Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց։ Այսմասին որոշումը կայացվեց քիչ առաջ։ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցու վստահեցրեց, որ որոշումը կբողոքարկեն, քանի որ Ղուկասյանը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի:
ԱԺ «Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն էին ներկայացրել դատարան։ Երաշխավորներին է միացել նաև դերասան Լևոն Հարությունյանը:
Սակայն, ինչպես ասաց փաստաբանը, դատարանը երաշխավորությունն էլ հաշվի չառավ։
Դատարանի որոշման մասին Փոստանջյանը նշեց․«Սա փաստում է իշխանությունների՝ ի դեմս դատախազության ներկայացրած մեղադրանքը և նաև այդ մեղադրանքի հիման վրա կալանքը կիրառելու ցանկությունը։ Հենց դա դրսևորվեց։ Հակառակ կողմի դիտարկումները, հիմնավորումները հաշվի չառնվեցին դատարանում, հաշվի չառան, թե ով է Վարդան Ղուկասյանը՝ անձին բնութագրող տվյալները, երաշխավորությունները հաշվի չառան։ Առկա էին խափանման այլ միջոցների կիրառման հնարավորություններ, մինչդեռ դատարանը բավարարեց շարունակական կալանքը։ Սա նշանակում է, որ դատարանն իրականացրել է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը»։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով։
Նորություններ
