«Իրանը Վենեսուելա չէ, որ ԱՄՆ-ն հեշտությամբ մտնի Իրանի տարածք և ռազմական գործողություններ իրականացնի»․ Արմեն Վարդանյան | Region

«Իրանը Վենեսուելա չէ, որ ԱՄՆ-ն հեշտությամբ մտնի Իրանի տարածք և ռազմական գործողություններ իրականացնի»․ Արմեն Վարդանյան

Հունվար 09,2026 20:28

Իրանում արդեն 12-րդ օրն է՝ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։ Այս օրերի ընթացքում, ինչպես հաղորդում են տեղական և միջազգային լրատվամիջոցները։ Դեկտեմբերի 28-ից սկսած՝ ցույցերի մեկնարկի օրվանից մինչև այսօր, տարբեր կազմակերպությունների գնահատականներով մոտ 45 մարդ է զոհվել, հազարավորները ձերբակալվել են։ Երկրի անվտանգության աշխատակիցներն, ըստ BBC-ի իրանական ծառայության հրապարակած կադրերի, Դեզֆուլ քաղաքում կրակել են ցուցարարների վրա:

Ցույցերը սկսվել են սոցիալական հողի վրա․մարդիկ սկզբում դժգոհություն էին հայտնում ազգային արժույթի արժեզրկման առնչությամբ, քանի որ դրա հետևանքով նրանց բարեկեցությունը, տնտեսական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ապա այս ցույցերն աստիճանաբար ծավալվեցին ողջ երկրով մեկ ու բացի սոցիալական ու տնետսական կոչերից, նաև քաղաքական կոչեր են հնչում։

Ցուցարարները պահանջում են իշխանությունից հեռացնել  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիին, վանկարկելով՝ «մահ բռնապետին»։

Թեհրանում շենքեր, ավտոմեքենաներ են այրվել, Սպահանում էլ այրվել է պետական հեռուստաընկերությանը պատկանող շենքը: Երեկվանից երկրում անջատվել է ինտերնետը, իսկ հեռախոսակապն աշխատում է խիստ սահմանափակումներով,դեպի Թեհրան և այլ քաղաքներ մի շարք չվերթներ չեղարկվել են։

Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել այս ցույցերը և ի՞նչ զարգացումներ սպասել մեր հարևան երկրում, արդյոք այս ցույցերի արդյունքում իշխանություն կփոխվի։

Քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանն ասում է՝ Իրանում պարբերաբար են ցույցեր տեղի ունենում, դրանք ունեն տարբեր պատճառներ, ժողովուրդը բացասական է վերաբրվում Իրանի կառավարման ռեժիմին․

Վարդանյանը RegionsTV-ի հետ զրույցում նշում  է․«Իրանի  ռեժիմը, ըստ էության, ոչ լեգիտիմ է, ժողովրդի մեծ մասը չի ընդունում և բացասական է վերաբերվում այդ ռեժիմին։ Միևնույն ժամանակ, այդ սոցիալական խմբի համար առիթ էր՝ քաղաքական կարգախոսներ, քաղաքական կոչեր հնչեցնելու համար, այնպես որ շատ խորքային է այս հարցը։ Կա մեծ դժգոհություն Իրանի իշխող վարչակարգի դեմ և կան քաղաքական և սոցիալական հիմքեր։ Ֆորմալ առումով ցույցերի պատճառը սոցիալական է, բայց եթե ավելի խորը դիտարկենք, խնդիրն իհարկե, առաջին հերթին քաղաքական է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ կրկին սպառնացել է, թե խիստ միջոցներ կձեռնարկի Իրանի իշխանությունների դեմ, եթե նրանք սպանեն ցուցարարներին։ «Եթե նրանք դա անեն, մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք: Մենք պատրաստ ենք դա անել»,-ասել է Թրամփը։:

Այսօր Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ «Իսլամական հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին։ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում»: Նա Թրամփին կոչ է արել զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով՝  «եթե կարող է»:

Արդյ՞ոք Թրամփի հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, Արմեն Վարդանյանը պատասխանում է․ «Թրամփի սպառնալիքը տեսական է, գործնականում մի քիչ բարդ կլինի, նրանց գործիքակազմը սահմանափակ է և այս առումով Իրանը Վենեսուելան չէ, և այդպես հեշտ չի կարող ԱՄՆ-ն մտնել Իրանի տարածք ու ռազմական  գործողություններ իրականացնել։ Նրա սպառնալիքները զուտ հոգեբանական բնույթ են կրում, նա մտածում է, որ այդ հայտարարությամբ օգնում է գործողություններին, սակայն հակառակը՝ ավելի է վնասում,  քանի որ Իրանի իշխանությունները կոչով դիմում են ժողովրդին ասելով, որ այ, տեսեք, մեր ոխերիմ թշնամին աջակցում է ցույցերին»։

Կարծիքներ կան, թե Իրանում ընթացող այս ցույցերն ուղղորդվում են ԱՄՆ կողմից,  ԱՄՆ «մատը խառն է» և այլն։  Իրանագետը չի բացառում, որ աջակցություն դրսից ևս լինի, սակայն այդ աջակցությունը  ինֆորմացիոն դաշտում է․«Ցույցեր սկսելու համար, միանշանակ  հիմքեր կան։ Երկրի բնակչությունը գնալով ավելի է աղքատանում, ազգային արժույթն  արժեզրկվում է անընդհատ։ Ես չեմ կարծում, որ որևէ երկիր հեշտությամբ կկարողանա մեկ այլ երկրում այդպիսի ղժդժություններ կազմակերպել։ Ես չեմ բացառում, որ կա աջակցություն դրսից, սակայն այդ աջակցությունը ավելի շատ ինֆորմացիոն դաշտում է, նաև տեխնիկական ինչ-որ օգնություն։ Օրինակ՝  Իսրայելը ևս աջակցություն է ցուցաբերել ցուցարարներին և այս պահին իր 5 արբանյակները ավելի է ուժեղացնելու Իրանում,  որովհետև  երկրում ինտերնետային կապը անջատված է, զանգեր ևս չեն կարող կատարել։ Այս կերպով Իսրայելը իր աջակցությունն է ցուցաբերում Իրանի հասարակությանը»։

Ո՞րքանով է Իրանում ստեղծված իրավիճակը վտանգավոր տարածաշրջանային կայունության համար, մասնավորապես՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունների տեսանկյունից,  իրանագետն այս հարցին ի պատասխան ասում է, որ Իրանում ստեղծված վիճակը Հայաստանի համար ռիսկեր պարունակում է, բայց ցանկացած կոնֆլիկտ իր մեջ  պարունակում է ոչ միայն  ռիսկեր և մարտահրավերներ, այլ  նաև հնարավորույուններ․«Տեսականորեն եմ ասում՝ եթե Իրանում հեղափոխություն լինի, արևմուտքի հետ ավելի ջերմ հարաբերություններ կստեղծվեն, արևմուտքը կվերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, արդյունքում նույնիսկ այս շարժման միջոցով հնարավոր է լավ հարաբերություններ ստեղծվեն։ Այս ցույցերը միանշանակ չեն և գործ ունենք անկանխատեսելիության հետ, դեպքերը ինչպես լավ, այնպես էլ դեպի վատ կողմ կարող են զարգանալ»։

Տիրուն Մարգարյան

 

Նորություններ