«Մեկիդ ձենը հելավ, չի լինի էս ակցիան»․Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչները ճանապարհ էին փակել

Թաղամասի բնակիչները չեն կարողանում իրենց հողամասերն իրենց ուզած ձևով տնօրինել, հողի նշանակությունը պետական մարմինները չեն փոխում
Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչներն այսօր բողոքի ցույց են իրականացրել, նրանք փակել էին ճանապարհը և պահանջում էին լուծել իրենց հողատարածքների հետ կապված հարցերը։
Բնակիչները դժգոհում են, որ իրենց հողատարածքների նշանակությունը պետական մարմինները չեն փոխում, հիմնավորում են, թե դրանք գերեզմանատան հարակից տարածքներ են, ուստի դրանք սանիտարական գոտիներ են համարվում։
Բնակիչներից մեկի ներկայացմամբ. «Հաղթանակ թաղամասի տարածքից արդեն 70 հեկտար հող դուրս է եկել որպես սանիտարական գոտի, և այս տարածքները մնացել են անորոշ վիճակում, առանց որևէ ապագայի պլանավորման»։
Բողոքի ցույցի վայրում մեծ թվով ոստիկաններ կային, իրավիճակը մի պահ լարվեց, քաշքշոց սկսվեց։ Ոստիկաններից մեկը սպանաց․«Եկել եք էստեղ, կռի՞վ եք անում մեզ հետ: Մեկիդ ձենը հելավ, չի լինի էս ակցիան: Ձեզ կոռեկտ պահեք»:
Ապա ցուցարարներից մեկը կոչ արեց մնալ հանգիստ ու չստեղծել ավելորդ խնդիրներ ոստիկանների հետ, բախումներից խուսափելու համար պահպանել կարգ ու կանոն։
Բնակիչները պատմեցին, որ այս հողերը, որոնք նախկինում հնարավոր էր օգտագործել բնակարանաշինության կամ այլ նպատակներով, այժմ մնացել են «անօգտագործելի» վիճակում, իսկ իշխանությունները, տեղաբաշխման հարցերին առնչվող որևէ հստակ լուծում չեն առաջարկում։ Հատկապես նրանց անհանգստացնում է, որ այս փոփոխությունները կատարվում են առանց նրանց կարծիքը հաշվի առնելու կամ փոխհատուցում առաջարկելու։ Սա առաջացրել է վրդովմունք տեղացիների շրջանում, որոնք նշում են, որ նման որոշումները բացասական ազդեցություն կունենան համայնքի զարգացման վրա։
Նրանք նաև հիշեցրեցին, որ հունվարի 9-ին քաղաքային իշխանության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ երեք հիմնական հարց կլուծվի, սակայն մեկ ամիս անց պարզվել է, որ ոչինչ չի փոխվել։
Ըստ բնակիչների՝ քաղաքապետարանը կամ չի ուզում խնդիրը լուծել կամ էլ քաղաքապետը տեղյակ չէ իր հանձնարարականների չկատարման մասին։
Նրանք պահանջեցին իշխանություններից գալ ցույցի վայր ու հանդիպել իրենց հետ՝ քննարկելու հարցերի լուծման կոնկրետ ծրագրեր, այլապես պատրաստվում են շարունակել իրենց անհնազանդության ակցիաները՝ մինչև պահանջներն իրականացվեն. «Կառավարությունը միջազգային նորմով հաստատել է, որ յուրաքանչյուր գերեզմանատուն, որը չունի պարսպապատ հատված՝ 300 մետր շառավղով, սանիտարական գոտի է համարվում, բայց դրա հարակից հողատարածքները պատկանում են բնակիչներին, որոնք չեն կարող շահագործել։ Մենք պահանջում ենք, որ պետական մարմիններից մեկական ներկայացուցիչ, որոնք առնչություն ունեն այս գործի հետ, հանդիպեն մեզ հետ, խնդրին տանք ընդհանուր լուծում: Մենք լուծման մեր առաջարկներն ունենք, լիազոր ներկայացուցիչ կունենանք, որը պայմանները կներկայացնի»,- ասաց Հաղթանակ թաղամասի բնակիչ Գեղամ Վլասյանը։
Ցուցարարներից մեկն էլ նշեց. «Իրենք ասել են՝ ասեք, կանենք: Եթե չեն անելու Հաղթանակ թաղամասի ասածը, եկող ընտրությունների ժամանակ մեր թաղամասը հստակ իր ձայներով կորոշի, որ մենք դեմ ենք այս քաղաքական որոշումներին»:
Սյուզաննա Խառատյան