Մեկնարկում է օրգանական գյուղատնետսության անվճար դասընթաց սկսնակների և հմուտ ֆերմերների համար, որոնք մտադիր են զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ

«ԷԿՈԳԼՈԲ»-ի հիմնադիր Նունե Դարբինյանը նշում է՝ եթե սովորական գյուղատնտեսությունն առաջացնում է հողի, ջրի, օդի, բուսականության աղտոտում, ապա օրգանական գյուղատնտեսությունը չի վնասում կամ վտթարացնում շրջակա միջավայրը
Մի աշխարհում, որը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, հողի դեգրադացումը և ավելի առողջ սննդի աճող պահանջարկը, օրգանական գյուղատնտեսությունն առաջարկում է կենսունակ լուծումներ:
Ագրարարային համալսարանը և «Օրգանական Հայաստան» ասոցիացիան մեկնարկում են օրգանական գյուղատնետսության անվճար դասընթաց, որը կօգնի թե’ սկսնակներին, թե’ արդեն հմուտ ֆերմերներին զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ: Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 3-ն է:
ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնետսություն» մագիստրոսական կրթական ծրագրի պատասխանատու Սասուն Մամաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն կունենան պատկերացում կազմել օրգանական գյուղատնտեսության մասին, գուցե ապագայում էլ որոշեն դառնալ դիպլոմավորված մասնագետներ, որովհետև ամբողջ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գործում է «Օրգանական գյուղատնտեսություն» կրթական ծրագիրը:
«Աշխարհում շատ մեծ թափ է առնում առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, և բնապահպանական լուրջ խնդիրների դիմակայելու ենթատեքստում օրգանական գյուղատնտեսությունը նոր հնարավորություն է մարդկության համար պահպանելու այն, ինչ ունենք, և իրականացնել ռեսուրսախնայող գյուղատնտեսություն»,- նշեց Սասուն Մամաջանյանը` հավելելով, որ ոլորտում մասնագետների պակաս կա, նաև մասնավոր տնտեսությունների շրջանակներում:
Ինչպես նշեցինք` ամբողջ տարածաշրջանում միայն Հայաստանում` Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում արդեն մի քանի տարի է գործում է «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը մշակվել է Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանի աջակցությամբ:
Խոսելով ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին` Սասուն Մամաջանյանն ասաց. «Եթե մեր դիմորդները այս կրթական ծրագրով հետաքրքրվածներն իրենց պատկերացնում են ոլորտում, ապա իրենց հնարավորությունները չափազանց մեծ են, թե’ տեղական, թե’ միջազգային շուկայում։ Որովհետև կրթական ծրագիրը միջազգային է, համագործակցում ենք Վիեննայի «BOKU» համալսարանի հետ, որը եվրոպական առաջատար բուհերից մեկն է։ Չմոռանանք նաև, որ օրգանական գյուղատնտեսությունը շատ ճյուղավորված ոլորտներ ծածկող է, այստեղ կարելի է հասկանալ ոչ միայն հողագործություն, բուսաբուծություն, երկրագործություն, այստեղ կարելի է հասկանալ նաև մեղվաբուծություն, անասնաբուծություն, և դրանց տնտեսական ու սոցիալական ասպեկտներնը։ Որովհետև ինչպես միշտ նշում եմ՝ օրգանական գյուղատնտետսությունը մինչև գործելաոճը, մտածելակերպ է»:
Ագրարային համալսարանի և ծրագրի դասախոս, բույսերի պաշտպանության փորձագետ Մարգարիտա Տիգրանյանը, խոսելով անվճար դասընթացից, ասաց` ֆերմերների համար կարևոր է իմանալ բույսերի պաշտպանության օրգանական միջոցները` այգում ծագող վնասակար օրգանիզմների աճող քանակի կառավարման և կանխարգելման համար։ Օրգանական բույսերի պաշտպանությունն իրենից միայն օրգանական պատրաստուկների կիրառում չի ենթադրում։ Այն սկսվում է կենսաբազմազանության զարգացման համար այգում նպաստավոր միջավայր ստեղծելուց։ Օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող բույսերի պաշտպանության միջոցները հնարավորինս քիչ վնաս են հասցնում ոչ թիրախային օրգանիզմներին և ռիսկ չեն առաջացնում այգում երկրորդային վնասատուների ձևավորման համար։ Փոշոտող միջատները չեն տուժում պատրաստուկների կողմնակի ազդեցություններից։ Հակառակը` օրգանական միջոցառումներն ունեն գիշատիչների զարգացմանն ուղղված ռազմավարություններ:
