Վրաստանի ընդդիմությունը մտադիր է վիճարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները բոլոր ընտրատեղամասերում․ երկրի նախագահը հրավիրվել է դատախազություն՝ հարցաքննության
Վրաստանի ընդդիմությունը մտադիր է վիճարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները բոլոր ընտրատեղամասերում՝ քվեաթերթիկների որակի պատճառով։
Վրաստանի «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Թամար Կորձայան հայտարարել է, որ կոալիցիան ունի տեսաապացույցներ, որտեղ երևում է, որ ընտրական հանձնաժողովի անդամները ընտրողներին նախապես ասում են, որ քվեաթերթիկի հետևի մասում տեսանելի կլինի, թե ում օգտին են քվեարկել։
Նրա խոսքով՝ այս խախտումը տոտալ և զանգվածային էր։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կորձայան նաև կոչ է արել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիին խոստովանել, որ քվեաթերթիկի հետևի մասում առկա շրջանակի վրա ընտրողները ներկել են ընտրություններում քվեարկելիս․«Դուք բոլորին սովորեցրել եք, որ քվեաթերթիկը պետք է շրջել, բայց նույնիսկ շրջելիս կարելի է տեսնել, թե ում օգտին է քվեարկում ընտրողը, ինչը խաթարում է քվեարկության գաղտնիությունը»։
Վրաստանի ընդդիմությունն ու դիտորդները հայտարարում են, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում տեղի են ունեցել համատարած ընտրակեղծիքներ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրակեղծիքներին անդրադառնալիս, ասել է՝ ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»-ը։
Վրաստանի դատախազությունը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հարցման հիման վրա քննություն է սկսվել խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման փաստով։ Վրաստանի նախագահը հրավիրվել է դատախազություն՝ հարցաքննության։
Միջազգային դիտորդները այդ ընտրությունների մասին եզրակացություն են տվել՝ Վրաստանում ընտրություններն անցել են ահաբեկումներով, համատարած ճնշումներով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ասել է՝ Վրաստանում տեղի ունեցած ընտրություններն աչքի են ընկել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով, ընտրողների նկատմամբ ահաբեկումներով ու պարտադրանքներով։
Այս ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» ստացել է ձայների մեծամասնությունը, ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Փորձագետներն ու վրաց ընդդիմությունը պնդում են, թե Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած քաղաքական ուժի՝ «Վրացական երազանքի» հաղթանակն ընդունելը, նույնն է, թե ճանաչել Ռուսաստանի ներխուժումը Վրաստան կամ Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։