Զբոսաշրջության կոմիտեն գրություն է ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի աշխատանքներ տանեն միջազգային կայքերից հեռացվեն Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը | Region

Զբոսաշրջության կոմիտեն գրություն է ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի աշխատանքներ տանեն միջազգային կայքերից հեռացվեն Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը

Փետրվար 07,2025 13:58

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը վստահեցնում է, որ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ նրանից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով

 

2024-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է ի տարբերություն 2023-ի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։

Նրա ներկայացմամբ՝ 2024-ին Հայաստան է այցելել 2 208 179 զբոսաշրջիկ, դա 4.6%-ով ավելի քիչ է, քան 2023-ին, երբ Հայաստան է այցելել 2 316 000 զբոսաշրջիկ։

Գևորգյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանից ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը   նվազել է, սակայն այդ թիվն աճել է  եվրոպական և ասիական երկրներից ժամանող զբոսաշրջիկների հաշվին, արդյունքում զբոսաշրջության տեմպերը նվազել են ընդամենը 4.6%ով։

ՌԴ–ից Հայաստան է այցելել 937 հազար 823 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 43%-ը, իսկ Վրաստանից Հայաստան է այցելել 279 հազար 368 զբոսաշրջիկ՝ ընդհանուր զբոսաշրջիկների 13%-ը։

Կոմիտեն, ինչպես ասաց Լուսինե Գևորգյանը, համագործակցում է միջազգային վճարային քարտերից մեկի հետ, որը վիճակագրություն է տրամադրում։ Աս տարի հստակ տեղեկատվություն կլինի,  թե միջինում որքան գումար է ծախսում մեկ եւ ավել օրեր Հայաստան այցելած օտարերկրացին։

«Կկարողանանք նաեւ արխիվային տվյալներ պահանջել 5 տարիների համար: Իսկ այս պահի տվյալներով՝ անհատ զբոսաշրջիկը, որն ինքնուրույն է պատվիրում իր թռիչքը, հյուրանոցը, ինքնուրույն է հոգում սնունդը, ծախսում է միջինում 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով խմբերով Հայաստան եկող զբոսաշրջիկները, որոնց համար նախատեսվում է հյուրանոց, ռեստորան, ավտոբուս, ուղեկցորդ եւ այլ ծառայություններ, որոնք ներառված են տուրի մեջ, միջինում ծախսում են 2000 դոլար: Մեր թիրախն է նպաստել կազմակերպված զբոսաշրջությանը, որովհետեւ մեր ենթակառուցվածքներին ավելի համապատասխան է կազմակերպված զբոսաշրջիկը, որը միջինում ավելի շատ է ծախսում»,-ասաց կոմիտեի նախագահը:

Նա նաև հայտնեց, որ կոմիտեն ՀՀ ԱԳՆ–ին գրություն է ուղարկել, որպեսզի աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացվեն։

«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ–ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,–վստահեցրեց Լուսինե Գևորգյանը։

Նորություններ