«Հայտարարագիրը հարկային դաշտ կբերի նրանց, ովքեր 5-10 տարի առաջվանից գոյություն ունեցող օրենքով պարտավոր էին հարկ վճարել, բայց չեն վճարել»․Փաշինյան

Սոցիալապես խոցելի խավի համար համընդհանուր հայտարարագիրը լրացուցիչ հարկային բեռ չի ավելացնում
Համընդհանուր հայտարարագրման համակարգը որեւէ պարագայում չի կարող լրացուցիչ որեւէ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել սոցիալապես խոցելի խավի համար: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքի որեւէ փոփոխություն․«Այն, ինչ հարկային օրենսդրությամբ պետք է հարկվեր համակարգի ներդրումից առաջ, նույնկերպ պետք է հարկվի համակարգի ներդրումից հետո»:
Համակարգն, ինչպես ասաց Փաշինյանը, այս տարիը վերաբերում է միայն վարձու աշխատողներին, եթե մարդը չի աշխատում, ապա ինքը այս տարի չի լրացնելու հայտարարագիր:
«Մենք մոդելավորում ենք արել, թե արդյոք նվազագույն աշխտավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որը լինի 100 հազարից ավելի, որ նա կարողանա հետ ստանալ կրթական ու առողջապահական ծախսերի համար: Պատասխանն է՝ այո: Այսինքն նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է հետ ստանալ տարեկան 100 հազար դրամ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով այն ծախսերը, որի դեպքում քաղաքացին կարող է հետ ստանալ այդ գումարը: Օրինակ՝ առողջապահական կամ կրթական ծախսերը։
Նա ասաց, որ կան դեպքեր, երբ հայտարարագրումով քաղաքացու համար առաջանում է հարկային պարտավորություն․«Դրանք այն դեպքերն են, որ 30 տարի միշտ էլ դրա համար պետք է հարկ վճարեր, բայց քաղաքացին չի վճարել։ Համընդհանուր հայտարարագիրը հարկային դաշտ կբերի միայն այն մարդկանց, որոնք օրենքով 5-10 տարի առաջվանից գոյություն ունեցող օրենքով պարտավոր էին հարկ վճարել, բայց չեն վճարել»: