«Ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»․Փաշինյան

Կառավարության որոշմամբ ընդլայնվում է զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է որոշում, ըստ որի կընդլայնվի զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Հարցը ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով. «Որոշման նախագծի համաձայն՝ զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում ենք քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ ընդլայնվում է տվյալ տարում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացիներին զինկոմիսարիատներում հաշվառման վերցնելու նպատակով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններում իրականացվող բժշկական հետազոտությունների ծավալը:
Զինկոմիսարիատների կողմից առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպություններին և բժշկական հաստատություններին հետազոտության ենթակա քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է թվային տարբերակով, էլեկտրոնային առողջապահության Armed համակարգի միջոցով: Զինապարտ քաղաքացիների առողջական վիճակի լաբորատոր և գործիքային հետազոտությունների վերաբերյալ տեղեկատվություն առողջապահական հաստատություններից ստացվում է միայն թվային տարբերակով՝ Armed համակարգի միջոցով: Գործիքային МРТ, ուլտրաձայնային և ռենտգենաբանական հետազոտության նկարներ և լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները, արտածումները և եզրակացությունները պետք է ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության Armed համակարգ և պահպանվեն 10 տարի ժամկետով: Ախտորոշման համար հիմք հանդիսացող կամ բուժման ընթացքը նկարագրող օբյեկտիվ զննության, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, ներառյալ՝ քաղաքացու ամբուլատոր քարտում առկա ամբողջ տեղեկատվությունը պարտադիր պետք է մուտքագրվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ՝ թվային տարբերակով»:
Սուրեն Պապիկյանը նշել է, որ Կառավարության 2018 թվականի համար 404 N որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի թվայնացման շրջանակում հաստատված հիվանդության աստիճանը կամ փուլը որոշելու նպատակով էլեկտրոնային առողջապահական համակարգի կողմից կարող է բժշկին առաջարկվել իրականացնել լրացուցիչ հետազոտություններ: «Ներկայումս, երբ թիվ 404 որոշմամբ հիվանդությունների ցանկը գոյություն ունի, և նկարագիրը կա, թե այդ հիվանդությունը ինչպիսի նկարագիր պետք է ունենա, բժիշկը տալիս է եզրակացություն, սակայն կա հիվանդության ախտորոշման տարբերակներ, որոնք ցույց են տալիս հիվանդության աստիճանը: Համակարգն ավտոմատ կարող է բժշկին առաջարկել ամբողջական ստուգել, որի բերումով մենք այլևս խնդիր չենք ունենա հետագայում բժշկական փորձաքննության ժամանակ կրկնակի փորձաքննությունների գնալու: Ընթացիկ զորակոչի ժամանակ 1800-ից ավելի զինակոչիկ ուղարկվել է կրկնակի փորձաքննության: Այդ թիվն, ըստ մասնագետների, 90 տոկոսով կարող է պակասել, երբ ամեն ինչը տեղի ունենա էլեկտրոնային համակարգի միջոցով: Դրա հարակից բոլոր հետազոտությունները կարվեն, և հարց չի առաջանա, թե հիվանդության ինչ աստիճանում է գտնվում զորակոչիկը կամ անձը»,-ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանի խոսքով՝ կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց, քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, ինչն ամենակարևոր հանգամանքներից մեկն է, դրանով իսկ ապահովելով գործընթացի արդյունավետությունը:
Քննարկվող թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ են գալիս: Այս որոշման իմաստն այն է, որ այդ հետազոտություններն արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպես եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում: Այս թեմայի մասին մենք շատ ենք խոսել. սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է»:
Անդրադառնալով բանակից անօրինական ճանապարհներով ազատվելու երևույթին՝ վարչապետը նշել է, որ դրա 30-ամյա գործընթացի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում. «Ես ուզում եմ մի հետևության մասին կիսվել, որը առաջին հայացքից տարօրինակ կհնչի, որի մասին երևի առաջիկայում ավելի մանրամասն խոսելու առիթ կունենամ: Ես զգում եմ, որ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ: Մեր իրականության մեջ աղջիկներն ավելի, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ դա կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում»:
Վարչապետն անընդունելի է համարել մեր իրականության մեջ տարածված այն երևույթը, երբ տղաների հանդեպ չափից դուրս հոգատար վերաբերմունք է ցուցաբերվում. «Սա մեր մեջ խորը դեգրադացիաներ, պրոբլեմներ է առաջացրել: Մենք այս պրոբլեմը պետք է որևէ ձևով լուծենք: Մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց ամբողջ հետագա կյանքը»:
Փաշինյանի խոսքով՝ այստեղ պարզ լուծումներ չկան. «Սա շատ բարդ հարց է: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»: