունեցող լրատվականի կողմից անանուն, ենթադրաբար նաև կեղծ ու մանիպուլյատիվ հարցումների հրապարակումն է։
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաև առանձնացրեցին քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի կողմից հնչող ատելության խոսքն ու դրա տարածումը, նշելով՝ նմանատիպ խոսույթը դեմ է բարեվարք մրցապայքարի կանոններին:
«Մենք տեսնում ենք ձևով համամասնական, բայց բնույթով մեծամասնական ընտրություններ»,-ասաց Մարիամ Հովեյանը։
Նիկոլ Մարգարյան
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի