ՊԵԿ-ը հասանելիություն չունի քաղաքացիների բանկային գաղտնիքին, կամ թե ում հետ է քաղաքացին արել գործարքը․Էդուարդ Հակոբյան | Region

ՊԵԿ-ը հասանելիություն չունի քաղաքացիների բանկային գաղտնիքին, կամ թե ում հետ է քաղաքացին արել գործարքը․Էդուարդ Հակոբյան

Փետրվար 05,2025 18:45

Խորհրդարանում այսօր քննարկել են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ հարցերը, ՊԵԿ նախագահը վստահեցրել է՝ քաղաքացիները կարող են հանգիստ լինել՝ ՊԵԿ-ը չունի ու չի ունենալու մանրամասն տեղեկատվություն քաղաքացիների բանկային գործարքների վերաբերյալ

Այսօր խորհրդարանում եկամուտների հայտարարագրման վերաբերյալ քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն անդրադառնալով հայտարարություններին, թե հայտարարգրման համակարգի միջոցով ՊԵԿ-ը կարող է հասանելիություն ունենալ քաղաքացիների բանկային տվյալներին, վստահեցրեց՝ բանկային գաղտնիքի հետ կապված մանիպուլյացիաները շատ են, եւ սխալ են գնահատում ՊԵԿ-ի հիմնական գործողությունները։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ ի՞նչ է նշանակում բանկային գաղտնիքին հասանելիություն․«Եթե անձի մասին ենք խոսում, խոսքն իր մուտքերի եւ ելքերի մասին մեկ թվով մուտք-ելք պատկերացում ունենալն է՝ առանց ունենալու հասանելիություն իր գործարքներին կամ, թե ում հետ է արել գործարքը, այդ տվյալներին։ ՊԵԿ-ը չունի այդ հասանելիությունը, այդ հասանելիությունը ստանալու է հստակ ստուգման ժամանակ։ Այսինքն՝ եթե ստուգում է բացվում որեւէ անձի վերաբերյալ, ստուգողը հնարավորություն ունի քաղաքացուց հարցնելու եւ պահանջելու այդ տեղեկատվության ստացումը՝ նորից իմ նշած սահմանափակ ձեւով՝ մուտք-ելք, մեկ թվով՝ առանց խորանալու իր գործարքների մեջ»։

Ըստ Էդուարդ Հակոբյանի՝ եթե կլինեն քաղաքացիներ, որոնք պարզապես չեն տա այդ տեղեկատվությունը, ապա դատարանի միջոցով կարող են ստանալ, սակայն դա էլ սահմանափակում է հասանելիության հնարավորությունները․«Եթե դատարանը որոշի, որ չի տալիս ՊԵԿ-ին այդ տվյալը, չենք ստանա»։

Նա հայտարարեց՝ քաղաքացիները կարող են հանգիստ լինել՝ ՊԵԿ-ը չունի ու չի ունենալու մանրամասն տեղեկատվություն իրենց բանկային գործարքների վերաբերյալ։

Նա նաև հայտնեց, որ մինչեւ 300 հազար դրամ փոխանցումը հայտարարագրման ենթակա չէ։ Ըստ նրա՝ սեզոնային աշխատանքից վերադարձողները կարող են հետագայում փոխանցումով ստանալ իրենց վաստակած գումարը։ Այս դեպքում, ինչպես ասաց ՊԵԿ նախագահը, կարգավորում կա․«Հիմնականում հարկային նոր պարտավորություն չի առաջանում։ Ավելին ասեմ՝ նույնիսկ շեմ կա։ Մենք ասում ենք՝ եթե մինչեւ 12 մլն է այդ եկամուտը, ինքը ծագման թուղթ ունենալու խնդիր չունի։ Եթե դրանից ավելի է, պետք է ունենա, եւ հարկ որպես այդպիսին չի առաջանում, որովհետեւ հիմնականում եկամտային հարկի դրույքաչափը դրսում ավելի բարձր է, քան մեզ մոտ։ Եթե կլինեն դեպքեր, որտեղ եկամտային հարկը 20 %-ից ցածր է, այդ տարբերության չափով միայն պետք է վճարել ՀՀ-ում»:

Հայտարարագիր չներկայացնելու դեպքում, ինչպես ասաց ՊԵԿ նախագահը, շտկման հնարավորություն է տրվում քաղաքացուն, մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելով, ունի հնարավորություն երկրորդ անգամ ներկայացնելու՝ շտկելով իր հայտարարագիրը․«Եթե մենք տեսնում ենք ինչ-որ խնդիր, նորից շտկման հնարավորություն ենք տալիս։ Երրորդ քայլը՝ նախազգուշացում ենք տալիս, չորրորդ քայլը նոր արդեն գալիս է տուգանքի հարցը։ Վարձու աշխատողների ու քաղիրավական պայմանագրով աշխատողների համար 5000 դրամ է տուգանքը, բայց սեփականատերերի համար ավելի բարձր է՝ 50 հազար դրամ։ Եվ հաջորդ քայլը դրա կրկնապատկումն է»։

Նա նաև հայտնեց, որ 2024 թվականին մոտ 59 հազար քաղաքացի արդեն հայտարարագիր ներկայացրել է։ Այս տարի արդեն 4451 քաղաքացի ներկայացրել են։ Առողջապահության ու կրթության գծով սոցիալական կրեդիտներ կամ սոցիալական ծախս 2024-ին ստացել է 3732 քաղաքացի, այս տարի՝ արդեն 825 քաղաքացի։

 

 

 

 

 

Նորություններ