«Լավրովի հայտարարությունը բացահայտ միջամտություն է ՀՀ-ի ներքին գործերին: ՀՀ իշխանավորներն այդքան խոհեմություն և կամք չունեն, որպեսզի համաչափ պատասխան տան»․ Լևոն Բարսեղյան
«Լավրովն իր այդ հայտարարությամբ պաշտպանում է յուրայիններին, ու դա հասկանալի է, նա պաշտպանում է «կայսրության» շահերը: Նրա կողմից արված ցանկացած քայլ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության է»,-մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման վերաբերյալ արված հայտարարությունը RegionsTV-ի հետ զրույցում ասաց Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Վարդան Ղուկասյանի կալանավորմանն, ասելով, որ Վարդան Ղուկասյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, և կալանավորել նրան քաղաքական հայացքները արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»։
Լավրովը նաև հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ համագործակցության ամրապնդմամբ հանդես եկող քաղաքական գործիչները հետապնդման չեն ենթարկվի։
Հիշեցնենք նաև, որ Վարդան Ղուկասյանն, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, կալանավորվել է կաշառք պահանջելու-ստանալու գործով։
Ընդ որում, նրա փաստաբանը դեռ նախորդ տարեվերջին հայտնել է, որ Ղուկասյանի՝ ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերի վերաբերյալ գործը կկարճվի։
Լևոն Բարսեղյանը նկատեց, որ Լավրովին հարց տվողն էլ իր հարցի մեջ քաղաքական հետապնդման էլեմենտներ է դրել․«Այսինքն՝ Լավրովի պատասխանը պետք է լսենք հարցի հետ համատեղ, հասկանալով նաև հարցի ուղղորդումը»:
Ըստ Բարսեղյանի՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը հակառակ ազդեցությունն է ունեցել.«Նրա ընկալումն այն է, որ Վարդան Ղուկասյանը քաղաքական հալածանքների է ենթարկվում: Նա իր խելքով փորձեց օգնել Ղուկասյանին, բայց կարծում եմ վնաս տվեց: Նրա նմանը չի կարող ՀՀ-ի շահերից խոսել, դա ավելի քան պարզ է»:
Սերգեյ Լավրովի այս քայլը, մեր զրուցակիցը համարում է բացահայտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին, ինչը պետք է հստակ արձագանք ստանար։
Բարսեղյանը գտնում է, որ ՀՀ արտգործնախարարությունը արդեն այսօր պետք է հրավիրեր ՌԴ դեսպանին, բողոքի նոտա բարձրացներ․«ու քշեր նրան դեսպանատնից՝ բացատրելով, որ չի կարելի խառնվել որևէ երկրի ներքին գործերին: ՌԴ-ն թող փորձի հիշել գեթ մեկ օրինակ, երբ Նավալնու, կամ մեկ ուրիշի հարցով Հայաստանի իշխանավորները կարծիք հայտնած լինեին: Ցավոք ՀՀ իշխանություններն այդքան խոհեմություն և կամք չունեն, որպեսզի ճշգրիտ ու համաչափ քաղաքական պատասխան տան»:
Նիկոլ Մարգարյան
