Մարիա Զախարովա․ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները հակասում են ողջախոհությանը
Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի մասին հայտարարությունները հակասում են ողջախոհությանը։ Այս մասին երեկ Եվրասիական կանանց IV ֆորմում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական գագաթնաժողովում հայտարարել է․ «Մենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլեւ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար եւ ՀՀ հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար»։
Ռուսական TACC-ի փոխանցմամբ, Զախարովան արձագանքելով Փաշինյանին, ասել է․«Եթե ինչ-որ բան սպառնում է, մանավանդ ազգային անվտանգությանը, ապա ինչ իմաստ ունի, որ նա (նկատի ունի Հայաստանը) այնտեղ (նկատի ունի ՀԱՊԿ-ը) դեռ մնում են այնտեղ»։
Զախարովայի խոսքով՝ պետական գործիչները հենց դրա համար էլ օժտված են լիազորություններով, հենց դրա համար էլ ժողովուրդը նրանց իշխանություն է տալիս, որպեսզի նրանք իրենց պատասխանատվությամբ պահեն և հայտարարություններ անեն՝ ելնելով ժողովրդի կամքից և երկրի շահերից․ Պետք է այս ամենը ձեւակերպել եւ հայտնել վերաբերմունքը կազմակերպության նկատմամբ, որն իրեն դրսեւորել է չափազանց պատասխանատու ու արժանապատիվ անդամ երկրների նկատմամբ»։
Սեպտեմբերի 18-ին Փաշինյանի հայտարարություններին պատասխանել է նաեւ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա ասել է՝ Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի ինքնիշխանությանը։