Թրամփի օրոք շատ ավելի քիչ աջակցություն կլինի Հայաստանի անվտանգությանն ու Հայաստանի՝ Արևմուտքին ինտեգրելու ծրագրերին․ Ֆիլիպ Գամաղելյան
Լուսանկարը՝ Ֆիլիպ Գամաղելյանի՝ Х-ի միկրոբլոգից
Սյունիքի վրա Ադրբեջանի հարձակումը քիչ հավանական է, քանի որ Բաքուն հասկանում է, որ դա չի ողջունվի միջազգային հանրության կողմից
Նոյեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն կարելի է սպասել Թրամփից, ի՞նչ որոշումներ են կայացնելու Հանրապետականները հատկապես հակամարտությունների գոտիներում, ինչպիսի՞ն են լինելու ռուս-ամերիկյան հարաբերությունները։ REGIONSTV-ի հետ զրույցում այս հարցերին է անդրադառնում Սան Դիեգոյի համալսարանի Կրոք դպրոցի Peace Studies-ի դասախոս, «Imagine» կոնֆլիկտների փոխակերպման կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Գամաղելյանը։
–Պարոն Գամագելյան, Թրամփի օրոք ի՞նչ կարող ենք ակնկալել ԱՄՆ արտաքին քաղաքականությունից։
Ընդհանրապես, նախընտրական քարոզարշավի ընթացքում արտաքին քաղաքականությունը առաջնահերթություն չէր։ Exit poll-ը ցույց է տվել, որ մարդկանց միայն չորս տոկոսն է հետաքրքված եղել արտաքին քաղաքականությունով: Ներքին քաղաքականությունն էր առաջին տեղում, արդյունքում նախագահի թեկնածուները հաճախ չէին խոսում այդ մասին։ Դատելով Թրամփի կառավարման առաջին ժամկետից և նրա սակավաթիվ հայտարարություններից, ինձ թվում է, որ նա մտադիր է ավելի շատ «մեկուսացված» քաղաքականություն վարել, ուստի նա ավելի քիչ ներգրավված կլինի ժողովրդավարության խթանմանը, կլիմայի փոփոխության նվազեցման ծրագրերում։ Աշխարհի խնդիրները շատ ավելի գործնական կդառնան։ Միգուցե ամերիկյան ավանդական դաշնակիցների նկատմամբ արտոնյալ վերաբերմունքը անհրաժեշտ չլինի, և գաղափարախոսությունը, ավտորիտարիզմը կամ նույնիսկ այլ առաջնորդների բռնապետությունը խոչընդոտ չեն լինի հարաբերությունների համար: Այսպիսով, կլինեն հսկայական փոփոխություններ:
–Ինչպես հայտնի է՝ Թրամփն իր պաշտոնավարման առաջին ժամկետում դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից, Իսրայելում ամերիկյան դեսպանատունը տեղափոխեց Երուսաղեմ և ղեկավարեց իրանցի գեներալի՝ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը: Կարո՞ղ ենք ակնկալել, որ Իրանի նկատմամբ վերաբերմունքն ավելի թշնամական կդառնա հունվարին Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:
-Կարծում եմ՝ այո, և ես վախենում եմ դրանից: Ինչ-որ առումով Իրանը դարձել է հեշտ թիրախ: Կարծում եմ, որ մինչ Սոլեյմանիի մահը՝ Թրամփի նախագահության առաջին օրերին, թվում էր, թե Իրանը ահեղ և վտանգավոր հակառակորդ է, բայց Իրանը իրականում չարձագանքեց նրա սպանությանը, իսկ հետո Իսրայելը մի շարք ուղիղ հարձակումներ իրականացրեց Իրանի վրա, որոնց ԱՄՆ-ն ուղղակի կամ անուղղակի աջակցում է: Եվ կրկին, Իրանի կողմից լուրջ արձագանք գրեթե չեղավ։ Սա խոսում է Իրանի ռազմական թուլության եւ, թերեւս, քաղաքական թուլության մասին։ Կարծում եմ՝ այս առումով Իրանը հեշտ թիրախ է, և ես ակնկալում եմ, որ Թրամփը ընդհանրապես կհրաժարվի միջազգային միջամտություններից՝ ինստիտուցիոնալ առումով։ Բայց միևնույն ժամանակ ես չեմ զարմանա, եթե Թրամփը որոշ տեղերում կփորձի ցույցադրել անձնական ուժ, այդ թվում՝ բռնի գործողությունների միջոցով։
Չինաստանի և Ռուսաստանի համեմատ Իրանը հեշտ թիրախ է թվում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Թրամփից մեծ էսկալացիա պետք չէ սպասել։ Ես չեմ զարմանա, եթե ԱՄՆ-ն իրականում հարձակվի իրանական միջուկային օբյեկտների վրա, եթե Իրանը մոտենա միջուկային զենք ստեղծելուն։ Իրանը բավական հեռու է ԱՄՆ-ից, Իսրայելը, հավանաբար, կաջակցի, քանի որ ԱՄՆ-ի դաշնակիցն է տարածաշրջանում, և նման գործողություններն, իրականում, կուժեղացնեն Թրամփի, որպես ուժեղ մարդու, համբավը, որը նա փորձում է նախագծել առանց լրացուցիչ ներդրումների: Այնպես որ, կարծում եմ, որ միջուկային էսկալացիայի լուրջ վտանգ կա
