Ադրբեջանից այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար տեսակի բենզին և դիզվառելիք է գալիս․ Պապոյան
Ադրբեջանից այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար տեսակի բենզին և դիզվառելիք է գալիս։ Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա նշել է, որ ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Sisha world ընկերությունը, որն ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդուն՝ Սամվել Մկրտչյանին է պատկանում:
« Մի քանի հազար տոննա վառելիք է գալիս։ Ու էլի, նախնական շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու։ Մոտակա օրերին այն կհասնի Հայաստան։ Դա արդեն չպետք է լինի սենսացիա»,-ասել է Պապոյանը:
Նախօրեին ադրբեջանական APA-ն էր տեղեկացրել էր, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։
Թե ինչպե՞ս են ընտրվում ընկերությունները, որոնք պետք է ադրբեջանական վառելիք ներկրեն, նախարարն այս հարցին ի պատասխան ասել է․ «Ես որևէ մեկին չեմ ընտրել, որևէ մեկին ընտրելու հնարավորություն չունեմ։ Եթե ընտրելու լինեի, բոլորին կընտրեի։ Պետք է մյուսներն էլ գնան բանակցեն կամ իրենց մատակարարների հետ, կամ այդ ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան բենզին բերել, որից շահողը մեր քաղաքացիներն են․․․ Ով ուզի, կարող է գնալ, բերել, ազատ է»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական SOCAR-ի արտադրած AI-95 բենզինի առաջին խմբաքանակը՝ 22 երկաթուղային վագոն, Հայաստան է ուղարկվել նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին։
