«Կարենն անցյալ տարի հոկտեմբերի 7-ին զանգել է ընկերուհուն, ասել, որ Շուշիում է, իր հետ չորս հոգի էլ կա»․Ստեփանակերտի մոտ ողբերգական պայթյունից հետո անհետ կորածի հարազատ | Region

«Կարենն անցյալ տարի հոկտեմբերի 7-ին զանգել է ընկերուհուն, ասել, որ Շուշիում է, իր հետ չորս հոգի էլ կա»․Ստեփանակերտի մոտ ողբերգական պայթյունից հետո անհետ կորածի հարազատ

Սեպտեմբեր 25,2024 18:45

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ այսօր բողոքի ցույց էին անում անհետ կորած մեր հայրենակիցների հարազատները։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին բենզինի   պայթյունի հետևանքով 219 քաղաքացի է զեհվել, 300-ից ավելին վիրավորվել։

Պայթյունից հետո  22-ն անհետ կորած են։ Այսօր նրանց հարազատները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեցին, որ ՀՀ-ում բոլոր հնարավոր կառույցներին դիմել են, սակայն արդեն մեկ տարի է՝ որեւէ առաջընթաց չկա։

Նրանք հայտարարեցին, որ այս օրերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում  տարբեր երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ են հավաքված, այդ թվում՝ ՀՀ-ից, սակայն անհետ կորածների եւ գերեվարվածների հարցին ոչ ոք չանդրադարձավ։

Ցույցի կազմակերպիչներից մեկը պնդեց, որ անհետ կորածների հարազատներից ոմանք վստահ են, որ պայթունից հետո իրենց տղաներին Աղդամի հոսպիտալ են տարել։

«Պայթյունից մեկ տարի է անցել, ոչ մի լուր չունեմ ամուսնուցս՝ Սամվելից, ինչպես նաեւ անհետ կորած մյուս 21 տղաներից լուր չունենք։ Բոլորի համար ԴՆԹ թեստ է արվել, ոչ մեկի հետ համընկում չի եղել, մարմինները չկան, երեք մարմին կա, որեւէ մեկի հետ չեն համընկնում։ Մենք եզրակացնում ենք, որ ադրբեջանցիների մարմիններ են։ Մի տարի է՝ երեխեքին խաբում ենք, ասում՝ պապան գործի է, վաղը գալու է։ Ամուսինս, վստահ եմ, ողջ է, հերթում իր հետ կանգնածները ողջ են, իր հետ կանգնած մի տղա  ընդամենը ձեռքերից է թեեւ վիրավորվել։

Անհետ կորածներից մեկը՝ Կարենը անցյալ տարի հոկտեմբերի յոթին զանգել է ընկերուհուն ու ասել, որ  Շուշիում է, իր հետ չորս հոգի էլ կա, ոտքերից են վիրավորված։ Այս հարցով կարմի խաչին են դիմել, ԱԱԾ-ին, ոչ մի արձագանք,  մինչ օրս զանգը չի բացահայտվել։ ԱԱԾ-ն ասում է՝ տենց զանգ չի երեւում, փակ համարից է եղել զանգը»,-պատմեց ցույցի մասնակիցներից մեկը

Նա դժգոհեց, որ իրավապահ մարմինները անգործություն են դրսևորում, ոչինչ չեն անում, չնայած վստահեցնում են, թե աշխատանքներ են տանում։

«Իմ երեխան ոչ մի կարգավիճակ չունի, մանկապարտեզ չեն ընդունում, նա չի համարվում առաջնահերթ երեխա, թոշակի համար դիմել եմ սոցապ, ասել են՝ ամուսնուդ մահացած ճանաչի, որպեսզի նպաստ ստանաս։ Ստիպում են մահացած ճանաչենք, իրենք էլ գործը փակեն»։

Ցույցի մեկ այլ մասնակից էլ պատմեց, որ անցայլ տարի սեպտեմբերի 19-ից Արցախում դիրքերից մեկից անհետացել են 15 զիվորականներ, մինչ օրս նրանցից որևէ տեղեկություն չկա․ «Ամեն տեղ դիմել ենք, խնդրում ենք մի քիչ աշխատեն, որ մեր տղաների, ամուսինների ճակատագրերը պարզվեն։ ԴՆԹ-ները չեն համընկել։ Դի չկա,   կարող է գերի են ընկել»։

Նրանք վստահեցրին, որ դիմել են Կարմիր խաչի գրասենյակ, այստեղից վստահեցրել են․«Իշխանությունը պետք է զբաղվի։ Մենք մեր կոլեգաներին տվել ենք տվյալները, ոչ մի լուր չեն տվել այնտեղից»։

Կանայք ասացին, որ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում են խնդրել, սակայն այստեղից էլ արձագանք չկա։

«ՄԱԿ-ից պահանջում ենք մի կողմ դնել իրենց քաղաքական, տնտեսական, էներգետիկ շահերը եւ առաջնորդվեն հումանիտար խնդրով։ ՄԱԿ-ը կարող է հենց այսօր էլ բանաձեւ ընդունել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց կիրառելու, որպեսզի գերեվարված մեր տղաներին վերադարձնի, համագործակցի անհետ կորածների հարցով»,-հայտարարեցին ցույցի մասնակիցները։

ՄԱԿ-ի գրասենյակից ավելի ուշ հայտնեցին, որ վաղը հարազատներից մի քանիսին կընդունեն։

Նրանք վրդովված են, ասացին, այս հրեշավոր պայթյունի մեկ տարին է այսօր, սակայն իշխանությունից որեւէ ցավակցական խոսք չի հնչել։

Նորություններ