«Շնորհակալություն վարչապետին»․մի շարք առանցքային պաշտոնյաներ հրաժարական ներկայացնելու մասին են հայտարարում | Region

«Շնորհակալություն վարչապետին»․մի շարք առանցքային պաշտոնյաներ հրաժարական ներկայացնելու մասին են հայտարարում

Նոյեմբեր 18,2024 14:27

Երեկվանից շրջանառվող լուրերը հաստատվեցին, մի շարք պաշտոնյաներ հրաժարական են տվել ու շնորհակալություն հայտնել վարչապետին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը  հրաժարականի դիմում է  ներկայացրել։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Բադասյանի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը  է տարածել։

«Այսօր ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում»,-նշված է հայտարարության մեջ։

Բադասյանն իր հայտարարությունում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ բոլոր գործընկերներին, հարկ վճարողներին՝ այս տարիների համատեղ աշխատանքի համար։

«Առանձնահատուկ շնորհակալություն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին, վստահ եմ, որ կշարունակեք ՊԵԿ ինստիտուցիոնալ կայացման գործը, կամրապնդեք միջազգային համագործակցությունը, կոռուպցիոն երևույթներին հակազդման մեր ձեռնարկած քայլերը, կներդնեք հարկ վճարողներին սպասարկման նորանոր գործիքներ»,-ասել է ՊԵԿ արդեն նախկին նախագահը։

Երեկ կեսգիշերին մոտ մամուլը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում էր, որ հրաժարականի դիմումներ են գրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս հայտարություն է տարածել․« Եկել է պահը հայտնելու ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից»։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հայտարարություն է  տարածել․«․․․ այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Իմ պաշտոնավարման 3-ից ավել տարիները լի էին բազմաթիվ մարտահրավերներով։ Բացի բուն աշխատանքը՝ գրեթե ամենօրյա ռեժիմով բախվել ենք չնախատեսված, չպլանավորված և հրատապ լուծում պահանջող խնդիրներ։ ․․․ Չի եղել աշխատաքային շաբաթ, որ որևէ մարզում չլինեմ։․․․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգը շատ բարդ է, աշխատանքի ծավալը՝ ահռելի։

Այս 3 տարիների ընթացքում աշխատել եմ ուժերի գերլարումով՝ ի նպաստ մեր պետության և ժողովրդի։

Լիահույս եմ, որ նախարարության համակարգման ներքո գտնվող կարևորագույն ոլորտներն այսուհետ էլ կկառավարվեն նույնքան սրտացավորեն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Հետևում թողնում եմ կատարված հսկայածավալ աշխատանք, ուստի հեռանում եմ հանգիստ և խաղաղ»։

Սանոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և հնարավորության համար, փոխվարչապետերին, գործընկեր նախարարներին,  մարզպետներին, ՏԻՄ ղեկավարներին, միջազգային ու տեղական գործընկերներին, ՏԿԵՆ աշխատակազմին։

Վահե Ղազարյանը նույնպես Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում է ներիկայացրել։  Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, Ղազարյանը հրաժարականի մասին հայտարարությունում գրել է․  «Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման։․․․ Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են»։

Նա նույնպես շնորհակալություն է հայտնել վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնը վստահելու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարականի մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա, սակայն նա այսօր  ArmLur.am –ի հետ զրույցում հաստատել է, որ ազատման դիմում է գրել։

Նորություններ