Պետական մասնաբաժնով ռազմարդյունաբերական խոշոր ընկերություններն արդեն շահույթով են աշխատում, նախկինից կուտակված պարտքերը սկսել են մարել․Մխիթար Հայրապետյան | Region

Պետական մասնաբաժնով ռազմարդյունաբերական խոշոր ընկերություններն արդեն շահույթով են աշխատում, նախկինից կուտակված պարտքերը սկսել են մարել․Մխիթար Հայրապետյան

Հունվար 09,2025 17:55

ԲՏԱ նախարարն ասում է ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների համար դյուրացրել են խաղի կանոնները՝ ՊՆ-ի համար սեփական արտադրանքը մատակարարելիս այլևս հարկավոր չէ շահույթի շեմ սահմանել

2024-ին վերջապես հաջողվեց մեծ փաթեթով փոփոխություններ ընդունել ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքում, որը 4 նոր գործառույթներով է օժտելու ռազմարդյունաբերության կոմիտեին։ Այս մասին այսօր հրավիրված  ասուլիսի ժամանակ ասել է բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության  նախարար Մխիթար Հայրապետյանը:

Այդ գործառույթներից առաջինը կանոնակարգելու և հեշտացնելու է ոլորտում գիտահետազոտական աշխատանքներն ու փորձարարական մշակումները։ Ըստ նախարարի՝ առավել հեշտացված խաղի կանոններ են սահմանվում ռազմարդյունաբերության ոլորտի ընկերությունների համար, որոնք  օգտվում են պետական դրամաշնորհային ծրագրերից։

Մյուս ուղղությունը վերաբերում է անհրաժեշտ քանակի փորձանմուշներ ռազմարդյունաբերության ընկերությունների կողմից փոխանցելու կառավարության որոշմանը: Նախարարի խոսքով՝սրանով վերջապես հնարավորություն է ստեղծվում դեռևս 2024-ի հունվարի 1-ից նախարարությանը հատկացված 1,5-միլիարդանոց բյուջեն նպատակային ծախսել․«Այս կարգերը ուժի մեջ մտնելու հետո արդեն ռազմարդյունաբերական ընկերությունները հնարավորություն կունենա դիմել ռազմարդյունաբերության կոմիտեին և պետական փորձարկումների համար անհրաժեշտ քանակի փորձանմուշներ ստանալու համար ֆինանսական աջակցություն ստանալ մեր կողմից»։

Նախարարի ներկայացմամբ՝ նոր փոփոխություններով պետական փորձարկումների ողջ գործընթացները դյուրացվելու են։ Իսկ 4-րդ կարգը, ինչպես ասել է նախարարը,  վերաբերում է անհրաժեշտ լրամասերի, նյութերի, բաղադրիչների համապատասխան գնումներին, նախարարությունը դրանք պահուստավորելու է, իսկ հետագայում վերաբաշխելու ռազմարդյունաբերական ընկերություններին։

«Տասնամյակներ շարունակ ռազմարդյունաբերական ընկերությունները, որոնք ՊՆ-ի հետ պայմանագիր էին կնքում, սեփական պրոդուկտները մատակարարելիս՝ հաշվի էր առնվում, որ անհրաժեշտ էր սահմանել շահույթի շեմ, ինչը սահմանափակում էր մեր ընկերություններին 15%-անոց շահույթի շեմով»,-ասել է Հայրապետյանը: Նրա ներկայացմամբ՝ երկարատև բանակցությունների, քննարկումների արդյունքում  որոշում է կայացվել՝ այդ ընկերությունների համար շահույթի շեմը հանվել է՝ ռազմաարդյունաբերողները և հիմնական պատվիրատուները այլևս բանակցությունների միջոցով կկարողանան սահմանել գինը․«Սա յուրօրինակ ձևով թթվածին է լինելու ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների համար»։

Նախարարի վստահեցմամբ՝ պետական մասնաբաժնով ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունները երկար դադարից հետո առաջին անգամ հնարավորություն ունեցան գրանցել շահույթ․«Սա նշանակում է, որ նախկինից կուտակված պարտքերը՝ աշխատավարձերի մասով, տարատեսակ այլ կառույցների, կազմակերպությունների առջև ունեցած ֆինանսական պարտավորությունները սկսել են մարվել, աշխատակիցները սկսել են ստանալ ամիսներ շարունակ դեռևս չվճարված աշխատավարձերը»:

Սա, ըստ Հայրապետյանի, հնարավոր է եղել իրականացնել ՊՆ-ի եւ ոլորտի գործարանների՝ եռակողմ ձևաչափով համագործակցության արդյունքում, ինչպես նաև  տվյալ ընկերություններում կատարված որոշակի կադրային փոփոխությունների, արդյունավետ կառավարման մոդելներ ներդնելու արդյունքում։

«Ընդ որում, դեռևս չենք հասցրել այդ գործարաններում իրականացնել զարգացման ծրագրեր, պարզապես ընդամենը այս երեք գործոնները բավարար էին ցույց տալու համար, որ իրապես պետական բաժնեմասով ընկերությունները հնարավոր է կառավարել արդյունավետ, արդյունավետ ձևով և ոչ միայն պարտավորությունները մարել, այլև գեներացնել շահույթներ, որոնք իհարկե, մեծ ծավալ չեն կազմում»,-ասել է Հայրապետյանը:

Նա վստահեցրել է՝ մտադրություն կա զարգացման ծրագրեր իրականացնել   ներդրումների միջոցով, ակնկալվում է, որ պետական բաժնեմասով այս ընկերությունները կարող են ժամանակին արտադրել ապրանք, որը կմատակարարվի զինված ուժերին։

Հայրապետյանը հայտարարել է՝ռազմաարդյունաբերության ոլորտը, բացի մեր անվտանգային կարիքներին սպասարկելու կարևորագույն գործոն լինելուց, կառավարությունն այն դիտարկում է որպես տնտեսության կարևորագույն ոլորտ․«Մենք հավատացած ենք, որ տնտեսության այս ճյուղը հնարավոր է գրագետ կառավարելու և ներդրումներ կատարելու միջոցով կայացնել, որը տնտեսության մեջ կարևորագույն դերակատարում և ուղղություն է դառնալու: Շատ կարևոր է ժամանակի ընթացքում քաղաքականություններն այնպես մշակել, որ մի շարք ընկերություններ ունենան կարողունակություններ, ծավալներ՝ մեր հայրենական արտադրանքները նաև արտահանելու համար։  Նախատեսում ենք արտահանման ընթացակարգերի հստակեցում։ Մտավոր սեփականության պահպանման մեխանիզմն ենք մտադիր լավարկել, որը էլ ավելի գրավիչ կդարձնի գիտնականներին, ինժեներներին գալ և օգտվել պետության կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերից»։

 

Նորություններ