– Ի՞նչ կարող է տալ Թրամփի հաղթանակը Հայաստանին։ Ձեր կարծիքով, Թրամփի օրոք Ամերիկան ինչպե՞ս կազդի Հայաստանի և երկրի անվտանգության վրա։
-Սկսենք Իրանից. Այսպես՝ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները չափազանց վտանգավոր են Հայաստանի համար։ Հայաստանը կարող է ԱՄՆ կառավարությանը ցույց տալ, որ Իրանի հետ Հայաստանի լավ և բարեկամական հարաբերությունները, նաև պատժամիջոցներ չկիրառելն անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանը շատ խոցելի է, արտաքին աշխարհի հետ կապող երկու ճանապարհներից մեկն Իրանն է։ Ես չգիտեմ՝ արդյոք Թրամփի վարչակազմը սրան կմոտենա ըմբռնումով, ինչպես արել են ԱՄՆ նախկին իշխանությունները, դա դեռ պետք է պարզել։ Ընդհանուր առմամբ, ես ակնկալում եմ ամերիկյան զորքերի, ներդրումների լուրջ դուրբերում ամբողջ աշխարհով մեկ, բայց, հավանաբար, ավելի նկատելի դուրսբերում Հարավային Կովկասից։ Շատ ավելի քիչ աջակցություն կլինի Վրաստանի ժողովրդավարացմանը, Հայաստանի անվտանգությանը կամ Հայաստանին Արևմուտքին ինտեգրելու ծրագրերին։ Միևնույն ժամանակ, Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Հայաստանի և հայերի մասին, և հուսով եմ, որ գոնե ԱՄՆ-ում նրան հիշեցնում են իր խոստումը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծմանը։
-Թրամփը նաև հայտարարել, որ հենց ինքը կարող է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։ Թրամփն իսկապե՞ս շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ։
– Ոչ, ես վստահ չեմ, որ նա շահագրգռված է խաղաղությամբ կամ հակամարտությամբ, որպես այդպիսին։ Իրականում, կարծում եմ, որ նա ընդհանրապես չի հետաքրքրվում Հարավային Կովկասով: Դատելով նրա կառավարման առաջին ժամկետից՝ տարածաշրջանը նրա վարչակազմի համար անհետացել է քարտեզից։ Այնուամենայնիվ, Թրամփը վերջերս մի քանի արտահայտություն է արել՝ նպատակ ունենալով առաջին հերթին դիմել հայ ընտրողներին, քանի որ նա փորձում է հայերին պահել իր կողմում։ Թվում է, թե որոշ հայեր ԱՄՆ-ում, հատկապես Կալիֆորնիայում, ավելի շատ հակված են դեպի Թրամփը կամ Հանրապետական կուսակցությունը։ Արդյունքում սա կարող է ուշադրություն հրավիրել Հարավային Կովկասի վրա, սրանից ավելին, ես արտաքին քաղաքական հետաքրքրություն այս տարածաշրջանում չեմ ակնկալում։
-2020 թվականին Թրամփի առաջին նախագահության ժամանակ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմը։ Ինչպե՞ս էր Միացյալ Նահանգները վերաբերվում Հայաստանին պատերազմի ժամանակ և դրանից հետո։ ԱՄՆ-ն որևէ աջակցություն առաջարկե՞լ է Հայաստանին։
-Միանշանակ ոչ Թրամփի վարչակազմը։ Մինչեւ 2020 թվականը ԱՄՆ-ը բանակցություններում գլխավոր մասնակիցներից մեկն էր, բայց հետո մի կողմ քաշվեց։ Բանակցություններում ոչ ֆորմալ առումով ներկա էր ԱՄՆ-ը, սակայն Թրամփը, ըստ էության, ոչինչ չարեց բանակցություններին աջակցելու առումով։ Պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը շատ պասիվ էր։ Պատերազմի ժամանակ հրադադարի շուրջ բանակցությունների երեք-չորս հանդիպումներից մեկը՝ ԱՄՆ-ում էր։ Մեկ հանդիպում նախաձեռնել է Ֆրանսիան, մեկը՝ Ռուսաստանը, և մեկը՝ Միացյալ Նահանգները, ուստի Թրամփի վարչակազմը մեկ փորձ արեց, և դա միջամտելու և հրադադարի շուրջ համաձայնության գալու շատ մեղմ փորձ էր։ Ոչինչ չստացվեց։ Լուծում չկար։ Ի վերջո, ինչպես գիտենք, Ռուսաստանը համաձայնեց դադարեցնել պատերազմը և Թուրքիայի հետ համագործակցությամբ խաղաղապահներ ուղարկեց՝ փաստացի ստեղծելով համատեղ ռազմական հսկիչ կետ։ Այսպիսով, հենց այս ժամանակ էր, որ կարծես թե ԱՄՆ-ն ամբողջությամբ դուրս մղվեց Հարավային Կովկասից, դա տեղի է ունեցել հենց Թրամփի օրոք։ Ավելի ուշ, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, և Բայդենը ստանձնեց նախագահի պաշտոնը, Միացյալ Նահանգները շատ վճռականորեն վերականգնեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Դուք կարող եք հստակ տարբերություն տեսնել Բայդենի և Թրամփի գործողությունների միջև։ Ի դեպ, Օբաման, ինչպես և Թրամփը, շատ ավելի քիչ էր հետաքրքրված այս տարածաշրջանով, և հենց նա էր նախաձեռնել այդ միտումը, Թրամփը շարունակեց այն, իսկ Բայդենը վերականգնեց ԱՄՆ ներկայությունը Հարավային Կովկասում։
