Աշխատաժամերի կրճատման մասին նախագիծը դիվերսիա է տնտեսության դեմ․Վահրամ Միրաքյան
Աշխատանքային ժամերի կրճատումից, ըստ Վահրամ Միրաքյանի, կուրախանան պետական ոլորտի աշխատողները, որոնք ժամ են մաշեցնում, իսկ բիզնեսը, որը իրական արժեք է ստեղծում, վնասներ է կրելու, քանի որ աշխատուժը թանկանալու է, ինչը կհանգեցնի ապրանքի գնաճի, գուցե նաև շատերն իրենց բիզնեսը տեղափոխեն հարևան երկիր
Աշխատաժամերի կրճատման մասին նախագիծը լիովին անհիմն է, այն չի կարող ընդունվել առանց տնտեսության վրա ազդեցության մանրամասն ուսումնասիրության: Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց «Մանթաշյանց» գործարարների միության հիմնադիր Վահրամ Միրաքյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել՝ կրճատել աշխատաժամանակը օրական աշխատանքային ժամերը 8-ից դարձնելով 7 ժամ, իսկ շաբաթականը՝ 40-ից 35 ժամ, պահպանելով աշխատավարձը։
Նախագիծը, ըստ մշակողների, կնպաստի հանգստի ժամանակի ավելացմանը, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուն, սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցմանը, անձնական խնդիրների լիարժեք լուծմանը, ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացմանը, կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածությանը, ինչպես նաև կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կհանգեցնի արտադրողականության աճին։
Նախագծում նշված է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան, Բելգիան, Ավստրիան, Նորվեգիանարդեն իսկ ներդրել են աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը, քանի որ տարբեր գործընթացներ արդեն ավտոմատացվել են։
Վահրամ Միրաքյանը վստահ է՝ Հայաստանը նման փոփոխություններ անելու իրավունք դեռևս չունի, հատկապես եթե հաշվի առնենք երկրի տնտեսական վիճակը․«Մեր երկրում 30 տոկոս աղքատություն կա, աշխատողները խնդիր ունեն ապրելու, իսկ նախագծով առաջարկում են նրանց ավելի քիչ աշխատել, հետևաբար քիչ եկամուտ ստանալ՝ ավելի երջանիկ լինելու համար»։
Միրաքյանը նկատեց՝ եթե նախագիծն ընդունվի, ապա աշխատավարձերը տասը տոկոսով նվազելու են, անփոփոխ է մնալու նվազագույն աշխատավարձը։ Այսինքն, ըստ Միրքայանի, եթե մարդն աշխատի յոթ ժամ, հետևաբար նրա աշխատավարձը չի կարող պահպանվի ութ ժամվա համար։
Սա, ըստ փորձագետի, շատ վտանգավոր նախագիծ է, օրինակ ՀՀ-ում աշխատող օտարերկրյա ընկերությունները խնդիրներ կունենան․«Ասենք Սինոփսիս ընկերությունը ինչպե՞ս են ամերիկյան իրենց վերադասներին ասելու՝ մենք բարձրացնում ենք աշխատավարձերը, իսկ սա բարձրացում է, քանի որ ութ ժամից քիչ են աշխատելու։ Ամերիկացիները կասեն՝ կներեք, հաջողություն ձեզ, մենք կգնանք ասենք Վրաստանում կաշխատենք»։
Ըստ Միրաքյանի, եթե գործատուները պահպանեն ութ ժամյա աշխատանքի աշխատավարձը, նրանք ստիպված իրենց ապրանքն են թանկացնելու, ինչը գնաճի կհանգեցնի, դա էլ կազդի սպառողների գնողունակության վրա։
Ընդ որում, գործատուները մեկ այլ խնդրի էլ կհանդիպեն՝ եթե յոթ ժամի համար աշխատավարձ վճարեն, այսինքն, նվազեցնեն աշխատավարձը, աշխատողների մոտիվացիան կընկնի։
