Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմումն արդեն ներկայացրել է | Region

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարականի դիմումն արդեն ներկայացրել է

Հոկտեմբեր 28,2024 14:25

Գյումրու քաղաքապետարանից ստացված REGIONS TV-ի հավաստի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու նրա տեղակալ Լուսինե Սանոյանն արդեն պաշտոններից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել: Քաղաքապետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հիմնականում հրաժարվելու են պաշտոններից:

«Բալասանյան» դաշինքի ավագանու 14 անդամները ևս մանդատները վայր են դնում: Գյումրու թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը REGIONS TV-ին հայտնեց, որ  հանձնաժողովը ժամը 13 անց 30-ի դրությամբ, այս մասին  արձանագրությունը դեռ չի ստացել: Ըստ նրա, ընտրական օրենսգրքի համաձայն, ավագանու անդամները մանդատներից հրաժարվելու դիմումները ներկայացնելու են համայնքի ղեկավարին: Ու քանի որ համայնքի ղեկավարը նույնպես ավագանու անդամ է, ապա ստացվում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ավագանու իր մանդատը վայր դնելու մասին դիմում ինքն իրեն պետք է ներկայացնի: Այս մասին արձանագրությունն էլ  ներկայացնելու է տարածքային հանձնաժողով:

Ըստ Տիգրան Ղազարյանի, եթե ավագանու բոլոր 14 անդամներն էլ մանդատները վայր դնեն, ապա 2021 թվականի «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակում կմնա միայն մեկը, ով Հայաստանի Հանրապետությունում չէ և գործող ավագանու կազմում էլ չէ: Բայց նրան տարածքային հանձնաժողովը մանդատ տրամադրելու է:

Իսկ հետագայում,  այս հրաժարականներից հետո, Գյումրու ավագանին, արդեն մնացած կազմով,  հնարավորություն ունի 2 անգամ նիստ գումարել ու ավագանու անդամներից ընտրել համայնքի ղեկավար: Եթե այդ ընտրությունը չկայանա, ապա ավագանին օրենքի ուժով կլուծարվի, որից հետո, ըստ Տիգրան Ղազարյանի, նոր ընտրություններ կհայտարարվի, բայց մինչ ընտրությունները, կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Օրեր առաջ RegionsTV-ն հայտնել էր «Բալասանյան» դաշինքի՝ մանդատները վայր դնելու մասին։

Հիեշեցնենք, որ մինչ դաշինքի՝ մանդատներից հրաժարվելու այս որոշումը  ձերբակալվել ապա գրավով  ազատվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին։ Սամվել Բալասանյանի (ԱՄՆ-ում է գտնվում)եւ նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված  Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարման առթիվ։ Խաչատուր Բալասանյանի ձերբակալման օրը Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները հոկտեմբերի 11-ի նիստին չէին ներկայացել, ուստի նիստը չէր կայացել։

Նորություններ