Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին
Մասյացոտնի թեմի (Արարատի մարզ) առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) դատի է տվել Մայր Աթոռին։
Նա Մայր Աթոռից պահանջում է անվավեր ճանաչել Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հայցը մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանին
Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ պաշտոնից ազատվել է հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնազրկման մասին որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․«Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։