Միրաքյանի դիտարկմամբ՝ նախագծի առանցքային խնդիրներից մեկն այն է, որ հաշվի չեն առնում Հայաստանի առանձնահատկությունները։ «Օրինակ են բերում Շվեդիան, Գերմանիան, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ի տարբերություն Հայաստանի, զգալի բարձր է բարձր է։ Այդ դեպքում եթե ՀՆԱ-ն են օրինակ բերում, ինչո՞ւ աշխատավարձերն էլ այդ երկրների հետ չեն համեմատում»։
Փորձագետի ներկայացմամբ՝ պետք է նաև հաշվի առնել մեր երկրի մրցունակությունը տարածաշրջանում, մեր հարևան երկրներում աշխատաժամանակը շաբաթական 40-48 ժամ է, բացառությամբ Ադրբեջանի, այնտեղ կարծես 38 ժամ է, բայց դա նավթի հաշվին է։ Ըստ Միրաքյանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանին մոտ գտնվող բոլոր երկրներում 7,000–15,000 դոլար է ՀՆԱ-ն, օրինակ՝ Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Վրաստան, Բելառուսը, և այլն, իսկ Շվեդիայում՝ մոտ 50 հազար է։ Ընդ որում, ըստ Միրաքյանի, Շվեդիայում աշխատաժամանակի կրճատումը բացասական ազդեցություն է ունեցել ՀՆԱ-ի վրա։
«Նախագծի հեղինակները թույլ են տվել մեթոդաբանական սխալ՝ համեմատելով անհամեմատելի երկրների տվյալներ։ Մենք չունենք այնպիսի ներուժ, որպեսզի մեզ թույլ տանք նման քայլեր անել, հատկապես այս տնտեսական պայմաններում»,-ասաց Միրաքյանը։
Նրա կարծիքով՝ որևէ օրենսդրական նախաձեռնություն պետք է հիմնավորում ունենա, դա օրենքի պահանջ է, մինչդեռ այս նախագծում հիմնավորում բաժնում իրական հիմնավորում չկա, դա անձնական կարծիք է, ոչ մի ուսումանսիրություն, կանխատեսում, վերլուծություն տնտեսկաան ակտիվության վրա ազդեցության մասին, հաշվարկ չկա։
«Նախագիծը դիվերսիա է տնտեսության դեմ, թե սրա հետևում ինչ շահեր են՝ չգիտեմ, բայց հույս ունեմ, որ նրանց հիմնական մոտիվացիան պետությանը վատություն անելը չէ, թեպետ արդյունքը դա է լինելու։ Մյուս շարժաիթը՝ պոպուլիզմն է, քանի որ իրենք ենթադրում են, որ լայն զնգածներին յոթ ժամյա աշխատանքը դուր կգա՝ քիչ աշխատեն, բայց նույն գումարը ստանան։ Սխալվել են, նույն գումարը չեն ստանալու։ Նախագիծը վնասելու է հիմնականում մասնավոր հատվածին։ Եթե նման փոփոխությունները ուժի մեջ մտնեն, դրանից ուրախանալու են նրանք, ովքեր չեն աշխատում, այլ ժամ են մաշեցնում, դա պետական ոլորտն է։ Իսկ նրանք, ովքեր արժեք են ստեղծում, վնասներ են կրելու»։
Մեր հարցին՝ արդյոք սա կնպաստի աշխատատեղերի ավելացմանը, ինչպես գրված է նախագծում, Միրաքյանը պատասխանեց․«Անհիմն է, քանի որ աշխատուժը թանկանուլու է, մարդիկ կփակեն բիզնեսը, կգնան հարևան երկրում բիզնես կհիմնեն Նաև ստվերը կավելանա»։
Միրաքյանի գնահատմամբ՝ առանց երկար մտածելու մի պրիմիտիվ նախագիծ են գրել։
«Նման փոփոխությունները կարող են մեծ վնաս հասցնել հենց աշխատատեղերին և արտադրական հնարավորություններին, բիզնեսին, ուստի պետք է շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ անցկացնել, մանրամասն վերլուծել՝ գնահատելու հնարավոր տնտեսական ազդեցությունները»,-ասաց Միրաքյանը։
Սյուզաննա Խառատյան