«Այս պահին չեմ պատրաստվում դադարեցնել իմ գործունեությունը, բայց երբ զգամ, որ դա կօգնի թյուրիմացությունների դադարեցմանը, պատրաստ եմ դրան»․ Արշակ արքեպիսկոպոս | Region

«Այս պահին չեմ պատրաստվում դադարեցնել իմ գործունեությունը, բայց երբ զգամ, որ դա կօգնի թյուրիմացությունների դադարեցմանը, պատրաստ եմ դրան»․ Արշակ արքեպիսկոպոս

Դեկտեմբեր 01,2025 14:30

«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար կամաչեմ: Իհարկե, դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց ինձ ուղղված վերագրումները բացարձակապես կապ չունեն իմ կյանքի, կենսագրության և արածների հետ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն՝ անդրադառնալով իր հասցեին  հնչած մեղադրանքներին։

Նա, իբր իր մասնակցությամբ տեղագրությունը, որը փաստում է, որ արքեպիսկոպոսը խախտել է կուսակրոնության ուխտը, կեղծ է համարում․«Դրանք սուտ են։  Չկա ավելի մեծ մեղք, քան այն, որ գործված սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր: Ես այդպիսի քայլ ո´չ արել եմ, ո´չ անում եմ, և ո´չ էլ կանեմ»։

Հիշեցնենք, որ հոկտմբերի 25-ին տելեգրամյան ալիքում  հայտնված ինտիմ բնույթի տեսագրությունը մեծ աղմուկ էր բարձրացրել: Նշվում էր, որ տեսանյությում հենց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է: ՔԿ-ն հաստատել էր, որ տեսանյութում Արշակ արքեպիսկոպոսն է։ Դեպքից որոշ ժամանակ անց 13 եպիսկոպոսների ստորագրությամբ փաստաթուղթ էր տարածվել՝  կաթողիկոսին ուղղված մի նամակն էր, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոսի հարցն ուսումնասիրող Էջմիածնական հանձնախմբին: Նամակով եպիսկոպոսներն առաջարկում են, որ Վեհափառը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ արքեպիսկոպոսի զբաղեցրած բոլոր պաշտոնները, և նա ապրի Մայր Աթոռից դուրս, այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը:

Արշակ արքեպիսկոպոսն անդրադառնալով 13 եկեղեցականների  հայտարարությանն, ասաց․«Անկեղծ ասած, չգիտեմ, նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ, բայց ցանկացած սցենարի պարագայում նման կեցվածք որդեգրելը ուղղակի դավաճանություն է: Այս դեպքում մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ նաև իրենք իրենց, ժխտելով սեփական պատկանելիությունը: Կանոնական լեզվով ասած՝ սա նաև հերձվածողության դասական օրինակ է»:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հաստատեց, որ մի քանի անգամ հանդիպել է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, անուններ ու մանրամասներ չնշեց, թե երբ է հանդիպել, հավելեց․«Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկել, պարզապես եղել է հրավեր հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու, ես իմ դիրքորոշումն եմ արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնել, բայց շատ որոշապես հասկանալի դարձել է, որ ես այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ, ահաբեկչության հնարավոր է հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից»:

Հիշեցնենք, որ արքեպիսկոպոսին ԱԱԾ հրավիրելու մասին լուրեր տարածվել էին 2024-ի գարնանը: Բացի այս, իշխանությունը պնդում է, թե արքեպիսկոպոսը կուսակրոնության ուխտը դրժել է իր քեռու կնոջ հետ։ Վերջինս հերքեց սա, ասաց, որ նշված ազգականն էլ  քննչականում հարցաքննվել․«Քննչականին ասել եմ, որ այս գործը, եթե հարուցում եք, պետք է հարուցեք ոչ թե իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հիմքով, այլ իմ նկատմամբ թշնամանք և ատելություն սերմանելու հիմքով, քանի որ իմ անձնական կյանքի գաղտնիությունը խախտված չէ»։

Իշխանության մասին էլ Արշակ արքեպիսկոպոսն ասաց, որ վստահություն չի ունեցել դեռ 2018 թվականից․«2018 թվականից սկսած ես խիստ որոշակի վերապահումներ եմ ունեցել Հայաստանում ծավալված քաղաքական  գործընթացների վերաբերյալ: Հանրայնորեն դրանք չեմ արտահայել՝ հաշվի առնելով ժողովրդի լայն շրջանակների աջակցությունը իշխանությանը, հույս ունենալով, որ միգուցե ես եմ սխալվել, ու միգուցե սա այն է, ինչ այսօր անհրաժեշտ է Հայաստանին: Բայց հիմա կարող եմ ցավով հայտարարել, որ դժբախտաբար ես չեմ սխալվել»:

Արշակ արքեպիսկոպոսը վստահեցրեց նաև, որ հրապարակված տեսանյութերը չեն կարող հիմք հանդիսանալ իր գործունեության կասեցման համար։

Նրա համոզմամբ՝ իշխանությունը արշավ է իրականցնում այն եկեղեցականների դեմ, ովքեր հակաիշխանական հայացքներ ունեն.«Թե´ դուք, թե´ ես համոզված ենք, որ եթե ես զմայլված լինեի Նիկոլ Փաշինյանով, բացարձակապես որևէ զրպարտության կամ թթու խոսքի չէի արժանանալու, հետևաբար այս երևույթը ունի շատ  կոնկրետ քաղաքական ուղղվածություն ու ենթատեքստ: Երբ ես քննչական կոմիտեում հրավիրվել եմ հանդիպման, ինձ ասացին, որ կան նախաքննական գաղտնիքներ, որոնք պետք չէ բացահայտել և ես պետք է պարտավորվեմ դրանք չբացահայտել: Հետո պարզվեց, որ այդ արգելքի տակ գտնվում եմ միայն ես: Սա նմանվում է  մի դարպասահով ֆուտբոլի խաղի: Որոշ մարդիկ իմ ձեռքերը կապում են, իսկ մյուսները փորձում են հարվածել»:

Նա վստահեցրեց, որ այս պահին չի նախատեսում դադարեցնել իր գործունեությունը, բայց հնարավոր է որոշումը փոխվի, եթե նա զգա, որ իր այդ քայլով կարող է աջակցել գործի օբյեկտիվ քննությանը, սակայն դեռևս նա պետք է գնահատի ստեղծված իրավիճակը.«Ես կարող էի դադարեցնել իմ ծառայությունը, բայց մտավախություն ունեի, որ այդ դեպքում ջուր կլցնեմ այն մարդկանց ջրաղացին, ովքեր ստեղծել են այս հերյուրանքը: Վերջիվերջո, նրանց նպատակը դա է: Մյուս կողմից, եթե շարունակեմ իմ պաշտոնավարությունը, տպավորություն կստեղծվի, որ բացարձակապես արհամարհում եմ հանրային ընկալումներն ու կարծիքը: Այս պահին չեմ պատրաստվում դադարեցնել իմ գործունեությունը միայն այն բանի համար, որ որոշ մարդիկ այդպես են ուզում, բայց եթե հասնի այն պահը, երբ ես զգամ, որ դա կօգնի, որպեսզի մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն, պատրաստ եմ նաև այդ լուծումին»:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ կաթողիկոսի՝ եկեղեցին լքելու պահանջին, Արշակ արքեպիսկոպոսն ասաց՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կարող հեռանալ, դա ավելին չի լինի, քան դասալքություն ․«Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը հեռանա: Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, անգամ եթե նման հարց են բարձրացնում եպիսկոպոսները»

Նիկոլ Մարգարյան

Նորություններ