Գյուղատնտեսական կոոպերատիվ՝ սահմանամերձ գյուղում | Region

Գյուղատնտեսական կոոպերատիվ՝ սահմանամերձ գյուղում

Հունիս 27,2024 11:35

Խնձորեսկցի Երվանդ Մալունցն ընկերների հետ գյուղատնտեսական կոոպերատիվ է հիմնել, և մեծ պատասխանատվություն վերցնելով իր վրա, գործի անցել սահմանամերձ գյուղում։ Մեկ տարի առաջ ՄԱԿ-ի պարենի համաշխարային ծրագրով՝ Գորիսի համայնքապետարանի հետ շենքն են կառուցել, բարերարների և մի շարք ծրագրերի շնորհիվ ձեռք բերել սարքավորումներ և տեխնիկա։ Թշնամու քթի տակ 24-ժամյա աշխատանքն արդյունք է տվել։ Մեկ տարի անց արդյունքը տեսանելի է։

Այսօր արդեն 6 տեսակի արտադրանք ունի կոոպերատիվը։ Ոլոռը, ոսպը, սիսեռը, հնդկաձավարը, լոբին ու հաճարի ձավարը էկո մեթոդներով աճեցնում են, մշակում, փաթեթավորում և վաճառում։ Կոոպերատիվի հնարավորությունները թույլ են տալիս մշակել ոչ միայն իրենց բերքը, այլև մթերել գյուղացիներից։

Անցած տարվա համեմատ, թիմն այս տարի գրանցել է բարձր ցուցանիշ՝ համագործակցելով 5 գյուղի հետ`մշակելով 90 հա հող։ Կոոպերատիվը նաև աշխատատեղերի հարց է լուծել։ Այժմ էլ գյուղացիներին Երևանի առաջատար մասնագետների աջակցությամբ տրամադրում է նաև մասնագիտական խորհրդատվություն։
Կոոպերատիվը նպատակ ունի տարեցտարի ներգրավել շատ ավելի մեծ թվով մարդկանց՝ փորձելով լուծել նաև տարածաշրջանում պարենային պաշարների անհրաժեշտ քանակի ապահովման խնդիրը:

Պատերազմի բովով անցած Երվանդ Մալունցը կոոպերատիվի նախագահն է: Նա շրջում է դաշտերում, ոգևորվում բերքի անգամ աննշան աճով, վայելում քրտնաջան աշխատանքի բերկրանքն ու դժվար փուլը համարում է հաղթահարված:

Նորություններ