Հնարավո՞ր է Գյումրիում լիմոն, անանաս, բանան, սուրճ, լայմ աճեցնել․ տնտեսվարողի առաջարկը
Անցած տարիների արածն ու չարածն ամփոփելիս, շինարարները չեն շրջանցում այն փաստը, որ Գյումրին հանրապետության ամենաամուր քաղաքն է դարձել։ Այն, ինչ կառուցվել է հետերկրաշարժյա ժամանակաշրջանում, սեյսմակայուն է։ Բայց քաղաքն ունի մոտ 100 վթարային շենք, որոնք 9 բալ ուժգնության երկրաշարժին արդեն դիմակայել են, բայց կառավարությունը դրանք դասել է հանրապետության մյուս վթարային շենքերի հետ նույն շարքում։
Շենքերի սեյսմակայունության մասնագետ Հրաչ Մուրադյանի խոսքով՝ կառավարությունը պետք է առանձնահատուկ վերաբերմունք ունենա Գյումրիի վթարային շենքերի հանդեպ ու դրանց վերականգնումն արագացնի։
Գործարար Ցոլակ Չադրյանի կարծիքով՝ գյուղատնտեսությունը բավականին ծանր ու աշխատատար ճյուղ է, և օգտվելով գլոբալ տաքացման արդյունավետությունից, պետք է այն զարգացնելու ծրագրեր մշակել ու կյանքի կոչել։ Իր փորձով է կիսվում ու ներկայացնում, թե ինչպես կարելի է Գյումրիում ջերմոցային պայմաններում լիմոն, անանաս, բանան, սուրճ, լայմ և արևադարձային այլ բույսեր աճեցնել և գյուղատնտեսությունը վերափոխել։
Երկրաբանական գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը 2024 թվականի ձեռքբերումներից մի քանիսն այնուամենայնիվ առանձնացնում է. Ամենափրկիչ եկեղեցու օծում, Շիրակ օդանավակայանի ընդլայնում, Բարեկամության այգում կարուսելների տեղադրում, ծանրորդ Վարազդատ Լալայանի հաղթանակն աշխարհի առաջնությունում։
«Այս ձեռքբերումները սակայն բավարար չեն, Գյումրին լիարժեք զարգացնելու համար պետք է տեղում ազատ տնտեսական գոտի ստեղծվի»,- ասում է Նազարեթյանը։
Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Փավստոս քահանա Սարգսյանի խոսքով՝ դեպի եկեղեցի մարդկանց հոսքը մեծացել է, բայց երիտասարդների մոտ նկատելի է կրոնամերժություն, որը Երևանից է ներթափանցել։ Հաջորդ տարվանից, ըստ քահանայի, պետք չէ ոչինչ սպասել, քանի որ Նոր տարին ընդամենը ժամանակ է բերելու մեզ, ու պիտի մենք տրամադրվենք, թե ինչ ենք դնելու այդ նոր ժամանակի մեջ։