Արցախցի Լուսինեի ընտանիքի ամանորյա սեղանը շատ համեստ է՝ միայն թխվածք, մրգեր ու տոլմա․ գումար ու սիրտ չկար | Region

Արցախցի Լուսինեի ընտանիքի ամանորյա սեղանը շատ համեստ է՝ միայն թխվածք, մրգեր ու տոլմա․ գումար ու սիրտ չկար

Հունվար 01,2025 15:00

Լուսինեն ասում է, որ չեն կարող Ամանորն այնպես նշել ինչպես Արցախում էին նշում, այնտեղ շքեղ սեղան էին գցում ու հարազատներով, ազգականներով տոնում Նոր տարին ու սուրբ Ծնունդը

«Արդեն երկրորդ տարին է՝ մենք, ինչպես հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ, ստիպված ենք Նոր տարին՝ ընտանեկան տոնը, նշել վարձակալած ուրիշի տանը։ Մենք կորցրինք մեր տունն ու հայրենիքը, թողեցինք Արցախում այն ամենը, ինչ ձեռք էինք բերել տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում,  կորցրինք հարազատներին ու ընկերներին։ Ինչպիսի՞ն է Ամանորն այստեղ: Պարզապես փոխվում են օրն ու ամսաթիվը։  Ես անհանգստանում եմ, որ արդեն երկրորդ տարին է՝ չեմ կարողանում երեխաներիս համար ապահովել այնպիսի տոնական տրամադրությունն ու խնջույք, որոնք Արցախում էինք կազմակերպում»,- REGIONSTV-ի հետ զրույցում  պատմում է Արցախից բռնի տեղահանված, այժմ Երևանում բնակվող Լուսինե Հայրապետյանը։

32-ամյա Լուսինեն ծնվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, ամուսնացել ու տեղափոխվել Մարտակերտ քաղաք, որտեղ ապրել է 11 տարի։ Լուսինեն պատմում է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին երեք անչափահաս երեխաների հետ ստիպված է եղել հեռանալ Արցախից։ Ամուսինը զինվորական է, ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում, ինքը չի աշխատել, երեխաներին էր խնամում, ամուսնու աշխատավարձը բավարարել է, իսկ երեխաները մեծացել են՝ ի ուրախություն ծնողների։

Լուսինե ամուսինը 2020 թվականին մասնակցել է 44-օրյա պատերազմին, 2023 թվականի սեպտեմբերի մեկօրյա պատերազմին։

Դժվարությամբ է խոսում Արցախի շրջափակման, վերջին պատերազմի ու բռնի տեղահանման օրերի մասին։

Ասում է՝ դժվար, ծանր օրեր էին․«Քաղցած  հացի հերթ էին կանգնում։ Պարզ չէր՝ կկարողանա՞յի հաց գնել, թե՞ ոչ։ Եվ եթե ես չէի կարողանում հաց գնել, իմ երեխաները պետք է քաղցած քնեին, քաղցած գնային դպրոց։

Հիշում է բռնի տեղահանման օրերը, ասում է՝ միակ ցանկությունը երեխաներին փրկելն էր, այլ բան չէր էլ կարող մտածել․ «Երեք օրից քաղցած հասանք Հակարի կամուրջի մոտ, հետո՝ Երեւան։ Այստեղ տուն կամ բնակարան չգտանք, շատ թանկ էին, ու ստիպված տեղափոխվեցինք Սեւան։ Արցախից դուրս էինք եկել առանց տաք հագուստի, ոչ մի բան չէինք հասցրել վերցնել, իսկ Սեւանում այդ  ցուրտ եղանակին երեխաներս դպրոց պետք է գնային։ Բայց հիմա ուզում եմ Նաիրայի մասին պատմել։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նա այդքան մեծ սիրտ ունի։ Նրա որդին՝ Աբիկը, վիրավորվել էր Հադրութում և 12 անգամ վիրահատվել, առողջություն եմ մաղթում նրան։  Երբեք չեմ մոռանա Նաիրայի բարությունը։ Նա իր ընկերուհիների` Լիլիթի և Արևի հետ միասին աջակցում էին ինձ՝ դրամահավաք կազմակերպեցին, երեխաներիս համար հագուստ տրամադրեցին։ Նրանց օգնության շնորհիվ երեխաներս կարողացան գնալ դպրոց, և դա նրանց առաջ շարժվելու մոտիվացիա տվեց։ Հիմա ինձ համար Նաիրան ամենամոտ մարդն է, երբ դիմում եմ՝ միշտ օգնում է: Երանի մեր Հայաստանում շատ լինեն Նաիրայի, Արևի, Լիլիթի նման մարդիկ»:

Այժմ Լուսինեն ու իր երեխաները  բախվում են նոր դժվարությունների։ Ասում է՝ Սևանից Երևան են տեղափոխվել, քանի որ երեխաներն աողջական խնդիրներ ունեն, տղաս երեք անգամ վիրահատվել է․«Սթրեսի և ռմբակոծության հետևանքով տղայիս  տեսողությունը թուլացել է։ Աղջիկս նույնպես դեղորայք է ընդունում, առողջական խնդիրներ ունի։ Ես չեմ աշխատում, չնայած ամուսինս աշխատում է, բայց աշխատավարձը չի բավարարում, շատ ցածր է աշխատավարձը։ Բնակարանի վարձի, կոմունալների, դեղորայքի համար պետք է վճարենք 140 հազար դրամ, վերջում բան չի մնում»։