Փորձագետը հորդորեց զգուշություն ցուցաբերել նաև ավանդական միջոցների և միջոցառումների հարցում՝ խորհուրդ տալով հսկել, որպեսզի պղնձային պատրաստուկների կիրառումների քանակը տարեկան կտրվածքով չգերազանցի սահմանված շեմը, ինչը եղավ նիկոտինային պատրաստուկների դեպքում, որի պատճառով վերջիններս այլևս թույլատրելի չեն, քանի որ առաջացնում են շրջակա միջավայրում կուտակումներ և վնասակար են մարդկանց, օգտակար օրգանիզմների համար:
2002 թվականին հիմնադրված օրգանական գյուղատնտեսությունը սերտիֆիկացնող ու հսկող կառույցի՝ «ԷԿՈԳԼՈԲ»-ի հիմնադիր Նունե Դարբինյանը մեզ հետ զրույցում ասաց՝ օրգանական գյուղատնտեսությունն իրենից ներկայացնում է ստանդարտների մի համակարգ, որը չի վատթարացնի շրջակա միջավայրը, բնական ռեսուրսները, ֆլորան, ֆաունան։ Սովորական գյուղատնտեսական պրակտիկան առաջացնում է հողի, ջրի, օդի, բուսականության աղտոտում, արտանետումներ և նպաստում է այդ միջավայրի վատթարացմանը:
Համաշխարհային մասշտաբով մարդկությունը և ՄԱԿ-ի անդամ երկրները հանգել են մի շարք բնապահպանական կոնվենցիաների ընդունման անհրաժեշտությանը, որոնք միտված են վերացնելու այդ բացասական հետևանքները:
Նունե Դարբինյանի խոսքով․«Եթե այս բոլոր կոնվենցիաների մասին խոսենք և դրանք դիտարկենք գյուղատնտեսական գործունեության տեսանկյունից՝ կտեսնենք, որ ներկա ինտենսիվ գյուղատնտեսությունը այս բոլոր կոնվենցիաների հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Մի կողմից` հողերի դեգրադացման է բերում, վնասում է բնական ռեսուրսներն ու ֆլորա, ֆաունան, իսկ մյուս կողմից՝ արտանետումների հետևանքով օդն է աղտոտվում, և տաքացում է տեղի ունենում։ Բոլոր պրակտիկաները ցույց են տալիս, որ օրգանական գյուղատնտեսության շրջանակում այս վնասը չի լինի»:
«ԷԿՈԳԼՈԲ» ընկերության տնօրեն Ֆիլիպ Աշիկյանն էլ նշեց․«Մեր դժվարությունները՝ մեր արտադրողի դժվարություններն են, որովհետև մեր ֆունկցիան նրանց համապատասխանությունը գնահատելն է այս կամ այն ստանդարտի հադնեպ»։
Նա նշեց, որ մինչև 2014 թվականը շատ մեծ վերելք էր օրգանական գյուղատնտեսության ոլորտում, մեծ հեռանկարներ կային, սակայն ԵԱՏՄ-ին միանալուց հետո վերելքը կանգնեց։
Բացատրելով անկման պատճառը՝ Աշիկյանն ասաց․«Ամբողջական պատկերի մեջ դիտարկելով` կարող եմ ասել, որ խնդիրը թե՛ գեոպոլիտիկ պայմաններն էին, թե պետության աջակցության բացակայությունը»:
Նշենք, որ եթե 2016 թվականին Հայաստանում օրգանական արտադրանք ստանալու համար մշակվում էր 6000 հեկտար տարածք, իսկ հիմա՝ 500-600 հեկտար։
2022-ին, կառավարությունը օրգանական գյուղատնտեսության պատասխանատու բաժին հիմնեց, Էկոնոմիկայի նախարարության կազմում։
Աշիկյանը նշեց, որ ուսումնասիրված չեն արտաքին շուկաները. «Ամեն արտադրող ինքն է ուսումնասիրում։ Նա, ով էնտուզիաստ էր ու շուկա է գտել, հաջողեց ու մնաց ոլորտում։ Ինչպես նաև պետությունը պետք է աջակցի, եթե տարանջատում է իր համար սովորական և օրգանական արտադրողին։ Եթե օրենք ենք ընդունել 2008 թվականին, նշանակում է տարանջատել ենք: Աջակցությունը կարող է դրդիչ ուժ հանդիսանալ, որպեսզի մարդը սովորական գյուղատնտեսությունից անցնի օրգանականի»:
Ոլորտի վրա նաև բացասաբար ազդեցին կեղծ մակնշումները, որոնց դեմ պայքարը սկսել է 3-4 տարի առաջ, մինչ այդ կարող էին օգտագործել էկոպիտակները և չպատժվել:
Աշիկյանն ասացմ որ «ԷԿՈԳԼՈԲ»-ը բանակցություններ է վարում 2008-ի գործող օրենքը լավարկելու շուրջ․«Որովհետև աշխարհը զարգացել է, շուկան զարգացել է, և օրենքն էլ պետքտ է ճկուն լինի, այսպիսով առաջարկում ենք հղում տալ «ՀՍՏ 370-2015 ազգային ստանդարտին», որը բավականին հարմոնիզացված է նաև միջազգային շուկաներին»: