«Պայմանավորվածությունները դեռևս չեն կատարվել, պետք է հասկանանք, թե ինչ կլինի գործնականում»․Փահլևանյանը Ախթալայի կոմբինատի և հանքափորների բանակցությունների մասին
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս չեն կատարվել: Գործատուն խոսք է տվել 15 օրվա ընթացքում գրավոր կերպով գրանցել բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվել են աշխատակիցների կողմից։ Այս մասին RegionsTV-ին փոխանցեց Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Էդուարդ Փահլևանյանը, ով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում մեկ ամսից ավելի տևած գործադուլի ամբողջ ընթացքում ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում՝ պաշտպանելով գործադուլավորների իրավունքները:
Հիշեցնենք, որ կոմբինատի մոտ 50 հանքափորներ հունվարի 16-ին գործադուլ հայտարարեցին, նրանք պահանջում էին աշխատավարձի 20% բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում: Գործադուլը դադարեցվեց երկու օր առաջ, Լոռու մարզպետարանում տեղի ունեցած բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են՝ անհատական պլանի կատարման դեպքում աշխատողները կստանան 20% հավելավճար։
Մեզ հետ զրույցում պարոն Փահլևանյանն ասաց, որ աշխատակիցները չեմ ուզում, որ կոմբինատը տուժի, հակառակը, իրենք ուզում են, որ այն շարունակի աշխատանքը, քանի որ դրա հնարավոր փակումը լուրջ սոցիալական հետևանքներ կունենա։ Փահլևանյանը հույս հայտնեց, որ իրենց ներկայացրած խնդիրները կլուծվեն մինչև մարտի կեսերը։ Նա հայտնեց, որ աշխատանքի համար անվտանգ պայմանների ապահովումը պետք է համարվի պարտադիր պայման, դրա ապահովումը գործատուի պարտավորությունն է․«Դրա շուրջ որևէ քննարկում և պայմանավորվածություն չկա»:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նա փոխանցեց․«Մենք հասկանում ենք, որ այս գործընթացը ժամանակ ու միջոցներ է պահանջում: Այս պահին մեր կողմից ընդունելի կլինի նաև այն, որ կնքվի կոլեկտիվ պայմանագիր: Պայմանավորվածության մեջ շեշտադրված է նաև այն տարբերակը, թե ի՞նչ կլինի, եթե նրանք չկարողանան միանգամից բարձրացնել աշխատավարձերը իրենց խոստացած չափով: Այդ դեպքում կվարձատրվեն այն լրացուցիչ աշխատանքները, որոնք այս պահին կատարվում են աշխատակիցները»:
Պարոն Փահլանյանը նշեց, որ անձամբ է հետևելու կատարվող գործընթացներին, քանի որ բոլոր դեպքերում չունի հարյուր տոկոսանոց վստահություն, որ գործատուն ամբողջովին կկատարի իր խոստումները. «Ճիշտ է, նրանք բանավոր կերպով ասել են, որ ամեն ինչ կանեն, բայց չեմ հավատում, որ կպահեն իրենց խոսքը: Դեռ պետք է հասկանանք, թե ինչ կլինի գործնականում: Մյուս կողմից էլ մենք դեռևս սպասում ենք ախատանքի և տեսչական մարմինների կատարած ստուգումների եզրակացություններին։ Դա ստանալուց հետո էլ մենք մեր ընդհանուր եզրակացությունը կանենք ու կպլանավորենք մեր հետագա քայլերը»:
Նիկոլ Մարգարյան
