«Ինչղօր անապատը կանգնած էղնիս, պետությունը գա ջուր ուզե»․ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկումը չգոհացրեց գյումրեցի տնտեսվարողներին | Region

«Ինչղօր անապատը կանգնած էղնիս, պետությունը գա ջուր ուզե»․ՊԵԿ ներկայացուցիչների հետ քննարկումը չգոհացրեց գյումրեցի տնտեսվարողներին

Մարտ 04,2025 22:47

Շիրակի մարզպետն շրջանառության հարկի կրկնակի բարձրացման մասին ասում է՝ «օրենքը հետ ողորմյա չի կռնա էղնի»

ՊԵԿ ներկայացուցիչների ու Գյումրու մի խումբ տնտեսվարողների այսօրվա հանդիպումից տնտեսվարողների ակնկալիքները չարդարացան, նույնիսկ՝ խորը հիասթափություն ապրեցին։

Գյումրու կենտրոնական շուկայի տարածքի 2 տոնավաճառների տնտեսվարողները՝ առետրով զբաղվողները երեկ գործադուլ էին արել, միացել էին մայրաքաղաքում անցկացվող բողոքի ցույցին։

Հունվարի 1-ից ուժի մտած օրենսդրական փոփոխությունն, ըստ որի շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, հազարավոր փոքր ու միջին ձեռներեցների դժգոհությունն է հարուցել։

Գյումրու տոնավաճառներների առևտրականների  համար նաև խնդիր է փաստաթղթավորմամբ աշխատելու պահանջը, որի դեպքում, ըստ օրենքի, հարկման շեմը կնվազի։

Մարզպետարանում հանդիպում-քննարկման ժամանակ առևտրականները հայտարարեցին՝ այս օրենք գրողները չեն պատկերացնում այն նրբությունները, որոնք առաջ են գալիս բիզնեսը կառավարելիս։ Նրանց խոսքով՝ իրենք ապրանքը «նիսյա», այսինքն ապառիկով  են տալիս, մեծ խմբաքանակով են բերում՝ միջից խոտան է դուրս գալիս, կամ տարիներով չի վաճառվում, այսպես ասած,  իրենց վրա է մնում։ Ի՞նչ պիտի անեն այս դեպքերում, եթե պետությունը վճարվող հարկը կրկնակի բարձրացնում է։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի դիտարկմամբ՝ առևտրականների հիմնական խնդիրը ճիշտ թղթաբանություն իրականացնել է  ու փաստաթղթավորված աշխատելը։ Ըստ մարզպետի ու առևտրականների, մեծածախ վաճառքով զբաղվողները հիմնականում հաշիվ-ապրանքագրերը չեն տալիս, ինչն էլ  խոչընդոտում է փաստաթղթավորված աշխատելուն։

Փոքր և միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիայի Շիրակի մարզի տնօրեն Կարեն Ավագյանի խոսքով՝ շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելը վերաբերում է նաև վարսավիրանոցներին, արտադրություններին, փոքր ծառայություն մատուցողներին, որոնք, իսկապես կրկնակի ավելի հարկ են վճարելու։

«Ենթադրենք, 20 տոկոս եկամտաբերության բիզնես է, և  80 դրամով բերած ապրանքը վաճառում է 100 դրամով։ Ստացավ էդ եկամուտը, և եթե դուք 10 տոկոս գանձում եք ամբողջ շրջանառությունից, ստացվում է 50/50, այսինքն դուք էդ մարդու եկամտի ոչ թե 10 տոկոսն եք տանում, այլ  ուղիղ 50 տոկոսը, եթե տնտեսվարողը փաստաթղթավորում չի ապահովում»,- ասաց Կարեն Ավագյանը։

Շիրակի մարզպետն էլ ասաց՝ բոլորս պիտի հասկանանք, որ եթե 10․000 դրամ  շահույթ ես ստանում, պիտի 1000 դրամը տաս պետությանը․« Ժողովուրդ ջան, եթե մանկավարժը, բանվորը, բժիշկը, բուժքույրը 20-25 տոկոս հարկ է վճարում պետությանը, ապա 10 տոկոս հարկ վճարելը մեր սոցիալական պատասխանատվությունն ու պարտավորությունն է պետության հանդեպ։ Այլ  հարց է, որ թղթաբանության խնդիրը կա։ Ու եթե 8000 դրամով տնտեսվարողը կոշիկ է գնել, 10․000-ով վաճառել  է, ու իր եկամուտը կազմել  է 2000 դրամ, ապա, քանի որ էդ փաստաթուղթը չկա, ինքը էդ 10․000 դրամից պիտի 10 տոկոսը հարկ վճարի, եթե իհարկե, ծախսագրումներ չի արել։ Այսինքն, ճիշտ կստացվի ձեր ասածը, որ եկամուտը 2000 էր, 1000-ը գնաց հարկ»։

ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Լեռնիկ Հարությունյանն էլ պարզաբանեց՝ հունվարի 1-ից առևտրական գործունեությամբ զբաղվողների համար 5 տոկոս շրջանառության հարկը դարձավ 10 տոկոս, բայց միևնույն ժամանակ հնարավորություն կա շրջանառության հարկի գումարից նվազեցում  կատարել․«Մինչ օրենքի փոփոխությունը, տնտեսվարողը կարող էր շրջանառության հարկի գումարի մինչև 4 տոկոսը  նվազեցնել , բայց  միայն ապրանքի ձեռքբերման արժեքից։ Հիմա այդ նվազեցումը կարող է վերաբերվել  նաև խանութի վարձակալությանը, ապրանքի տեղափոխման ծախսերին և այլն։ Ու այդ նվազեցումը կարող է կազմել  ընդհանուր ծախսերի 9,5  տոկոսը։ Արդյունքում, հարկերը կարող են 10 տոկոսից նվազեցվել  մինչև 1 տոկոս։ Իհարկե, սա փաստաթղթավորված աշխատելու դեպքում»։

«Վարչարարությունը էս պահին նորից խստացվել  է։ Եթե չփաստագրված, չգույքագրված ապրանք վաճառենք, ապա էդ ամբողջ հաշվետվությունները ներկայացնողից էդ ապրանքների 20 տոկոսի չափով տուգանք է գանձվելու, նախկինում  դա չկար»,- հակադարձեց Կարեն Ավագյանը։

«Հստակ ձեզ ասեմ, օրենքը ընդունված է, ինչ մեխանիզմով էլ  առաջ էրթանք, էդ օրենքը հետ ողորմյա չի կռնա էղնի»,- ասաց մարզպետը, ու հակադարձեց  Կարեն Ավագյանի այն դիտարկմանը, թե մի անգամ 2014 թվին օրենքի հետ փոփոխություն տեղի ունեցել է։

Մարզպետն ասաց՝ օրենքն արդեն ուժի մեջ է, ու հիշեցրեց, որ վեց  ամսով էլ անցումային ժամանակաշրջան է սահմանվել։

Հիշեցնենք, որ վերջերս կառավարությունն որոշում ընդունեց, վեց ամսով արտոնութուն սահմանել, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները։

Մարզպետն առաջարկեց քննարկել ոչ թե օրենքի ճիշտ կամ սխալ լինելը, այլ՝ օրենքի մասին պարզաբանումներ լինեն․«Քրիստոնյայի ու աթեիստի բանավեճը կդառնա մերը, դու մինչև խորքը համոզված ես, որ օրենքը սխալ է, մենք մինչև խորքը համոզված ենք, որ օրենքը ճիշտ է։ Էս մարդկանց խնդիրը չի լուծե ըդիկ։ Գուզենք  4 օր ստեղ մնանք, դուք մեզի չեք համոզե, որ օրենքը սխալ է, մենք էլ ձեզի չենք համոզե, որ օրենքը ճիշտ է»։

Առևտրականները դժգոհեցին՝ հունվարից մինչև մայիս հագուստի շուկայում առևտուրը կանգնած է,  ու այդ  ընթացքում նման փոփոխություններ է անում կառավարությունը։

«Ինչղօր անապատը կանգնած էղնիս, պետությունը գա ջուր ուզե։ Չկա»,- համեմատությունը առևտրականներից մեկինն է։

ՊԵԿ ներկայացուցիչների պարզաբանումներից պարզ դարձավ, որ մինչև 2025 թվականը ձեռք բերված ապրանքներն անգամ հարկվելու են 10 տոկոսով, եթե չփաստաթղթավորվեն։

Ըստ առևտրականների, այս փոփոխություններից հետո, ստվերը կմեծանա, որովհետև մեծածախ շուկայում փաստաթուղթ չեն տա։

Առևտրականները նաև դժգոհեցին՝  անկանխիկ՝ քարտով ապրանք վաճառելու դեպքում բանկերն ավտոմատ տոկոսներ են պահում։

Մարզպետի ներկայացմամբ՝ եթե հարկերը չավելանան, ապա փողոց չի ասֆալտապատվի, երեխաները դպրոց, մանկապարտեզ չեն կարողանա գնալ, անվճար բուժօգնություն  չեն կարող ստանալ, կամ էլ թոշակավորվել։ Ու շեշտեց՝ վճարվելիք հարկերը պետությունը պահելու գինն է։

«Ընչի՞,  հարկերը բդի բարձրցնե՞ն, որ Պոլիգոն թաղամասի փողոցներն ասֆալտեն»,-հարցրեց ներկաներից մեկը, բայց պատասխան չստացավ։

Կարինե Կազարովա

Նորություններ