Եթե զանգեն ու ներկայանան բանկի աշխատող, շահավետ աշխատանք առաջարկեն ու պահանջեն ձեր բանկային քարտի թվերը, ապա զգուշացեք՝ հնարավոր է կիբերհանցագործի զոհ դառնաք | Region

Եթե զանգեն ու ներկայանան բանկի աշխատող, շահավետ աշխատանք առաջարկեն ու պահանջեն ձեր բանկային քարտի թվերը, ապա զգուշացեք՝ հնարավոր է կիբերհանցագործի զոհ դառնաք

Հոկտեմբեր 22,2024 16:05

Վերջին 4 տարիներին կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների, խարդախությունների դեպքերը զգալի աճել են, մեր քաղաքացիներն ավելի ու ավելի հաճախ են դառնում նման հանցագործությունների զոհ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը նշեց՝ եթե 2019, 2020 թվականներին Հայաստանում տարեկան արձանագրվում էր միջինը 300 դեպք, ապա հաջորդող տարիներին այդ ցուցանիշը 800-ը գերազանցել է։ Նրա խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների 1158, 2023 թվականին 1198 դեպք։ Այս տարվա 8 ամսում արդեն 752 դեպք է գրանցվել։

Սրանք ոստիկանության արձանագրած դեպքերն են, մինչդեռ, ինչպես ասաց Մկրտչյանը, կիբերհանցագործությունը մեծ լատենտայնություն ունի, շատերը սոցիալական տիրույթում ֆինանսական հափշտակությունների զոհ են դառնում, բայց չեն դիմում իրավապահներին։

Մկրտչյանի ներկայացմամբ՝ ամբողջ աշխարհում կիբեր տիրույթում  հափշտակությունների զգալի աճ նկատվեց հիմնականում 2020 թվականից հետո,  կորոնավիրուսի համաճարակի շրջանում մի շարք աշխատանքներ տեղափոխվեցին առցանց տիրույթ, ու նոր տեխնոլոգիաների համակցությունը, օրինակ՝ արհեստական բանականությունը  հնարավորություն տվեց հանցագործներին է՛լ ավելի թիրախավորել քաղաքացիների և է՛լ ավելի շատ գումարներ հափշտակել․«Մեր առօրյայում որքան տեխնոլոգիաները շատանում են, որքան մեր կենցաղում շատ ենք օգտագործում տարբեր տեխնիկական միջոցներ, այդքան հավանականությունը մեծանում է, որ կարող ենք թիրախավորվել հանցագործների կողմից, մեր ֆինանսական միջոցները կարող են հայտնվել հանցագործների թիրախում»։
Վերլուծելով վերջին 2 տարում արձանագրված հանցագործությունները, Մկրտչյանն ասաց, որ առավել շատ են տարբեր ֆինանսական շուկաներում ներդրումային խարդախությունները․« Տարբեր գովազդների միջոցով մեր քաղաքացիներին հորդորում են, շահագրգռում են տարբեր հարթակներում ներդրումներ կատարել՝ խոստանալով դրամական մեծ շահույթներ, քաղաքացիներն էլ հավատում են ու դառնում հանցագործության զոհ։ Նույնը՝ կրիպտոարժույթի ոլորտում։ Տելեգրամյան տարբեր հարթակներում տարբեր գովազդներ էին տեղադրում, մեր քաղաքացիներին հաղորդագրություններ էին ուղարկում,  որ Արաբական Միացիալ էմիրություններում առկա են տարբեր կրիպտո ընկերություններ, որտեղ ներդրում անելով ամսական մեծ, նույնիսկ գերշահույթ կստանաք։ Սակայն դա հանցագործների ստեղծածն էր ու մեր քաղաքացինեչից շատերը դրա զոհն են դարձել»։