-Ինչպիսի՞ն էին Թրամփի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ նախագահության իր առաջին ժամկետի ընթացքում:
-Հարաբերությունները շատ ավելի ջերմ են եղել մի քանի հարցերի շուրջ, և պարտադիր չէ, որ դրանք արտաքին քաղաքականության տեսանկյունից լինեին, ավելի շատ բիզնեսի տեսանկյունից, հատկապես երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին: Թրամփը որոշ անձնական կապեր ուներ ադրբեջանցի որոշ օլիգարխների և գործարարների հետ։
-Կարծիք կա, որ ընտրություններում Թրամփի հաղթանակը Ալիևի համար Հայաստանի վրա հետագա ճնշում գործադրելու հնարավորություն է, օրինակ՝ հարձակում Սյունիքի մարզի վրա և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գրավում։ Համաձա՞յն եք, որ նման սցենարը հնարավոր է։
-Անձամբ ես համաձայն չեմ։ Այս պահին դա քիչ հավանական եմ համարում, բայց չէի բացառի այդ հնարավորությունը: Այս պահին դրանք ուղղակի շահարկումներ են։ Կարծում եմ, որ Ալիևի շահերից է բխում հետագա էսկալացիայից և նոր ճգնաժամի առաջացումից խուսափելը, որը ստիպված կլինի հաղթահարել: Կարևոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղը, ԱՄՆ-ի և միջազգային հանրության տեսանկյունից, եղել է Ադրբեջանի մաս։ Սյունիքի մարզի վրա հարձակումը բոլորովին այլ խնդիր է՝ դա, ըստ էության, մի պետության բացահայտ հարձակում է այլ պետության վրա, որը կարող է պատասխան գործողություններ հրահրել, և հնարավոր չի լինի մի կողմ քաշված մնալ։ Կարծում եմ, որ սա հավանաբար չի ողջունվի, քանի որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, եւ կարծում եմ, որ Բաքուն հասկանում է, որ բարդ իրավիճակում կհայտնվի։ Ադրբեջանը կարող է ներխուժել, բայց եթե գրավում ես ուրիշի տարածքը, դառնում ես օկուպանտ։ Այո, այս մասին խոսակցություններ կան, բայց ես դրանք ավելի շատ հռետորաբանություն եմ համարում, քան իրական արտաքին քաղաքականություն Բաքվի կողմից… Իմ կարծիքով, Բաքվի համար թերությունները գերազանցում են առավելություններին։ Իմ գնահատմամբ՝ նման զարգացումը քիչ հավանական է, բայց, ես չէի բացառի նման զարգացումը՝ հաշվի առնելով, որ ոչ ոք չէր ենթադրում, որ Ռուսաստանը կփորձի բռնակցել Ուկրաինան։
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները, ի՞նչ պետք է անի Հայաստանը Թրամփի օրոք։
Փաշինյանն առաջին երկրների ղեկավարներից էր, որն անմիջապես շնորհավորեց Թրամփին։ Նա խոսեց համագործակցության ընդլայնման մասին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը հարաբերությունները բարելավելու քայլեր է անում։ Դեսպանը և պետական այլ պաշտոնյաներ պետք է ակտիվ շփվեն Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ։ Ես կասեի, որ միգուցե վերջին տարիներին բավականաչափ չեն արել։ Այո, նրանք շատ լավ հարաբերություններ են կառուցել դեմոկրատական վարչակազմի հետ, ինչը շատ գովելի է: Դրանք իսկապես օգնեցին բարձրացնել Հայաստանի դիրքերը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ Բայդենի վարչակազմի օրոք: Հայաստանի ղեկավարությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը, հասկանա ԱՄՆ նոր վարչակազմի առաջնահերթությունները և վերականգնի հարաբերությունները Հանրապետական կուսակցության հետ։
Քրիստոֆեր Քրոուսըն