Ռիսկ կա, որ Վարդան Ղուկասյանը եթե ազատության մեջ լինի, նորից կկատարի հանցանք․ հանրային մեղադրողը պնդում է, որ Ղուկասյանը մնա կալանքի տակ, նրա փաստաբանը պնդում է, որ սա քաղաքական պատվեր է | Region

Ռիսկ կա, որ Վարդան Ղուկասյանը եթե ազատության մեջ լինի, նորից կկատարի հանցանք․ հանրային մեղադրողը պնդում է, որ Ղուկասյանը մնա կալանքի տակ, նրա փաստաբանը պնդում է, որ սա քաղաքական պատվեր է

Դեկտեմբեր 17,2025 17:29

«Նախաքննության ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, և սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը՝ բացառությամբ մերձավոր ազգականների ու ընտանիքի անդամների։ Դատարանի կողմից արձանագրվել է, որ քրեական վարույթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարման հետ։ Իրավաբաններին քաջ հայտնի է, որ մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի փուլում, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ ավելի խորացված դիրքորոշումներ հայտնելու կամ այդ հարցի ավելի խորը վերլուծություն իրականացնելու անհրաժեշտություն առկա չէ։ Այս հանգամանքը արձանագրվել է նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, հետևաբար, ես գտնում եմ, որ մենք պետք է ընդամենը արձանագրենք, որ այո, քրեական գործում առկա փաստական տվյալները վկայում են հիմնավոր կասկածի առկայության մասին»,- Հակակոռուպցիոն դատարանում Գյումրիի քաղաքապետ վարդան Ղուկասյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հայտարարեց հանրային մեղադրողը։

Նա հայտարարեց, որ եթե գործի առնչությամբ դատարանը կայացնի ճիշտ որոշում, ապա դա ակամայից կդիտարվի որպես կողմնակալ վերաբերմունք, քանի որ առկա է մոտեցում, ըստ որի հիմնավոր կասկածը չպետք է քննության առարկա դառնա։

Խոսելով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերից, հանրային մեղադրողը նշեց․ «Առաջին ատյանի դատարանը վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը քննարկելու արդյունքում հանգել է այն հետևությանը, որ առկա է բարձր ռիսկային հավանականություն, որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում նորից կկատարի հանցանք»։

Նա ասաց, որ, թեև քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ արդեն հանձնվել է դատարան, բայց այս հանգամանքը իրենից չի ենթադրում իրավիճակի այնպիսի էական փոփոխություն, որով հնարավոր լինի փոխել խափանման միջոցը։ Հիմնավորեց․«Այս հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ արձանագրելու համար, որ նախկինում ընտրված խափանման միջոցի հիմքերը որևէ կերպ նվազել կամ զրոացվել են։ Իմ գնահատմամբ՝ ի հայտ չի եկել այնպիսի հանգամանք, ու ես շարունակում եմ պահպանել նախկինում արձանագրված հիմքերը՝ նույն ռիսկայնությամբ»։

Հանրային մեղադրողը միջնորդեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվի երեք ամսով։ Ըստ նրա՝ սա հենց այն ժամկետն է, որի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել ապացույցների բազայի սպառումը։ Նրա խոսքով՝ միայն ստացված տվյալները գնահատելուց հետո պետք է կրկին քննարկման առարկա դարձնել հարցն ու հանգել եզրակացությունների։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը հակադարձեց հանրային մեղադրողի այն պնդմանը, թե այլևս կարիք չկա վերադառնալ հիմնավոր կասկածին․ «Ես կարծում եմ, որ մեղադրողը հենց այնպես չի նշում, որ դրա կարիքը չկա։ Ակնհայտ է, որ այդ հիմնավոր կասկածը գոյություն չունի ու դա պարզ է նաև իրենց համար։ Եթե հիմնավոր կասկածը գոյություն ունենար, այս նախաձեռնությունները ավելի արագ տեղի կունենային՝ նույն քրեական հետապնդում սկսելը, վարույթ նախաձենելը և այլն»։

Վարդան Ղուկասյանի փաստբանը վստահեցնում է՝ իր պաշտպանյալի դեմ իրականացվող բոլոր գործողությունները բացահայտ քաղաքական պատվերի արդյունք են․«Առաջին իսկ օրվանից, երբ պարոն Ղուկասյանը մուտք է գործել Գյումրիի քաղաքապետարան,  իր նկատմամբ սկսվել են համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Այդ իսկ օրվանից մեզ համար ակնհայտ էր, որ սկսվել է պատվիրված քաղաքական հետապնդում, և այս բոլոր գործընթացները մենք դիարկում ենք հենց այդ տիրույթում, իջեցվել է քաղաքական պատվեր»։

Ելույթների ավարտից հետո դատավորը հայտարարեց, որ դատարանը անցնում է դռնփակ ռեժիմի՝ քննարկելու համար պաշտպանական կողմի ներկայսցրսծ միջնորդությունները։ Հայտարարվեց ընդմիջում։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է կաշառք  պահանջելուն ու ստանալուն։ Գյումրու քաղաքապետին վերագրվում է  4 միլիոն դրամ կաշառք ստանալու գործը, որին մասնակից են նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը։
Վադան Ղուկասյանը մեղքադրանքը չի ընդունում: Կալանքի տակ գտնվող Ղուկասյանը դատարանում հայտարարեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման:

Նիկոլ Մարգարյան

Նորություններ