Նա ասաց, որ նախկինում բավականին շատ էին դեպքերը, երբ մեր քաղաքացիներին զանգում էին ու ներկայանում տարբեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցներ, քաղաքացինեչրից պահանջում էին տրամադրել բջջային հեռախոսին եկած կոդն ու դրանով հասանելիություն էին ունենում տվյալ քաղաքացու օնլայն-բանկինգին ու հափշտակում հաշվի գումարը կամ ձևակերպում նոր վարկեր ու դա էլ հափշտակում․« Այս տեսակ հանցագործությունը, վերջին մի քանի ամիսների վերլուծությամբ, համեմատաբար նվազել են»։

Մկտրչյանն ասաց, որ վերջին շրջանում քաղաքացիներին ներդրումներ կատարելու առաջարկներ են անում՝ օգտագործելով ինչ որ հայտնի մարդկանց նկարները․«Եթե մոտ 4 տարի առաջ ներդրումային կեղծ գործարքները դրսևորվում էին սոցիալական ցանցերում, ասենք Ֆեյսբուքում զուտ հաղորդագրությունների տեսքով, ապա ներկայում հանցագործներն օգտագործում են հենց արհեստական բանականության հնարավորությունները՝ կեղծում են ձայնը, արտաքինը, նույնիսկ կարողանում են շուրթերի շարժումը ներդաշնակեցնել բառերին, պատրաստում են հայտնի մարդկանց կերպարով տեսանյութեր, կայքեր, շրջանառում են այդ տեսանյութն ու հորդորում ներդրումներ կատարել, այս կամ այն ապրանքը գնել՝ մարդկանց գցելով ծուղակը։ Ոմանք հավատում են ու դառնում հանցագործության զոհ»։

Նա ասաց, որ հանցագործներն արհեստական բանականության օգնությամբ նույնիսկ ոստիկանության աշխատակցի կերպարով են տեսանյութ պատրաստել ու քաղաքացիներին հորդորում վճարել, որպեսզի խարդախությունները բացահայտվեն։

Մկրտչյանն ասաց, որ դեպք է եղել, երբ քաղաքացիներից մեկը կատարել է 100 հազար դոլարը գերազանցող ներդրում՝ մտածելով, որ կարճ ժամանակահատվածում մեծ գումար կաշխատի։

Կիբեր տիրույթում ամենատարածված հանցագործությունը ներդրումային խարդախություններն են, հաջորդը՝ «ֆիշինգային» եղանակով բանկային հաշվի գումար հափշտակելն է․«Քաղաքացիներին SMS հաղորդագրությունով ասում են ծանրոց ունի, ուղարկում են Հայփոստի հղումներ, քաղաքացիներն էլ առանց ճշտելու՝ ունեն, թե չունեն ծանրոց, մուտքագրում են բանկային քարտի տվյալներն ու դառնում հանցագործության զոհ»։  Մեկ այլ տեսակի խարդախություն էլ կա՝ տելեգրամով կամ վաթսափով տարբեր շահավետ աշխատանքի առաջարկներ են անում ու տարբեր հանձնարարություն տալիս, ասում են՝ յութուբ ալիքում դիտեք իքս քանակի տեսանյութեր՝ իրենց ուղարկածը, ասում՝ գրեք մեկնաբանություններ ու ցույց են տալիս, թե քաղաքացին դա անելով որոշակի գումար է կուտակել․«Այս գումարը ստանալու համար քաղաքացուն հղում են ուղարկում, որպեսզի մուտքագրի իր բանկային քրատի թվերը, սա անելով քաղաքացին կորցնում է իր գումարը»։ Սա 2024-ին բավականին տարածում ունեցավ։

Մկրտչյանը դիմեց քաղաքացիներին՝ հիշեք, ոչինչ չանելով կարճ ժամանակում մեծ գումարներ չեն աշխատում, ուշադիր եղեք և մի տրվեք այդ գայթակղությանը․«Եթե զանգում են ու ասում, թե իբր բանկից է և բջջային համարին եկած կոդն է անհրաժեշտ, ապա ոչ մի դեպքում չպետք է տրամադրել։ Անհրաժեշտ է անձամբ զանգել բանկ ու ճշտել»։

 

Նորություններ