«Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական զենք, Հայաստանը նույնպես զենք է գնում, բայց ավելի քիչ քանակությամբ և բացառապես պաշտպանական նպատակներով»․Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր տարին ամփոփող ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հայտարարություններին, ինչպես նաև սահմանազտման մասին հարցերին
«Զենք գնելը բոլորի ինքնիշխան իրավունքն է։ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է նաեւ պաշտպանել իր սահմանները»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ արձագանքելով Բաքվի այն հայտարարություններին, թե Հայաստանը սպաազինություն է ձեռք բերում, ինչը նոր լարվածություն կբերի տարածաշրջանին։
Միրզոյանի խոսքով․«Եթե նույնիսկ մտահոգություններ կան, հայտնի է, որ մենք ճանաչում ենք մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ մեր հարեւանները կճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը»։
Միրզոյանը հիշեցրեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ մեր հարեւանների դեմ ռազմական գործողություն իրականացնելու մտադրություն չունենք․« Մենք ակնկալում ենք, որ մեր հարեւանները նույն վարքագիծը դրսեւորեն մեր նկատմամբ։ Միաժամանակ մենք բարեփոխում ենք մեր բանակը, եւ այս բարեփոխման բաղադրիչներից մեկը զենքի գնումն է։ Մեզ մտահոգում է հարձակում իրականացնելու Ադրբեջանի հնարավոր մտադրությունը։ Մենք բազմիցս տեսել ենք, որ այդ զենքերն օգտագործվում են Հայաստանի դեմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով»։
ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական զենք, Հայաստանը նույնպես զենք է գնում, բայց ավելի քիչ քանակությամբ, քան Ադրբեջանը, և Հայաստանը ձեռք է բերել եւ շարունակելու է զենք ձեռք բերել բացառապես պաշտպանական նպատակներով, իսկ ձեռք բերված սպառազինությունը Հայաստանը չի պատրաստվում հետ ուղարկել։
«Ադրբեջանը օկուպացրել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր հայկական տարածք, եւ նույնիսկ այս դեպքում մենք չենք պատրաստվում ռազմական ճանապարհ դիտարկել, այլ մտադիր ենք այդ հարցը դիտարկել որպես սահմանազատման գործընթացի մաս։
Մենք չենք պատրաստվում հետ ուղարկել գնված զենքերը, բայց եթե Ադրբեջանի մտադրություններն անկեղծ են, ապա մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ։ Սակայն, ինչպես մյուս կառուցողական առաջարկները, այս առաջարկը նույնպես դրական արձագանք չի գտել»,- ասաց նախարարը։
Արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե «արևմտյան ադրբեջանցիները» պետք է վերադառնան իրենց հայրենիք, Միրզոյանն ասաց՝ դա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների ապացույց է:
Տարին ամփոփող ասուլիսի ժամանակ Միրզոյանը խոսեց նաև ՀՀ- ԱՄՆ հարաբերությունների մասին, ասաց՝ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն է հաստատվել․«Մենք պայմանավորվել ենք դրանք բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկումներ են ընթանում, հանդիպումներ են նախատեսվում համապատասխան փաստաթղթի ստորագրման շուրջ»։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությանը, ապա նախարարը վստահեցրեց՝ ՀՀ-ի օրակարգում ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման հարց չկա։
Բաքուն ու Երևանն այսօր հայտարարել են, որ հունվարին նախատեսվում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։ Ասուլիսում հնչած հարցին՝արդյոք սահմանազատումը կարող է շարունակվել Հայաստանի օկուպացված տարածնքերից, Միրզոյանը պատասխանեց․«Ես այս փուլում, ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»։
Հարցին՝ եթե Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների օրակարգ բերի սահմանազատումն անկլավ-էքսկլավների հատվածում շարունակելու առաջարկ, հայկական կողմի դիրքրոշումը ո՞րն է լինելու, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանեց․«Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին անկլավ-էքսկլավների հարցը քննարկելու»։