«Մենք մեր մազերը ցերեկվա արևի տակ ենք չորացնըմ։ Ես ապրում եմ գյուղում ու խոսըմ եմ սհենց»․Երևանից Դսեղ․Նունեն լոռվա անուշ բարբառով գյուղի մասին կարծրատիպերն է փորձում կոտրել

22-ամյա Նունե Շեկոյանը վլոգեր է, իր ծննդավայրում փոփոխություններ է բերում, գյուղի կյանքի մասին պատմում Tik-tok, Instagram, Facebook սոցիալական ցանցերում
«Էսօր գյուղում տոն ա, ամեն չորեքշաբթի կարանք մազերը թափենք, երեխեք, մնացած օրերին պարտադիր 2 հյուս ա»․ Նունե Շեկոյանը գյուղական կյանքն այսպիսի յուրահատուկ հումորով ու ոճով է ներկայացնում։
22-ամյա Նունեն ժամանակակից միջոցներով է պատմում իր ծննդավայրի մասին, վլոգեր է, Tik-tok, Instagram, Facebook սոցիալական ցանցերում տեսանյութերով ներկայացնում է գյուղի առօրյան, բայց ամենակարևորը՝ փորձում է գյուղական կյանքի մասին կարծրատիպերը կոտրել։
Ի տարբերություն գյուղում ծնված ու մեծացած երիտասարդների, որոնք ավելի լավ կյանք են փնտրում մայրաքաղաքում, Նունեն այդ լավ կյանքը գյուղում է պատկերացնում։ Նա 7 տարի մայրաքաղաքում ապրելուց հետո վերադարձել է ծննդավայր՝ Լոռու մարզի Դսեղ գյուղ։ Ասում է՝ եթե իր տեղափոխվելուց ընդամենը 3 օր առաջ ասեին, որ ընդմիշտ վերադառնալու է գյուղ, չէր հավատա։
«Վիրահատվել էի, գնացի գյուղ, մայրիկիս խնամքի տակ մեկ շաբաթ գյուղում մնալով՝ իմ կյանքը փոխվեց 180 աստիճանով։ Հասկացա, որ քաղաքում, թեև լավ աշխատանք ունեի, չեմ զգում ջերմություն, կյանքը դարձել էր ռոբոտացված, իսկ գյուղում այդ կյանքը լի էր ջերմությամբ»,- Regions TV-ի հետ զրույցում պատմում է Նունեն։
Երիտասարդ աղջիկը բացահայատել է՝ տարիների ընթացքում գյուղը, որից հեռացել էր կրթություն ստանալու ու ավելի լավ, գուցե նաև ավելի հեշտ կյանքով ապրելու համար, այսօր դարձել է այն վայրը, որտեղ կարելի է գտնել աշխատանք, բարեկեցիկ ու հետաքրքիր կյանք ու անգամ մեծ երջանկություն՝ այնպիսի չափերով, որոնք հազվադեպ կարելի է հանդիպել մեծ քաղաքներում։
Գյուղ տեղափոխվելուց կարճ ժամանակ հետո գործի է անցել ու արդեն չի էլ ցանկացել գնալ մայրաքաղաք՝ իրերի հետևից։ Մի տարի հետո որոշել է բլոգ անել, ու ինչպես Նունեն է ասում, քաղաքի ընկերները, գործընկերները, նույնիսկ գյուղում ապրող բարեկամներն ասում էին՝ ո՞վ է քաղաքի կյանքը թողնում, վերադառնում գյուղ․«Ամեն անգամ փորձում էի բացատրել, որ մարդը կարող է երջանիկ լինել ու սիրելի գործով զբաղվել նաև համայնքում։ Զարմանալին այն է, որ հաճախ գյուղը վատաբանում են հենց այնտեղ ապրող մարդիկ, ու նրանք ամենափոքր հնարավորությունից էլ օգվում են, որպեսզի տեղափոխվեն քաղաք»։
Նա սկզբում չի մտածել, որ իր բլոգը մեծ լսարան կգրավի:
«Իրար հաջորդող շատ դիտումների քանակից ոգևորվում էի, բայց չէի մտածում, որ այդ կոնտենտը այդքան կհետաքրքրի մարդկանց»,-ասում է նա:
Նրա բլոգը ազդեցություն է թողել, կարճ ժամանակում բազմաթիվ արձագանքներ է սկսել ստանալ՝ մարդիկ հարցնում էին, թե ինչպե՞ս կարող են գյուղում գնել հողամաս կամ տուն, ինչո՞վ կարող են զբաղվել գյուղում։ Ասում է՝ այս արձագանքները շատ հաճելի էին, բայց նաև պարտավորեցնող՝ գիտակցելով, որ իր պատմություններով մարդիկ կարող են որոշումներ կայացնել։
«Շատ աղջիկներ գրում են, որ հարս են գնացել գյուղ, իսկ նրանց ասում են՝ մի քայլ հետ ես գնացել։ Մտածում եմ՝ որքան անհեթեթ է դա։ Իմ տեսանյութերում հաճախ սարկազմ եմ օգտագործում, ու շատ ուրախ եմ, որ մարդիկ հասկանում են դա, չեն նեղանում։ Ի դեպ, նույնիսկ գովազդատուներ կան, որոնք պատվիրում են հոլովակներ, պայմանով, որ դրանք սարկազմով լինեն»,-ասում է Նունեն։
«Ես ապրում եմ գյուղում ու խոսըմ եմ սհենց, սաղ ջահելնին էլ սհենց են խոսըմ ըստի», «Մենք մեր մազերը ցերեկվա արևի տակ ենք չորացնըմ, քանի որ գյուղում լույս չկա, իսկ ֆեն քաղաքում մի անգամ եմ տեսել», «Քանի որ գյուղացի ենք, հագնում ենք քաղաքի բարեկամների ուղարկած հին շորերը»․իր հոլովակներում գյուղի լավն ու վատը լոռվա քաղցր բարբառով ու հումորով է պատմում Նունեն։
Ասում է՝ գյուղի կյանքի մասին կարծրատիպեր կան, հիմա շատ բան է փոխվել, օրինակ՝ վաղ ամուսնությունը։ Նկատում է՝ կարծիք կա, թե գյուղում աղջիկները շուտ են ամուսնանում և հաճախ ոչ իրենց ընտրությամբ․«Գուցե նախկինում այդպես էր, բայց հիմա աղջիկնեը ամուսնանում են այն ժամանակ, երբ իրենք են ուզում ու նրանց հետ, որոնց իրենք են ընտրում»։
Ասում է՝ չգիտի, թե իրեն ինչ ապագա է սպասվում, բայց դեմ չէ գյուղ հարս գնալուն, շատ էլ ուրախ կլինի։
Չի ուզում, որ մարդիկ գյուղի մասին մտածեն որպես միայն ծանր աշխատանքով կյանիք մասին՝ անասնապահություն, հողագործություն․«Ժամանակները փոխվել են, գյուղն ու գյուղացին միայն այդ աշխատանքների հետ չպետք է նույնականացնել։ Գյուղում ուրիշ կյանք էլ կա»։
Թեև նրա լսարանը շատ մեծ չէ, սկսնակ բլոգեր է, բայց տեղացիների վերաբերմունքը շատ է ոգևորումիչ է․«Երբ գյուղում ինձ տեսնում են, ասում են, որ հավանում են, ծիծաղում են, սիրում են, նայում են։ Դա ինձ շատ ավելի է ոգևորում, քան 100,000-ավոր դիտումները»։
Բացի բլոգից, Նունեն իր գիտելիքները ներդնում է համայնքի զարգացման գործում։ Ասում է՝ Դսեղում այսօր մեծ հնարավորություններ կան, բայց շատերի համար լավ գործ գտնելուն խոչընդոտում է, որ անգլերեն չգիտեն։ Նկատում է՝ այսօր աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտություն է անգլերենի իմացությունը․« Քանի որ գյուղի դպրոցում օտար լեզուն գերմաներենն է, որպես իմ փոքր ներդրում, որոշեցի գյուղում անգլերենի խմբակ բացել։ Ի զարմանս ինձ, դիմողների մեծ մասը դպրոցականներ էին, բայց ես շատ ուրախ էի, որ կարող եմ ինչ-որ ազդեցություն ունենալ նրանց ապագայի վրա»։
Գյուղն ու ինքը ներդաշնակ են ապրում, դրան բնությունն էլ է նպաստում, ասում է՝ ինքը բնության մարդ է, բնությունն էլ իրեն շատ է սիրում «Դսեղում գոնե մեկ անգամ եղած մարդիկ կարող են հաստատել, որ մեզ մոտ ամենասիրուն բնությունն է ։ Երբ տխուր եմ լինում, խնդիրներ ունենում աշխատավայրում կամ կյանքում, ես գնում եմ մեր բառերով ասած՝ «ձորի բերան», նայում լեռներին, բնությանը, թեթևանում ու սկսում մտածել միայն դրական բաների մասին»։
Սյուզաննա Խառատյան