Շարունակելով պատմել արցախցիների առջեւ ծառացած դժվարությունների մասին, Լուսինեն ասում է, որ իր ծանոթներից շատերն արդեն մեկնել են այլ երկրներ՝ փնտրելու ավելի լավ կյանք․«Բայց մենք դա մեզ չենք կարող թույլ տալ։ Կառավարությունը գոյատևելու համար չնչին գումար է հատկացնում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40+10 հազար դրամ։ Այս գումարը հազիվ է բավարարում ծախսերը հոգալու համար, դա էլ մինչև 2025 թվականի ապրիլն է լինելու։ Սա, իհարկե խնդիր է, քանի որ բազմաթիվ արցախցիներ, որոնք մշտական ​​եկամուտ չունեն, կմնան փողոցում։  Ես կարողանում եմ ծայրը ծայրին հասցնել միայն հարազատներիս աջակցության շնորհիվ»։

Լուսինեն հույս ունի, որ մի օր իրենց տուն են վերադառնալու, իսկ հիմա պարզապես աղոթում է երեխաների աողջության և խաղաղության համար։

Ամանոր է, ու թեև Լուսինեն սիրտ չունի, բայց երեխաներին ուրախացնելու համար  փորձում է տոն ստեղծել, բայց համեստ։ Ֆինանսական սղության պատճաով սեղանին միայն թխվածքաբլիթներ են, մրգեր ու տոլմա։ Նրա խոսքով` կարոտում է Արցախում իր պատրաստած ամանորյա ուտեստների բույրերը, տոնին ընդառաջ երեխաների ուրախ ծիծաղը։ Այս տարի նա նույնիսկ չէր ուզում զարդարել տոնածառը․ «Մեկ շաբաթ առաջ երեխաները հարցրեցին՝մայրիկ, բա ո՞ւր է տոնածառը։ Նրանց բացատրեցի, որ այս տարի տոնածառ չի լինելու։ Մեր հարևանները հաճախ են հավաքվում մեր տանը, նրանք նկատել էին, որ մենք տոնածառ չունենք։  Հարևաններից մեկը զարդարանքներ էր բերել ու երեխաներիս հետ զարդարեցին տոնածառը։ Զարդարելիս հարևանուհիս ասաց՝ երեխաները այնքան քիչ բան են հասկանում կյանքից, և նրանց համար տոները ուրախություն են, խաղ և ժպիտ։ Գոնե այս տարի դու պետք է երեխաների համար տոնական մթնոլորտ ստեղծես»։

Դժվար է, արդեն երկրորդ տարին է, ինչ Ամանորն ու Սուրբ ծնունդը Լուսինեի ընտանիքը դիմավորում է սեփական տան պատերից դուրս։

«Այս Ամանորը շատ է տարբերվում նախորդ տոներից՝ Արցախում նախապես էինք պատրաստվում։ Երեխաների հետ մեր ձեռքերով պատրաստում էինք ամանորյա զարդարանքներ, Ձմեռ պապիկին նամակներ էինք գրում ու դնում բարձի տակ։ Երեխաներին ասում էի՝ Ձմեռ պապիկը կգա, նամակները կվերցնի, հետո ձեզ նվերներ կբերի,- հիշում է Լուսինեն՝ գրկելով երեխաներին, ապա շարունակում․« Արցախում բոլոր տոները, հատկապես Ամանորը, մեծ շուքով էինք նշում։  Դեկտեմբերի 31-ին մեծ տոնական սեղան էինք գցում, ուղիղ կեսգիշերին հրավառություն անում,  մեծ տոնախմբություն էինք կազմակերպում և ուրախանում մեր հարազատների հետ։ Մի ամբողջ շաբաթ այսպես էինք նշում, պարտադիր Սուրբ Ծնունդն էինք նշում»։

Արցախցի Լուսինեն ասում է․ «Ինձ համար շատ դժվար է այստեղ իմ տեղը գտնել, երեխաներս նույնպես չեն կարողանում հարմարվել։ Հույս ունեմ կվերադառնանք  մեր հայրենիք, Արցախը կվերածնվի։ Ամուսինս ասում է՝ մենք ամեն ինչ կորցրել ենք՝  Արցախն ենք կորցրել։ Բայց, փառք Աստծո, մենք ապաստան գտանք Հայաստանում, և մեր եղբայրների ու քույրերի հետ ենք հայրենի հողում։ Պետք է հիշենք, որ մեր ընտանիքն է ամենակարևորը, որ մեր երեխաներն ու հարազատները ողջ ու առողջ են։ Գիտեք, ոչ բոլորի բախտն է բերել այս հարցում։ Երեխաները մեր կարիքն ունեն, մենք պարտավոր ենք նրանց ապահովել այն ամենով, ինչ անհրաժեշտ է ապրելու համար։ Ես պետք է ինքս ինձ հասկանամ, գիտակցեմ ու որոշեմ, որ հանուն մեր երեխաների պետք է հարմարվեմ նոր կյանքին։ Շատ դժվար է, վերքերը լավանում են, բայց ոչ սրտում…»:

Լուսինեի սրտում դեռ թարմ է կորստի զգացումը։ Նոր տարին, որը պետք է նոր հույս լիներ, այն դատարկ է թվում սեփականի հողից դուրս։  «Մենք շարունակելու ենք երազել և հուսալ լավագույն կյանքի մասին»,-ցածր ձայնով ասում է նա՝ հավատալով, որ 2026-ի Նոր տարին դիմավորելու է Արցախում։

 

  Զաբելա Ավագյան

Նորություններ