«Այսօր էլ մարդիկ աշխատում են 9, 12 ժամ, սակայն այդ ժամերը չեն գրանցվում, հավելավճար էլ չեն ստանում․7-ժամյա աշխատանքի մասին նախագիծը մարդակենտրոն է»․Մանասերյան | Region

«Այսօր էլ մարդիկ աշխատում են 9, 12 ժամ, սակայն այդ ժամերը չեն գրանցվում, հավելավճար էլ չեն ստանում․7-ժամյա աշխատանքի մասին նախագիծը մարդակենտրոն է»․Մանասերյան

Հունվար 10,2025 16:05

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նկատում է՝ դժգոհություններ կան աշխատողներից՝ մի քանի աշխատողի վրա դրված է մի քանի հաստիքի պարտականություն, մարդը աշխատում է արձակուրդում գտնվող գործընկերոջ փոխարեն, բայց դրա դիմաց հավելավճար չի ստանում

«Մարդը գալիս է աշխատանքի արդեն հոգնած, ընտանեկան խնդիրները՝ մյուս կողմից, չանդրադանանք տրանսպորտի խնդրին, թե ինչպես է աշխատանքի վայր հասնում, ու գիտի, թե ամսվա վերջում որքան աշխատավարձ պետք է ստանա, ինչքան ծախսեր ունի անելու։ Այս բոլոր խնդիրները բերում են ոչ առողջ մթնոլոտի»,-ասաց Մանասերյանը։ Այնպես, որ աշխատաժամի կրճատումով աշխատող մարդը հնարավորություն է ստանում ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հանգստանալու մի քիչ ավել ժամանակ կունենան, ինչը կարող է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան

«Աշխատաժամանակի տևողության կրճատումը աշխատանք և ընտանիք հավասարակշռությանն է միտված։ Աշխատանքային ժամերի կրճատումն, իհարկե, դրական ազդեցություն կարող է ունենալ, սակայն մեծ ռիսկեր կան, որոնք չեն բացառվում 8-ժամյա աշխատանքի դեպքում էլ»,-այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Հիշեցնենք՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել՝ կրճատել աշխատաժամանակը օրական աշխատանքային ժամերը 8-ից դարձնելով 7 ժամ, իսկ շաբաթականը՝ 40-ից 35 ժամ, պահպանելով նվազագույն աշխատավարձը։

Տնտեսվարողների շրջանում այս նախագիծը դժգոհություն է առաջացրել, քանի որ այն կարող է հանգեցնել մի շարք խնդիրների մեր տնտեսության մեջ։

Մանասերյանը հայտնեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունել է նախարարության այս նախագիծը․«ՀՀ-ն սահմադրորեն հռչակված է սոցիալական պետություն, իսկ այս նախագիծը մարդակենտրոն է, աշխատակենտրոն, միտված է սոցիալականացմանը»։

Մանասերյանի դիտարկմամբ՝ անկախ 7-ժամյա աշխատանքային օրվա ներդրման մտադրությունից, միևնույնն է, ռիսկեր կարող են լինել նաև 8-ժամյա աշխատանքի դեպքում, քանի որ շատ գործատուներ հիմա էլ խախտում են 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը՝ առանց լրացուցիչ վճարելու արտաժամյա աշխատանքի համար։ Մանասերյանն ընդգծեց. «Եթե լավ մոնիթորինգ արվի, ապա կտեսնենք, որ աշխատողները շատ ավելի երկար են աշխատում, 9 կամ 12 ժամ, և այդ լրացուցիչ ժամերը չի արձանագրվում։ Իսկ արտաժամյա վճարը չի պահպանվում»։

Ռուբեն Սարգսյան, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար

Քննարկման մեկ այլ մասնակից աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանն էլ վստահեցրեց՝ նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել միջազգային փորձը, որտեղ մի շարք պետություններ արդեն իսկ անցել են 7-ժամյա աշխատանքային օրվա մոդելին։ Նա ևս պնդեց՝այսօր գործատուները 8 ժամից ավել են աշխատեցնում իրենց աշխատակիցներին։

Նա հավելեց՝ օրենսդրական փոփոխությունը կարող է նպաստել արտադրողականության աճին և մարդկային կապիտալի զարգացմանը։

«Շատ աշխատողներ չեն զբաղվում ամբողջ 8 ժամը աշխատանքի գործերով, իսկ տեխնոլոգիաներն այդպես են զարգացել, որ պարտադիր չէ ամբողջ 8 ժամը աշխատել մի տեղում»,-ասաց փոխնախարարը։

Սարգսյանն ասաց, որ գործատուների հետ բանավոր քննարկումներ եղել, բայց ոչ լայն մասնակցությամբ․«Նամակների ձևով եղել են առաջարկներ։ Մենք բաց ենք քննարկումների համար»։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահն էլ նշեց, որ իրենք աշխատողներից բազմաթիվ դժգոհություններ են ստանում, օրինակ՝ մարդիկ նշում են, որ իրենց վրա դրված է մի քանի աշխատողի պարտականություն, կամ ասենք աշխատում են արձակուրդում գտնվող գործընկերոջ փոխարեն, բայց դրա դիմաց հավելավճար չեն ստանում։ Նա ասաց, որ նմանատիպ խնդիրները վերացնելու համար պատշաճ վերահսկողություն է պետք իրականացնել։

«Մարդը գալիս է աշխատանքի արդեն հոգնած, ընտանեկան խնդիրները՝ մյուս կողմից, չանդրադանանք տրանսպորտի խնդրին, թե ինչպես է աշխատանքի վայր հասնում, ու գիտի, թե ամսվա վերջում որքան աշխատավարձ պետք է ստանա, ինչքան ծախսեր ունի անելու։ Այս բոլոր խնդիրները բերում են ոչ առողջ մթնոլոտի»,-ասաց Մանասերյանը։ Այնպես, որ աշխատաժամի կրճատումով աշխատող մարդը հնարավորություն է ստանում ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, հանգստանալու մի քիչ ավել ժամանակ կունենան, ինչը կարող է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել։

Նա նկատեց՝ ՀՀ-ում իրականում միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան վիճակագրությունն է ցույց տալիս, պաշտոնական ցուցանիշներով բարձր է երևում միջին աշխատավարձը, բայց դա բարձր օղակների աշխատավարձերի հաշվին է, իսկ իրականում ՀՀ-ում 700 հազար զբաղվածների քիչ տոկոսն է, որ 200 հազարից բարձր աշխատավարձ ստանում․«Գրադարանավարները, ուսուցիչները հիմնականում ցածր են ստանում»։

Նա նշեց՝ չնայած այս փոփոխությունը նպատակ ունի բարելավել աշխատանքային պայմանները, այդուհանդերձ, անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել այլ երկրների բացասական փորձը․ «Շվեդիայում օրինակ, ժամանակի կրճատման արդյունքում շատ աշխատատեղեր կորան, իսկ ընտանեկան կյանքը ավելի շատ խաթարվեց»։

 Սյուզաննա Խառատյան

Նորություններ