«Վրացական երազանք»-ի հաշվարկն այն է, որ Թրամփը կկարողանա փոխել բացասական միտումը, որը ձևավորվել է Թբիլիսի-արևմուտք հարաբերություններում»․ Ջոնի Մելիքյան | Region

«Վրացական երազանք»-ի հաշվարկն այն է, որ Թրամփը կկարողանա փոխել բացասական միտումը, որը ձևավորվել է Թբիլիսի-արևմուտք հարաբերություններում»․ Ջոնի Մելիքյան

Դեկտեմբեր 08,2024 14:45

 Վրաստանում տիրող իրավիճակը վերլուծելով՝ փորձագետը կարծում է, որ դա պարզապես ԵՄ ու ՌԴ-ի միջև ընտրություն չէ, այլ՝ ներքաղաքական պայքարի խնդիր։ Այս առումով, Վրաստանի՝ Արևմուտքից ցանկացած հեռացում, հարաբերությունների ցանկացած վատթարացում և տարածաշրջանում ազդեցության մակարդակի նվազում կհանգեցնի Հարավային Կովկասում Վրաստանի դիրքերի թուլացմանը, և դա, իհարկե, կազդի ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկայի վրա։

Արդեն 10-րդ օրն է, ինչ Թբիլիսիում և Վրաստանի այլ խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների  դադարեցման իշխանության որոշման դեմ։

Ազատության և եվրոպական ապագայի համար պայքարող վրացիները բախվում են դաժան ահաբեկչության և բռնաճնշումների: Փողոցներում շարունակվում են հանրահավաքները, առևանգումները, ծեծը, ապօրինի  խուզարկություններն ու ձերբակալությունները։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործում, հատուկ ջոկատայինները ցույցի ժամանակ հետապնդում են ցուցարարներին՝ բերման ենթարկելով  բառացիորեն բոլոր նրանց, ում հասցնում են բռնել։ Այնուամենայնիվ, նկատենք, որ որ բողոքի ցույցի ակտիվությունը, նույնիսկ լարվածության մակարդակի նվազման դեպքում, դեռևս զգալի է:

«Սկզբունքորեն արդեն կարելի է ասել, որ այս փուլում Վրաստանում հանրահավաքները, բողոքի ակցիաների և դրանց նկատմամբ արձագանքների առանձնահատուկ ակտիվությունն ու ագրեսիվությունը նվազում են»,- REGIONSTV-ի հետ զրույցում ասաց «Օբրելի» կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը՝ վերլուծելով Վրաստանում իրավիճակը։

Նրա խոսքով՝ իհարկե, դա չի նշանակում, որ ցույցերն ամբողջությամբ անկում են ապրելու, բայց, այնուամենայնիվ, որոշակի ժամանակաշրջան արդեն անցել է․«Խորհրդարանը նվազեցրել է մուտքի և ելքի հսկողության մակարդակը՝ ցույց տալով, որ իշխանությունները այս պահին լուրջ խնդիրներ չեն ակնկալում: Այն ամենը, ինչ կատարվում է հիմա, կարելի է ասել, գնում է դեպի կայունացում, թեև բողոքի ցույցերը, բնականաբար, շարունակվելու են տարբեր ձևերով։ Ինձ թվում է, որ ներկա իրողություններում այս գործողությունները ոչնչի չեն հանգեցնի։  Իշխանությունները շարունակում են աշխատել և նախապատրաստվել նախագահական ընտրություններին։ Մյուս կողմից, ընդդիմությունը փորձեց իր վերահսկողության տակ առնել դժգոհ ընտրազանգվածն ու բողոքի ցույցերը, չնայած, որ առաջին օրերին գրեթե բոլոր ցույցերն ինքնակազմակերպված էին և որևէ կերպ կապված չէին ընդդիմության և նրա գործողությունների հետ։ Սակայն, վերջին մի քանի օրերին ընդդիմությունը փորձում է նախաձեռնող լինել, բայց ես չէի ասի, որ հիմա նրանց համար ինչ-որ բան կարող է լրջորեն փոխվել։ Ներկա իրողություններում իշխանությունները կանեն իրենց գործը, իսկ ընդդիմությունը կզբաղվի բողոքի ցույցերով։ Բայց ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել»։

Անդրադառնալով առաջիկայում Վրաստանի նախագահի ընտրություններում իշխող «Վրացական երազանք»-ից առաջդրված  Միխեիլ Կավելաշվիլիի  թեկնածությանը, Ջոնի Մելիքյանն ասաց՝ այս պահի դրությամբ խորհրդարանում մանդատների թիվը և, հետևաբար, ընտրողների թիվը, ովքեր կմասնակցեն ընտրություններին այս քվոտայով, ավելի շատ են, քան մյուսներինը․ «Դեկտեմբերի 14-ին, 300 ընտրողների խորհրդի քվեարկության հիման վրա իշխող  կուսակցության թիմի մաս կազմող թեկնածու Կավելաշվիլին ձայների ճնշող մեծամասնությամբ կընտրվի Վրաստանի նախագահ և կստանձնի իր պաշտոնը դեկտեմբերի վերջին»։

Նրա կարծիքով՝  նախագահի ընտրությունների ժամանակ և դրանցից հետո հնարավոր է բողոքի ցույցերի որոշ ակտիվացումներ։

Փորձագետը, գնահատելով հարևան երկրում իրադարձությունների հետագա զարգացումը, ասաց՝  ընդդիմությունը շարունակելու է բողոքի ցույցերը, բայց, ներկա իրողություններում դրանք կարծես թե ոչնչի չեն հանգեցնի։

Մելիքյանի կարծիքով՝ Վրաստանի կառավարությունը նախագահական ընտրություններ կանցկացնի, տարին կփակվի, և կսպասի, որ Թրամփը գա Սպիտակ տուն, քանի որ «Վրացական երազանքը» դրական ակնկալիքներ ունի Թրամփից։

Քաղաքագետի խոսքով՝ իրենք փորձելու են հարաբերություններ կառուցել ԱՄՆ նոր վարչակազմի հետ, ինչը նույնպես կարող է դրական ազդեցություն ունենալ ապագայում, եթե ԱՄՆ-ը պատրաստ լինի վերականգնել հարաբերությունները ԵՄ անդամ որոշ երկրների հետ․«Կոպիտ ասած՝ «Վրացական երազանք»-ի հաշվարկն այն է, որ Թրամփը կկարողանա փոխել բացասական միտումը, որը ձևավորվել է Թբիլիսիի և արևմտյան գործընկերների միջև»։

Հարցին՝ Վրաստանի իրավիճակի վատթարացումը որքանո՞վ է վտանգ ներկայացնում տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար, քաղաքագետը նշեց, որ ներկա իրադրությունում Հայաստանի համար որևէ խնդիր չկա․«Իհարկե, իրավիճակի անկառավարելիությունն ու բողքի փողոցային պայքարը եթե վերածվեն առճակատման ու քաղաքացիական պատերազմի, դա Հայաստանի համար խնդրահարույց կլինի։ Բայց այսօր ես նման սցենարների իրականացում չեմ տեսնում։ Սակայն, մյուս կողմից, Հայաստանի համար շատ կարևոր է, որ Վրաստանի ներսում լինի կայունություն, որպեսզի փողոցներում ընթացող քաղաքական գործընթացները տեղափոխվեն երկրի օրենսդիր մարմին և զարգանան սահմանադրորեն կառուցողական ուղղությամբ։ Մնացածը տեխնիկայի հարց է»։

Տարածաշրջանային փորձագետը նկատեց, որ Վրաստանի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ կրիտիկական են։

«Զելենսկին առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդների դեմ։ Շատերը քննադատում են վրացական իշխանություններին, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է իր ռազմավարական գործընկերությունը։ Սակայն, ինչպես ասացի, ակնկալիքը, որ Բայդենի վարչակազմը, որն այսօր նույնպես շատ կոշտ է Վրաստանի նկատմամբ, կհեռանա, և ի դեմս Սպիտակ տան՝ Թրամփի գլխավորությամբ կգա ավելի կառուցողական վարչակազմ, «Վրացական երազանք»-ի ամենամեծ հաշվարկն է։ Բացի այդ, «Վրացական երազանք»-ն ունի  համախոհներ ԵՄ անդամ որոշ երկրներում՝ Սլովակիան, Հունգարիան և մի շարք այլ պետություններ, որոնք նույնպես դեմ չեն Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Բայց դրա համար ժամանակ է պետք՝ մի քանի ամիս»,- նշեց Մելիքյանը։

Մելիքյանի դիտարկմամբ՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես ներքաղաքական ճգնաժամ է , որը նաև երեսպատվել է Արևմուտք-Ռուսաստան առճակատմամբ։ «Բրյուսելն ակնկալում էր, որ Թբիլիսին իր արտաքին քաղաքականությում ավելի շատ կվարվի երկրի կարգավիճակին համապատասխան՝ ձգտելով ԵՄ-ին։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է նշել, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների սկսելուց առաջ, ինչին ժամանակին Վրաստանին մերժել էին և հետաձգել, դրվել էր 9 նախապայման։ Դրանցից մեկը՝ Վրաստանի արտաքին քաղաքականությունը  ԵՄ արտաքին պաշտպանական քաղաքականությանը համապատասխանեցնել էր, ինչը նշանակում էր, որ Թբիլիսին իր արտաքին քաղաքականությունում Ռուսաստանի հետ պետք է վարեր այնպիսի քաղաքականութուն, ինչպիսին ԵՄ մյուս անդամ երկրները»,- նկատեց քաղաքագետը։

Ջոնի Մելիքյանի կարծիքով՝  ըստ տրամաբանության, Թբիլիսին պետք է ավելի հակառուսական դիրք գրավի, սակայն Վրաստանի իշխանությունները, ելնելով պետական ​​շահերից, վախենում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից։

«Նրանք մտավախություն ունեն, որ Արևմուտքի պատժամիջոցները կարող են առաջացնել ռուսական հակապատժամիջոցներ և վատթարացնել Վրաստանի տնտեսությունը: Սա պարզապես Եվրամիության ու Ռուսաստանի միջև ընտրություն չէ, այլ՝ ներքաղաքական պայքարի խնդիր։ Այս առումով, Վրաստանից Արևմուտքի ցանկացած հեռացում, հարաբերությունների ցանկացած վատթարացում և տարածաշրջանում ազդեցության մակարդակի նվազում կհանգեցնեն Հարավային Կովկասում Վրաստանի դիրքերի թուլացմանը։ Սա, իհարկե, կազդի ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների դինամիկայի վրա։ Այս համատեքստում Բրյուսելում պետք է ըմբռնում լինի, որ պետք է աշխատել Թբիլիսիի հետ, հարաբերություններ հաստատել, նույնիսկ եթե դժգոհություններ ունեն նրանց քաղաքականությունից, և կարևոր է փոխզիջումների գնալ ճգնաժամը հաղթահարելու համար»,- նշեց քաղաքագետը։

Մելիքյանը նաև հավելեց՝ միգուցե որոշ հարցերում Թրամփի վարչակազմն ավելի կոշտ և պրագմատիկ լինի այն առումով, որ բանակցությունների համար հիմք ընդունվեն բիզնես մոդելները․«Այնուամենայնիվ, կան որոշակի թեմաներ և հարցեր, որոնց դեպքում Թրամփն ավելի կոշտ կլինի իր դաշնակիցների հետ, ավելի պահանջկոտ, քան Բայդենը։ Սկզբունքորեն համեմատելու բան կա՝ 2016-ից 2020 թվականներին այդպես էր՝ եվրոպական երկրներում ռազմական բյուջեների ավելացում և այլն։ Հետևաբար, ակնհայտ է, որ քաղաքականության մեջ փոփոխություններ կլինեն՝ հաշի առնելով Վրաստանի հաշվարկները։ Սա կարող է դրական ազդել ինչպես Արևմուտքի հետ Վրաստանի հարաբերություններում, այնպես էլ մեր տարածաշրջանի հետ Արևմուտքի հարաբերություններում»։

 Զաբելա Ավագյան

Նորություններ