«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից: Նա ՀՀ վարչապետն էր, այն ժամանակ որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»․Քոչարյանը ՝ Մեղրին Արցախով փոխանակելու մասին | Region

«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից: Նա ՀՀ վարչապետն էր, այն ժամանակ որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի»․Քոչարյանը ՝ Մեղրին Արցախով փոխանակելու մասին

Փետրվար 17,2025 13:52

Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է՝ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ իր՝ Ալիևի հետ բանակցություններում, ասում է՝ Թուրքիան որևէ կերպ չի երևացել

Ամբողջ բանակցային գործընթացը մինչեւ 1999 թվականը հետեւյալ բովանդակությունն ուներ՝համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից դուրս և ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքը ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իր նախագահության ժամանակ Հեյդար Ալիևի հետ քննարկել է տարածքների փոխանակման հարցը։
Հիշեցնենք, որ Պետդեպն, ըստ «Ազատություն» ռադիոկայանի,   գաղտնազերծել էր փաստաթղթեր, որտեղ մեջբերումներ էին բարձրաստիճան պաշտոնյաներից, որ Քոչարյանն ու Ալիևը բանակցել են առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Ըստ Քոչարյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ է այդպիսի առաջարկ եղել․« ««Ընդհանուր պետության» առաջարկն ի՞նչ էր՝ ինքնորոշված ԼՂ-ն եւ Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձեւով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքը: Հիմա հանկարծ Վաշինգտոնում Ալիեւն ինձ ասում է՝ եկեք իրարից պոկվենք, անջատվենք: Այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը համանախագահողների կողմից: Մտածում էի, որ եթե այդ հարցը հենց Ալիեւը բարձրացնի համանախագահողների առջեւ, ուրեմն մենք  այս կաղապարված վիճակից դուրս ենք գալիս: Այո, մենք իր հետ բանակցում էինք, ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Պրոցեսը ինքը շահավետ էր մեզ համար: Բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն են ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակի: Համոզված եմ եղել, որովհետեւ այդ ընթացքում Ալիեւն, այոնամենայնիվ, ստանում էր 6 շրջան: Կար այդ մոտիվացիան, որովհետեւ ինքը ստանալու բան ուներ»:

Քոչարյանի խոսքով՝ հիմա ասում են՝ քննարկել եք հոկտեմբերի 27-ին: Նա վստահեցրեց՝ Թալբոթը, (այն ժամանակ պետքարտուղարի տեղակալ էր) չէր եկել որեւէ առաջարկով, այդ հանդիպման ժամանակ որեւէ առաջարկ ԱՄՆ-ի կողմից չի եղել․«  Ընդհանրապես, ամբողջ բանակցային գործընթացը հետեւյալն էր. առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից եւ երբ բերում էին առաջարկ, սովորաբար գալիս էին եռանախագահներով: Ալիևը ամերիկյան կողմին պատմել է մեր բանակցային գործընթացի մասին եւ Թալբոթի պատվիրակությունը եկել է Հայաստան հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե ոչ: Եվ Ալիեւի եւ մեր ընկալումներն այդ բանակցություններից նույնն են, թե ոչ»։

Նրա խոսքով՝ մեր սեղանին առաջարկ չի դրվել, որպեսզի մենք ասենք՝ սա ընդունում ենք կամ չենք ընդունում․«Այդ ամբողջ գործընթացում 2 տարվա ընթացքում միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է ՔիՎեսթում: Ուրիշ գրավոր առաջարկ երեք համանախագահների կողմից չի եղել։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ Ալիեւն ինքը պատմի իր այդ  մոտեցման մասին համանախագահողներին, որ թեման ինքը բացի: Ես միշտ նույնիսկ չէի հավատում, որ ինքը դա քննարկում է, մտածում էի՝ վաղը հրաժարվելու է, հետ է քաշվելու: Ես ոչ «այո» էի ասում, ոչ էլ «ոչ» էի ասում: Ես շատ զգուշավոր էի, այնպես էի անում, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների»:

Հարցին՝ դա դիվանագիտական հնա՞րք էր, Քոչարյանը պատասխանեց՝ դիվանագիտությունը գլխով չուգունի պատը ջարդելը չի․«Եթէ դու ունես նպատակ, պետք է այնպես անես, բանակցության գործընթացը բերես քեզ համար ընդունելի տարբերակի։ Ես Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ հանդիպել են նաև Ստամբուլում, ընդհանրապես այդ թեմայի շուրջ որևէ բանակցություն չի եղել»։

Նա ասաց, որ ինքը Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ բանակցություններում, Թուրքիան որևէ կերպ չի երևացել։

 

Անդրադարձավ նաեւ հայտարարություններին, որ բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը համաձայնեցված է եղել ՌԴ-ի  հետ, Քոչարյանն ասաց․« Այո, մինչեւ Թալբոթի գալը, դրանից երկու շաբաթ առաջ եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է այլ հարցեր քննարկեի: Հանդիպումը պետք է տևեր 1-1,5 ժամ, տևել է 5 րոպե: Ելցինը ահավոր վատառողջ էր: Այս հարցի վերաբերյալ  ինքն ինձ ասաց՝ Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի՝ դուք մանրամասներին տեղյակ եք, թե՞ ոչ, ասաց՝ ոչ, ընդհանուր գծերով: Մենք պայմանավորվել ենք հանդիպել եւ ավելի մանրամասնորեն խոսենք այդ թեմայի մասին: Եղել է դրական ազդակ, բայց որևէ քննարկում չի եղել»:

Ինչ վերաբերում է գաղտանզերծված փաստաթղթերում առկա Թալբոթի այն հայտարարություններին, թե Դեմիրիելն ասել է՝  Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել այդ բանակցությունների մանրամասներից, Քոչարյանն ասաց. «Միայն Դեմիրելի պատմելուց ասում էր՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր որոշ մանրամասնություններին: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից: Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում: Որևէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի: Ինքը  Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկյանից մինչև վերջ»:

ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ Մեղրիի թեման հիմա տաքացել է, որովհետեւ կա միջանցքի հարց կամ ճանապարհի հարց եւ այսօր ՀՀ իշխանությունը ցանկություն ունի անել այդ զիջումը եւ հետո հայտարարել՝ ես ի՞նչ կապ ունեմ. եթե այն ժամանակ սա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա:

«Արխիվից հանել են 25 տարվա վաղեմության քննարկումները: Թող գաղտնազերծեին ՔիՎեսթի փաստաթուղթը, որը երբեք գաղտնի գրիֆ չի էլ ունեցել»,-ասաց Քոչարյանը։

Նա ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա երկու առաջարկները, 1997-ին, հրապարակված են, հիշեցրեց՝ «Ընդհանուր պետության» առաջարկը,  Մադրիդյան սկզբունքները հրապարակված են․«Կազանյան փաստաթուղթը, որքան գիտեմ՝ հրապարակված է: Երկու փաստաթուղթ  չի հրապարակված՝ 2019-ի առաջարկը, որը այս իշխանությունը թաքցրել է ժողովրդից, որը եղել է ընդունելի, եւ հրապարակված չէ Քի Վեսթի առաջարկը: Թող հրապարակեն: Ասում են՝ իրենք ունեն, թող իրենք հրապարակեն: Ես փաստաթղթերը չամադանով տուն չեմ տարել, համարել եմ, որ պետություն կա: Հիմա ասում են՝ փաստաթղթերից մեկը կոնդիցիոներից ենք հանում, մեկը խալադելնիկից, որովհետեւ 7 տարում ԱԳ 3 նախարար են փոխել, դրա համար մեկը կարող է խալադելնիկում հայտնվել, մեկը մեկ ուրիշ տեղ: Իմ ժամանակ մեկ ԱԳ նախարար է եղել 10 տարի, ինձնից հետո՝ եւս 10 տարի Էդվարդ Նալբանդյանն է եղել: Հիմա եթե 6 նախարար փոխվեր, կարող է մի ծերն էլ էս կամեռաներից մեկում հայտնվեր, մեկի տրուսիկում, կոպիտ ասած»։

Նորություններ