Հուսանք՝ խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի եւ Ադրբեջանի համար կամփոփվի երկուստեց ընդունելի դրույթներով․միայն սա կարող է հիմք լինել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար․Բոճորիշվիլի | Region

Հուսանք՝ խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի եւ Ադրբեջանի համար կամփոփվի երկուստեց ընդունելի դրույթներով․միայն սա կարող է հիմք լինել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար․Բոճորիշվիլի

Հունվար 30,2025 13:37

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Երևանում է, նա վստահեցրեց, որ Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի

Հայաստան-Վրաստան հարաբերություններում 2024 թվականին շոշափելի առաջընթաց է գրանցվել, ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Այս մասին այսօր Երևանում կայացած Վրաստանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունների նոր որակը, նոր փաստաթուղթը նոր հնարավարություններ են բացում մեր առաջ՝  քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, հումանիտար ու այլ ոլորտներում մեր գործընկերությունն ամրապնդելու առումով:

Միրզոյանն ասաց, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ ամփոփել են 2024-ին երկու երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել՝ առաջիկա անելիքները․«Բարձրագույն եւ բարձր մակարդակներով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա իրական, լավ երկխոսություն, նաեւ երկու արտաքին գործերի նախարարությունների միջեւ կա մշտական կոնտակտ եւ խորհրդակցություններ։ Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանն ու Վրաստանը: Երբ նշում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում պետք է նշել նաեւ Ադրբեջանը»:

Հ ԱԳ նախարարն անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկին», ասաց՝  այն ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն երեք երկրների միջեւ, նաեւ ավելի մեծ տարածաշրջանային համագործակցություն այլ երկրների մասնակցությամբ եւս:

«Այս նախաձեռնության շրջանակներում մենք արել ենք մի առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ նաեւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Պատրաստ ենք  վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է, մենք նվիրված ենք եւ հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին»:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին էլ իր խոսքում նշեց՝ որպես արտգործ նախարար առաջին անգամ է Երևանում, բայց սա իր առաջին այցը չէ Երեւան․«Ես եղել եմ այս գեղեցիկ քաղաքում եւ վստահ եմ, որ բազմաթիվ այլ հնարավորություններ դեռ կընձեռվեն, մեծ պատիվ կունենամ ձեզ հյուրընկալելու նաեւ Վրաստանում»։

Բոճորիշվիլին հայտարարեց, որ ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, դարեր շարունակ եղած սերտ հարաբերությունների, համագործակցության վրա, որոնք կապում են այս երկու երկրները․«Այդ հիմքերը ամուր են մեր երկու ազգերի եւ երկրների միջեւ: Անշուշտ, այն շրջանակը, որը մենք արդեն իսկ անվանել ենք ռազմավարական գործընկերություն, նորանոր հնարավորություններ է ընձեռում է՛լ ավելի սերտացնելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է, մենք է՛լ ավելի մեծ հնարավորություններ ունենք մեր տնտեսական համագործակցությունը զարգացնելու: Մենք տեսնում ենք, որ շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում, շատերն են այցելում Վրաստան, եւ մենք անչափ ուրախ ենք լինում հյուրընկալելու նրանց»։

Նա նշեց, որ Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի․«Մենք պատրաստակամ ենք անելու այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու համար այդ նպատակին, վստահ լինելու համար, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ եւ բարգավաճում է։ Հուսանք՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինեն։ Միայն սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության, կայուն խաղաղության հասնելու համար։ Մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար պետք է հիմնվել հենց այս հիմքի վրա: Այսպիսով, մենք պատրաստ ենք համագործակցելու մեր հարեւանների հետ»։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության մարտահրավերների մասին խոսելիս, պետք է նշել այն մարտահրավերները, որոնք գալիս են Ռուսաստանից, որը,  ինչպես ասաց վրաց նախարարը, օկուպացրել է Վրաստանի որոշ շրջաններ․«Այդ իրավիճակով պայմանավորված ի հայտ են գալիս են խնդիրներ՝ սոցիալական, մարդասիրական, տնտեսական։ Սա շարունակում է մնալ ծանր խնդիր Վրաստանի համար: Հայաստանն ու Վրաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում»։

Նորություններ