«Թվային աշխարհը կարող է փոխել ընթերցանության ձևաչափը, բայց գրքի արժեքը դժվար թե կարողանա փոխել»․այսօր գիրք նվիրելու օրն է | Region

«Թվային աշխարհը կարող է փոխել ընթերցանության ձևաչափը, բայց գրքի արժեքը դժվար թե կարողանա փոխել»․այսօր գիրք նվիրելու օրն է

Փետրվար 19,2025 17:00

Թվային դարաշրջանում ի՞նչ դեր ու ազդեցություն ունի գիրքըհնարավո՞ր է այսօրվա երիտարդներին մոտեցնել ընթերցնությանը, երիտասարդ ստեղծագործողի ու ընթերցասերի կարծիքները

2008 թվականից, փետրվարի 19-ին, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում գիրք նվիրելու օրն է։  Այսօր  տարբեր բնակավայրերի գրադարաններում և մշակութային կենտրոններում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ գրողների հետ հանդիպումներ, ընթերցանություն և այյլն։

Թվային այս դարաշրջանում համացանցն ու տեխնոլոգիաները փոխել են տեղեկություն ստանալու ձևերը։ Այժմ ընդամենը մի քանի րոպեում հնարավոր է տեղեկություն ստանալ ցանկացած թեմայով, համացանցում կարդալ նախընտրած գրքերը, անգամ աուդիոտարբերակով լսել դրանք։

‹‹Գոնե տարվա մեջ  մեկ օր գրքին ու ընթերցանությանը  նվիրելը զգալիորեն խթանում է վերջինիս հանրհռչակումը: Կարևոր է սիմվոլիկ 1 օր ունենալը, էլ ավելի կարևոր՝ հետագայում դա պահպանելը, մանավանդ հիմա՝ տեխնիկապես այսչափ հագեցած մեր ժամանակաշրջանում››,- REGIONSTV-ի հետ զրույցում ասում է  գյումրեցի բանաստեղծ, Գրողների Միության անդամ Լևոն Բեժանյանը:

Երիտասարդ ստեղծագործողը նաև աշխատանքի (աշխատել է «Դասավանդի’ր Հայաստան» ուսուցիչների առաջնորդության ծրագրում) բերումով շփվել է  բազմաթիվ դեռահասների ու երիտասարդների հետ, ասում է՝ շատերի մոտ է նկատել հետաքրքրություն ընթերցանության նկատմամբ։ Ստեղծագործում է   չափածո ժանրում, փոքր ինչ սրտնեղում է, որ նոր սերունդը քիչ է հետաքրքրվում պոեզիայով, հիմնականում կարդում են արձակ՝ դետեկտիվ և արկածային ժանրի գործեր:

Ստեղծագործական առումով խնդիրներ չի մտաբերում. նշում է, որ բազմաթիվ ծրագրեր կան, որոնք օգնում են կայանալ որպես գրող, զարգացնել ստեղծագործական ընթացքը:

Լևոնը համացանցի ու սոցիալական մեդիայի ազդեցության մասին ասում է՝ դրանք և´ առավելություններ, և´ թերություննր ունեն: Նշում է՝ համացանցը կարևոր է, բայց կա մտավախություն, որ այն կարող է դուրս մղել գիրքը:

Լևոն Բեժանյան

‹‹Երիտասարդները շատ երկար ժամանակ են անցկացնում համացանցում: Կարելի է հենց այս միջոցով տարածել պոեզիան: Այս առումով կարելի է նշել համացանցի դրական կողմը: Այսկերպ շատ ավելի հեշտ է դառնում նաև ցանկալի ստեղծագործությունը գտնելու և տարածելու գործընթացը: Կարելի է ստեղծել կայք, որտեղ այցելուները կկարողանան հեշտությամբ գտնել իրենց անհրաժեշտ ստեղծագործությունը, հրապարակեն սեփական գործերն ու կազմակերպեն քննարկումներ: Իհարկե այս հարթակը պետք է մշտապես լինի խմբագիրների ուշադրության կենտրոնում, ավելորդ ու անցանկալի իրավիճակներից խուսափելու համար››,-ասում է գրողը։

Նրա կարծիքով՝ հասարակությունում գրողների միակ դերը ստեղծագործելը չպետք է լինի: Վստահեցնում է՝ կարևոր  է նրանց նաև հասարակական և քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը: Ասում է՝ իհարկե, ոչ միշտ է պետք խառնել քաղաքականությունն ու պոեզիան, սակայն սեփական դիրքորոշմամբ որպես երկրի քաղաքացի այլ պարտականություններ ևս կան.‹‹Եթե դու ունես լսարան, և կարողացել ես գտնել ճիշտ ճանապարհը, այլ ոչ թե դա պարզապես քո սուբյեկտիվ կարծիքն է, կարող ես հույսդ ուրիշի վրա դնելու փոխարեն ինքդ առաջնորդ լինել և գնալ դեպի ճիշտ ուղին: Չէ որ գրողը ևս հասարակության ներկայացուցիչ է››։

Առանձնացնում է երկու գրքերը, որոնք կցանկանար նվեր ստանալ՝ Գյոթեի «Ֆաուստ»ն ու Դանթեի «Աստվածային կատակերգությունը»։  Անձամբ ինքն էլ ընթերցողներին գրքեր է առաջարկում՝ ամենատարբեր թեմաներով և նախասիրությունների․ «Եթե ցանկանում եք խորը ընկալել աշխարհի կառուցվածքը կարդացեք «Անասնաֆերմա»-ն, եթե ձեզ հետաքրքրիր է ուսուցողական թեման և ուղեղի աշխատանքը, լավագույն ընտրությունը ըստ իս Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար»-ն է։ Անպայման կարդացեք նաև Ռեմարկ»։

Ելենա Հովհաննիսյան

Ելենա Հովհաննիսյանը Շիրակի մարզում է բնակվում, նա այն երիտասարդներից է, որոնք չեն պատկերացնում իրենց առօրյան առանց գրքի ու ընթերացանության։ Մանուկուց է սիրում կարդալ։  Տարիների ընթացքում փոխվել են նախընտրած ժանրերն ու հեղինակները, բայց պոեզիայի աշխարհն իր համար մնացել է նույնքան հետաքրքիր ու հարազատ։

Ի տարբրերություն շատերի, նրա համար գիրքն իր տեղը չի կարող  զիջել որևէ այլ միջոցի․‹‹Գիրքն օգնում է ոչ միայն սովորել, այլև զարգացնել երևակայությունը, հանգստանալ և մտածել։ Թվային աշխարհը կարող է փոխել ընթերցանության ձևաչափը, բայց գրքի արժեքը դժվար թե կարողանա փոխել››:

Համոզված է՝ հնարավոր է այսօրվա երիտարդներին մոտեցնել ընթերցնությանը, կարևորը ճիշտ գրքեր գտնելն ու դրանք հետաքրքիր կերպով ներկայացնելն է, քանի որ ընթերցանության հանդեպ վարակիչ սերը սկսվում է պարզ հետաքրքրությունից։

«Գիրքը պարզապես նյութական նվեր չէ, այն նվիրելով՝ յուրահատուկ հոգևոր ու մտավոր արժեքներ ես փոխանցում: Եվ երբ, եթե ոչ այսօր կարելի է օգտագործել առիթն ու փորձել ավելացնել պոեզիայի սիրահարների թիվը»,-ասում է Ելենան:

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