ԱԳՆ փոխնախարար․«Ադրբեջանից ստացել ենք Խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրված տարբերակը․ դեռևս կան հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են»
«Խաղաղության պայմանագրի» ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահը լավատեսական հայտարարություններ է արել, ՀՀ ԱԳՆ փոխնախարարն ասում է՝ դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են, բայց Հայաստանը տեսնում է հնարավորություն այդ տեսակետները մոտարկելու համար
Բաքվում անցկացվող COP-29-ի համատեքստում գերիների եւ այլ հարցերի հետ կապված, արդյոք կան քննարկումներ ադրբեջանական կողմի հետ․ այսօր խորհրդարանում ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, ասաց՝ ընդհանուր բանակցային դինամիկայից պետք է դատել։
«Բնականաբար, կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումներ Ադրբեջանի հետ, այդ թվում՝ «Խաղաղության պայմանագրի» ադրբեջանական 11-րդ խմբագրումը, որը ստացանք վերջերս եւ դիտարկում ենք»,-ասաց Վահան Կոստանյանը:
Հարցին՝ երեկ Ալիևը լավատեսական հայտարարություն է արել, թե մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկապե՞ս կա նման հնարավորություն, կա՞ փոփոխություն չհամաձայնեցված կետերի շուրջ, Կոստանյանը պատասխանեց՝ դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են․«Բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու»:
Դիտարկմանը՝ Ալիևը մի կողմից լավատեսություն է հայտնում խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, մյուս կողմից սպառնում է Հայաստանին, Կոստանյանը պատասխանեց՝ Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում․«Կարծում ենք՝ րական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաեւ երկու պետությունների հանրություններին նախապատրաստում են»:
Բաքվում անցկացվող COP-29-ին ՀՀ-ի հնարավոր մասնակցության վերաբերյալ էլ փոխնախարարն ասաց, որ դեռ որոշում չունեն․«Երբ լինի որոշում, պատշաճ ձեւով կտեղեկացնենք, թե արդյոք մասնակցում ենք COP-29-ին, թե՝ ոչ, ինչ մակարդակով ենք մասնակցելու»:
Եվրոպացի պատգամավորների հայտարարություններն ու կոչերը՝ հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու մասին, ըստ Կոստանյանի, խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարեւոր է. «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որ բոլոր հայ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»: