«Այլ երկրներից թռիչքներ են իրականացվում՝ ըստ երևույթին ռազմական տեխնիկա տեղափոխելով Բաքու»․Արմեն Գրիգորյան | Region

«Այլ երկրներից թռիչքներ են իրականացվում՝ ըստ երևույթին ռազմական տեխնիկա տեղափոխելով Բաքու»․Արմեն Գրիգորյան

Հունվար 23,2025 15:41

Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով, ԼՂ հայաթաափման պատճառը Հայաստանի իշխանությունները չեն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններին,  մասնավորապես այն խնդրին, որ Ադրբեջանը խոսում է սպառնալիքների լեզվով, ասաց՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ ձեւակերպված է օրակարգային հարցերով:

«Մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը ապաշրջափակումն է, Հայաստանն առաջարկել է «Խաղաղության խաչմերուկը», որը մեր տեսլականն է: Բացի դրանից՝ եւ Խաղաղության պայմանագրի, եւ սահմանազատման հարցերով շարունակում ենք շարժվել առաջ։ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ մեր առաջնահերթություններից մեկը»,-ասաց Արմեն Գրիգորյանը՝

Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ-ն խաղաղություն խնդրում, իսկ  Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ է անում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Մենք խաղաղություն չենք խնդրում, առաջարկում ենք խաղաղ լուծումներ բոլոր գոյություն ունեցող հարցերում: Արդեն նշեցի, որ ապաշրջափակման հարցում մենք առաջարկել ենք Խաղաղության խաչմերուկը,   Խաղաղության պայմանագրի հարցում առաջարկել ենք լուծումներ։ Շարժվելու ենք այս ուղղությամբ»:

Հարցին՝ կա՞ որոշակի համաձայնություն «Խաղաղության պայմանագրի» այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերը համաձայնության չէին գալիս,  Գրիգորյանը պատասխանեց՝մենք առաջարկություններ ենք փոխանցել Ադրբեջանին եւ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին․«Խոսքը երկու հոդվածների մասին է, որոնց վերաբերյալ վերջնական համաձայնության չենք եկել, բայց հուսով ենք, լուծում կգտնվի»:

Հարցին՝  ճի՞շտ է, որ Թրամփ-Փաշինյան հեռախոսազրույցից հետո ինքը եւ Արարատ Միրզոյանը փորձել են Թրամփի վարչակազմի համապատասխան պաշտոնակիցների հետ խոսել, սակայն հեռախոսազանգերը տեղի չեն ունեցել, քանի որ ամերիկյան կողմը ցանկություն չի ունեցել խոսել, Գրիգորանը պատասխանեց՝ ընդհանրապես ԱՄՆ-ում որոշակի սահմանափակումներ կան, գալիք պաշտոններ զբաղեցնողները որոշակի սահմանափակումներ ունեն․«Մենք, բնականաբար, ցանկություն կունենանք հեռախոսազանգեր կազմակերպել, երբ իրենք պաշտոնի կանցնեն: Խոսքը միայն հեռախոսազանգերի մասին չէ, ընդհանրապես ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքի մասին է: Մեր ամբողջ թիմն աշխատանքներ է տանում, որպեսզի նոր ընտրված կամ պաշտոնի անցած նախագահ Թրամփի թիմի հետ աշխատենք»:

Գրիգորյանի գնահատմամբ՝ Հայաստան-ԱՄՆ օրակարգը շատ լավ հիմքերի վրա է, մանավանդ՝ ստորագրված ռազմավարական համագործակցության խարտիայից հետո:

Գրիգորյանը նաև ասաց, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները մտահոգության տեղիք են տալիս,  նշելով՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են իրականացվում, թռիչքներ են իրականացվում այլ երկրներից՝ ըստ երևույթին ռազմական տեխնիկա տեղափոխելով Բաքու․«Վերջին տարիներին մենք աշխատել ենք տարբեր ուղղություններով, որպեսզի տարածաշրջանում հնարավորինս կայունություն ստեղծենք։  Հայաստանում ԵՄ առաքելությունը, որը հուսով ենք, որ կերկարաձգվի,  Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, Հայաստանում ռազմական բարեփոխումները նույնպես։ Սրանք որոշակի կայունության ապահովման համար կարևոր գործոններ են։ Այս ամենը մենք միասին ենք հաշվի առնում»։

Անդրադառնալով Արցախի հայաթափմանը, Գրիգորյանն ասաց՝ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով․«Դրա պատճառը Հայաստանի իշխանությունները չեն»։

Նորություններ