Փաշինյան․ «Ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորումներ են եղել»
«Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը պատրաստակամություն է հայտնել վաճառել նավթամթերք։ ՀՀ կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը, այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասելով՝ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնենք և այլն, մենք ասել ենք՝ կա նման հնարավորություն և երկու ընկերություններ Հայաստանից կապ են հաստատել»,-այս մասին այսօր կառավարության նօստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունենում Ադրբեջանից ՀՀ բենզինի ներկրումը, արդյոք միայն կոնկերտ ընկերություններ են ընտրվում, որոնք կարող են ադրբեջանական բենզին ներկրել։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից ՀՀ բենզինի երկրորդ խմբաքանակն է ներմուծվում Հայաստան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանից այս անգամ ոչ միայն պրեմիում, այլև ռեգուլյար տեսակի բենզին և դիզվառելիք է գալիս։ Նա նշել է, որ ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Sisha world ընկերությունը, որն ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ եղբորորդուն՝ Սամվել Մկրտչյանին է պատկանում:
Նիկոլ Փաշինյանը այսօրվա ճեպազրույցում ասաց, որ բենզինի առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորումներ են եղել․«Կային ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը ճիշտ էր։ Կարծում եմ, որ հիմա բոլորի համար հասկանալի կլինի, որ շուկան բաց է բոլորի համար, ով ուզի, կարող է դրանից օգտվել։ Որևէ այլ սահմանափակում չկա»։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի ապրանք ներմուծելով, վարչապետը պատասխանեց․«Հիմա նման պրոցեսներ կան։ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու ու գնելու հարցում են հետաքրքրված։ Գործընթացը գնում է, քննարկում կա, եթե նորություն լինի, կտեղեկացնենք։ Գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել»։
