Ամերիկյան մտադրությունների անկեղծությունը կախված կլինի նրանից, թե որքանով է պատրաստ ԱՄՆ-ը զսպել ադրբեջանական ագրեսիան. Հրանտ Միքայելյան | Region

Ամերիկյան մտադրությունների անկեղծությունը կախված կլինի նրանից, թե որքանով է պատրաստ ԱՄՆ-ը զսպել ադրբեջանական ագրեսիան. Հրանտ Միքայելյան

Փետրվար 21,2025 16:30

Ըստ քաղաքագետի՝ այսօր Թուրքիան գերիշխում է մեր տարածաշրջանում, և եթե ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, ապա  Ռուսաստանը պայքարելու է իր ազդեցությունը մեր տարածաշրջանում վերականգնելու համար

Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում հայտնվելով, փոխվել է ԱՄՆ-ի քաղաքական կուրսը, այդ թվում՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշումը։ Թրամփի հռետորաբանությունը, ինչպես նաև Ռիյադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև վերջին բանակցությունները դրա ապացույցն են։ Այս ֆոնին ավելի ու ավելի են հնչում կանխատեսումներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության ավարտի մասին։ Որքանո՞վ է իրատեսական հակամարտության ավարտը և ի՞նչ աշխարհաքաղաքական ազդեցություն կունենա դրա լուծումը հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Արդյոք Միացյալ Նահանգները, մասնավորապես Թրամփի վարչակազմը շահագրգռված է մեր տարածաշրջանով և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։ Ի՞նչ դիրքորոշում ունեն Սյունիքով անցնող հաղորդակցությունների բացման հարցում։

Այս առնչությամբ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը REGIONSTV-ի հետ զրույցում ասաց, որ թեև չի հավատում, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի շուտով, բայց եթե այն ավարտվի, Ռուսաստանը կազատի իր ուժերը և կզբաղվի այս տարածաշրջանով, և մրցակցությունը Հարավային Կովկասի համար կսրվի։ Այսօր Թուրքիան գերիշխում է տարածաշրջանում, և Ռուսաստանը պայքարելու է իր ազդեցությունը վերականգնելու համար։

Անդրադառնալով մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի, մասնավորապես Թրամփի վարչակազմի հետաքրքրության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Հրանտ Միքայելյանը հիշեցրեց, որ Թրամփի վարչակազմն արդեն հայտարարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իր շահագրգռվածության մասին, սակայն կան մի քանի կարևոր ասպեկտներ։

Ըստ փորձագետի՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև կա ուժերի անհամաչափություն, որում Ադրբեջանը Հայաստանից ուժեղ է և Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելու կարողություն ունի, այդ թվում՝ Թուրքիայի աջակցության շնորհիվ․« Պարզապես ասել, որ մենք կողմ ենք կարգավորմանը՝ առանց այդ անհավասարության վրա ազդելու, անհնար է և անիմաստ։ Ուստի ամերիկյան մտադրությունների անկեղծությունն աշխարհում կախված կլինի նրանից, թե որքանով է պատրաստ ԱՄՆ-ը վերացնել այս հակամարտության հետեւանքները եւ զսպել ադրբեջանական ագրեսիան»։

Փորձագետը նշեց, որ մինչև վերջերս ԱՄՆ-ն սկզբունքորեն աջակցում էր Ադրբեջանին՝ իրականացվել են սահմանափակ ռազմական մատակարարումներ, 1994 թվականի պայմանագրի կնքումը և դրա բոլոր հետևանքները տարածաշրջանի համար։ Հայաստանում ամերիկամետ քաղաքական կազմակերպությունները փորձում էին տարածքի, կամ նույնիսկ ամբողջ Արցախի զիջումով խաղաղություն պարտադրել հասարակությանը։ Միքայելյանի խոսքով՝ ցավոք, նման իրավիճակ եղավ, և թեև դիրքորոշումը կարող է փոխվել, բայց ես չեմ կարծում, որ այն փոխվել է արմատապես։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քաղաքագետ Միքայելյանը նշեց, որ Ադրբեջանում իրավիճակը միանշանակ չէ. «Ըստ էության, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են առաջ տանել Հայաստանի վրա ճնշում գործադրելու իրենց նախագիծը՝ որպես արևմուտք-արևելք միջանցքի մաս, և դրա մասամբ հաջողվում է։ Այստեղ շատ կարևոր դեր պետք է ունենա հայկական դիվանագիտությունը, որը, ցավոք, այսօր չի կատարում իր պարտականությունները և չի իրականացվում Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական հավակնությունների քաղաքական զսպում»։

Զաբելա Ավագյան

Նորություններ