Արման Գրիգորյան. «Եթե նույնիսկ ենթադրենք, թե Փաշինյանի ասածները ճիշտ են, նա իրեն այնպես է պահել, որ կարծես ձեռքերը կապված չեն եղել՝ այդպիսով կործանել է ԼՂ-ն»
Լուսանկարը Արման Գրիգորյանի ֆեյսբուքի էջից
ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանը գտնում է, որ Փաշինյանի հայտարարությունը անհեթեթություն է, ու նա գիտի՝ համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրել, դիմադրություն է առաջացնելու, ուստի պետք է մարդկանց համոզի, որ իր նախորդները իրեն անելանելի վիճակի մեջ են դրել
Եղած ծրագրերն ու փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի համար որևէ կարգավիճակ չեն որոշել, հենց սրա շուրջ էին բանակցությունները, և ինձ հայտնի չէ որևէ փաստաթուղթ կամ Նիկոլ Փաշինյանին նախորդողներից որևէ մեկի պարտավորության մասին, որը նախատեսում էր Ղարաբաղի ենթակայությունը Ադրբեջանին։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Արման Գրիգորյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 1994-ի հրադադարից հետո Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, և գալով իշխանության՝ ինքը ոչինչ փոխել չէր կարող։
«Իրոք, եթե նրանք նման պարտավորություն ստանձնեին կամ ստորագրեին որևէ նման փաստաթուղթ, խնդիրը կլուծվեր, քանի որ դա էր բանակցություններում անհաղթահարելի խոչընդոտը։ Այնպես որ, ասել, թե բանակցությունները եղել են Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու, այլ ոչ թե ԼՂ կարգավիճակի շուրջ, դա մաքուր դեմագոգիա է»,- ասաց Արման Գրիգորյանը։
Նա նաև ընդգծեց՝ անհիմն են այն պնդումները, թե Հայաստանի նախկին իշխանությունները պայմանավորվել են որևէ պայմանների շուրջ, որոնք ենթադրում էին Ղարաբաղի հանձնում Ադրբեջանին։ Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը գտնվում էր բանակցությունների կենտրոնում, միշտ էլ կարևոր ասպեկտ է եղել։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների տեղիք է տվել հասարակության և փորձագետների շրջանում։ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությամբ կասկածի տակ է դնում բանակցային գործընթացում հայկական դիվանագիտության հաջողությունը մինչ իր պաշտոնը ստանձնելը։
Գրիգորյանը հիշեցրեց մի փաստ, որն ուղղակիորեն հակասում է Փաշինյանի հայտարարությանը. «1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը վետո դրեց Լիսաբոնում ԵԱՀԿ-ի բանաձևի վրա, որը ենթադրում էր Ղարաբաղի ենթարկում Ադրբեջանին։ Ինչո՞ւ էր նա դա անում, եթե բանակցում էր Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու շուրջ։ Ի վերջո, ենթադրենք, որ նման բանակցություններ են վարել։ Սա կոնկրետ ինչպե՞ս է նվազեցնում Փաշինյանի իշխանության գալուց հետո պատասխանատվությունը դիվանագիտական խելագար դիրքորոշում ընդունելու և Հայաստանն ու Ղարաբաղը անդունդ տանելուհամար»,-ասաց քաղաքագետը՝ հավելելով՝անցյալում դիվանագիտական գործընթացի ձախողումները չեն կարող արդարացնել ներկայիս որոշումները։
Հարկ է նշել, որ բանակցությունները հաճախ բազմակողմ էին, և ենթադրում էին տարբեր միջազգային կառույցների և միջնորդների մասնակցություն, որոնք կարող էին ազդել նաև իրադարձությունների ընթացքի վրա։ 1997-ից հետո միջազգային միջնորդների առաջարկած լուծումները հայկական կողմի համար աստիճանաբար դառնում էին ոչ բարենպաստ։ Սա կարելի է տեսնել նաև 2006-ին և 2009-ին առաջարկված Մադրիդյան սկզբունքները համեմատելիս: Բանակցությունների հաջողությունը կամ ձախողումը կախված էր ոչ միայն Հայաստանի դիրքորոշումից, այլեւ փոխզիջումների գնալու կողմերի պատրաստակամությունից։
Մեր դիտարկմանը, որ 2016 թվականին Ալիևը հայտարարել էր՝ «փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը» և դա դեռ Փաշինյանի իշխանության գալուց առաջ էր, Գրիգորյանը պատասխանեց․«Ես հիշում եմ, որ Ալիևը նման հայտարարություն է արել, բայց ես վստահ չեմ, որ միջնորդներն իրապես ցանկություն ունեին բավարար ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի դա տեղի ունենար»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի վարքագծին՝ կարևոր ակտուալ խնդիրները քննարկելու փոխարեն պատմական իրադարձությունները խեղաթյուրելուն, Գրիգորյանը հետևյալ կարծիքը հայտնեց՝ Փաշինյանը հասարակական կարծիքն է նախապատրաստում․ «Նա գիտի՝ համաձայնագիրը, որը պատրաստվում է ստորագրել, դիմադրություն է առաջացնելու, ուստի պետք է մարդկանց համոզի, որ իրեն նախորդողները անելանելի իրավիճակի մեջ են դրել իերն: Այս մարդը պատասխանատու է հայ ժողովրդի պատմության ամենասարսափելի արհավիրքներից մեկի համար, սակայն նա չի ցանկանում ընդունել այս պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ նրան քավության նոխազներ են պետք»։
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական փաստաթղթում առկա հիմնարար սկզբունքներին, քաղաքագետն ասաց՝ ամենակարևոր փոփոխությունը վերաբերում էր կարգավորման մեթոդաբանությանը․«1997-ի բանաձեւի նախագծով նախատեսվում էր խնդրի լուծմաբ փուլային տարբերակը, մինչդեռ հետագա իշխանությունների նախընտրելի սկզբունքը փաթեթային մոտեցումն էր: Ավելացվել էր նաև հանրաքվեի դրույթը, թեև որոշ տարրեր հստակ շարադրված չէին: Այս փոփոխությունները կարևոր չեն Փաշինյանի հայտարարության համատեքստում։ Նա ասում է, որ նախորդ վարչակազմերը դիվանագիտորեն կապում էին իր ձեռքերը, երբ բանակցում էին Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու շուրջ։ Նրա հայտարարությունը կատարյալ անհեթեթություն է, և, ինչպես ասացի, եթե նույնիսկ ենթադրենք, թե դա ճիշտ է, նա իրեն այնպես է պահել, որ կարծես ձեռքերը կապված չեն եղել՝ այդպիսով կործանել է Ղարաբաղը, վտանգի տակ դրել Հայաստանի անվտանգությունը»։
Զաբելա Ավագյան