Բաքուն օկուպացված Տիգրանակերտը ներկայացնում է որպես պատմական Աղվեն բնակավայր

«Գեղարդ» հիմնադրամ․
Ադրբեջանական կողմը կրկին անդրադարձել է Արցախի Տիգրանակերտ հնավայրին և նրա շրջակայքում գտնվող հնագիտական հուշարձաններին: CBC TV Azerbaijan հեռուստալիքով ցուցադրվել է հուշարձանին նվիրված հատուկ հաղորդում, որը վարել է ադրբեջանական քարոզչամեքենայի ներկայացուցիչ Րիզվան Հուսեյնովը (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA):
Նշենք, որ Հուսեյնովը սկսած 2020 թվականից մի քանի անգամ անդրադարձել է հուշարձանին՝ տեղում նկարահանումներ կազմակերպելով և մեկնաբանություններ տալով: Առավել մանրամասն անդրադարձեր կատարվել են 2020 թվականի դեկտեմբերին (https://www.youtube.com/watch?v=3ujCWAUK0B8) և 2022 թվականի օգոստոսին (տես՝ Նորից և նորից. Տիգրանակերտը և Տիգրանակերտի արշավախումբը Ադրբեջանի պրոպագանդայի թիրախում):
Ադրբեջանական կողմը նաև այլ աղբյուրներով ծավալուն անդրադարձներ է կատարել Տիգրանակերտ հնավայրին և նրա պեղումներին (Արցախի Տիգրանակերտը կա՝ անկախ նրանից, թե ինչ է ասում այդ մասին ադրբեջանական պրոպագանդան, Ադրբեջանական պրոպագանդան այս անգամ «քննարկում» է Տիգրանակերտը):
Առաջին հերթին աչքի է ընկնում այն, որ Արցախի Տիգրանակերտի մասին ծավալուն անդրադարաձ են կատարում միայն ադրբեջանցի լրագրողները և պետական քարոզչամեքենայի ներկայացուցիչները: Թեև հնավայրում արդեն երկու տարի «պեղումներ» են իրականացնում ադրբեջանցի հնագետները, սակայն իրենք դեռևս հուշարձանի մասին ծավալուն մեկնաբանություններ, վերլուծություններ չեն ներկայացրել ո՛չ գիտական հոդվածների, ո՛չ զեկուցումների և ո՛չ էլ հարցազրույցների տեսքով:
Տիգրանակերտի մասին այս նոր տեսանյութում Րիզվան Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում Գյավուրկալա հնավայրին: Վերջինս ներկայացվում է որպես պատմական Աղվեն բնակավայր, որտեղ իբր եղել են հեթանոսական և քրիստոնեական տաճարներ: Այդպես էլ անհայտ է մնում, թե գիտական որ հետազոտության, աղբյուրի հիման վրա է Հուսեյնովը պնդում, որ Գյավուրկալան Աղվենն է և որ այդտեղ եղել են հեթանոսական տաճարներ: Հուսեյնովը այդպես էլ չի ասում, թե ինչու հնավայրը Գյավուրկալա է կոչվում, թեև տալիս է բառի բացատրությունը: Ամենից ուշագրավն այն է, որ տեսանյութում մեջբերում է արվում Գյավուրկալան խորհրդային տարիներին պեղող ադրբեջանցի հնագետ Ռ. Վահիդովից, որը հստակորեն համաձայնել է Ստեփան Երեմյանի տեսակետի հետ, որ Տիգրանակերտը ոչ միայն գոյություն է ունեցել, այլև գտնվել է Շահբուլաղի տարածքում (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):
Եվ իհարկե, Հուսեյնովը Գյավուրկալայում նկարահանումներ կատարելով չի նկատել վերջին տարիներին իրենց իսկ կողմից կատարված ավերածությունները հնավայրի տարածքում և դրա ռազմական նպատակնրեով կիրառումը (Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում):
Հաղորդումը ռուսերեն է՝ ենթադրում ենք, որ Հուսեյնովը նաև ռուսերեն կարող է կարդալ: Անհեթեթություններ դուրս տալու փոխարեն լավ կլիներ կարդար Տիգրանակերտին նվիրված ընդարձակ կայքի ռուսերեն հոդվածները (https://tigranakert.org/ru): Սա իրեն հնարավորություն կտար հասկանալ, որ Տիգրանակերտի Անտիկ՝ այսինքն Տիգրանի կառուցած ամրոցն ու վաղմիջնադարյան հրապարակը եկեղեցիներով հանդերձ գտնվում են քաղաքի տարբեր մասերում և պատկանում են տարբեր ժամանակների՝ առաջինը կառուցվել է մ. թ. ա. առաջին դարում (նկ. 1, 2), երկրորդը՝ մ. թ. 5-6-րդ դարերում (նկ. 3):
Տեսանյութը ուշադիր դիտելիս երևում է, որ ադրբեջանական կողմը, չնայած և հայ հետազոտողներին համարում է կեղծարար, բայց չի խորշում օգտագործել Արցախի արշավախմբի արած գծագրերը, հատակագծերը (իհարկե, առանց հեղինակային իրավունքի պահպանման)՝ գողանալով դրանք Արցախի հուշարձանների մշտադիտարկման կայքից (Տիգրանակերտը գրավոր աղբյուրներում):
Տիգրանակերտին նվիրված հաղորդման շրջանակներում Հուսեյնովը ծավալուն անդրադարձ է կատարում նաև Կովկասյան Աղվանքին: Այս ծիրում նա փորձում է վերլուծել Տիգրանակերտի մեծ բազիլիկ տաճարի պեղումների ժամանակ գտնված կավե սկավառակը: Իհարկե, վերլուծությունը կատարվում է հուսեյնովյան մեթոդով, որի վերջնարդյունքում հայոց այբուբենը համարվում է Մերձավոր Արևելքում օգտագործված եկեղեցական գրի տեսակ, որը ձևավորվել է ասորական և ղպտական այբուբենների հիման վրա: Այս տխմարությանը հակադարձելն արդեն իսկ անիմաստ է: Տեղադրում ենք միայն պեղումներից գտնված կավե սկավառակի մասին ինֆորմացիան (Հայերեն արձանագրություններով սկավառակը):
Հուսեյնովը նաև հայտարարում է, որ Արցախի Տիգրանակերտի արշավախումբը, իբր տեսնելով, որ պեղումների ժամանակ բացվող ճարտարապետական մանրամասները կապ ունեն ոչ թե անտիկ շրջանի հետ, այլ վաղմիջնադարի, կորցնում է հետաքրքրությունը հուշարձանի նկատմամբ և աստիճանաբար դադարեցնում պեղումները: Նկատելի է, որ կեղծարարության ետևից ընկնելով, ադրբեջանական կողմը չի նկատել, որ ծավալուն պեղումներն ընթացել են մինչև 2020 թվականը ներառյալ:
Խորհուրդ ենք տալիս Ազ-ագիտ-պրոպին գտնել մի փոքր ավելի կիրթ պրոպագանդիստի: Անկեղծորեն, հոգնել ենք այդ կիսագրագետ ելույթներին արձագանքելուց: