Արփի լճի տարածքում նավամատույց է կառուցվելու, որտեղ լաստանավեր են աշխատելու․զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ասում է՝ կոմիտեի սեղանին է Արփի լճի զարգացման ծրագիրը, ու տարակուսում՝ «միգուցե պետք չի՞, որ Արփի լիճ տանող ճանապարհները լավը լինեն ու շատ խմբեր գան։ Փորձը ցույց է տվել, որ եթե ճանապարհները բարեկարգ են, ապա տվյալ վայրը շատ է աղտոտվում»
2024 թվականին Հայաստան մուտք է գործել 2 մլն 200 հազար զբոսաշրջիկ, ինչը 4,6%-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Այս մասին Գյումրիում հայտարարեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը՝ տուր-օպերատորների, հյուրանոցների, հյուրատների եւ հանրային սննդի կետերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ նրա՝ զբոսաշրջիկների թվի նվազումը մի քանի գործոններով է պայմանավորված, այդ թվում՝ երկրի ներքաղաքական իրավիճակով, քանի որ զբոսաշրջիկները չեն սիրում այցելել այն երկրներ, որտեղ քաղաքական անկայուն վիճակ է։
2024 թվականի սեպտեմբերից Հայաստանում գործում է «Զբոսաշրջության մասին» օրենքը, որի իրականացումն ապահովելու նպատակով 30-ից ավելի ենթաօրենսդրական ակտեր են ընդունվելու։ Ըստ այդմ, ոլորտը, նաև օպերատորների աշխատանքը վերահսկելի դարձնելու, անբարեխիղճ զբոսավարներից ազատվելու համար, ըստ Լուսինե Գևորգյանի, ստեղծվելու է էլեկտրոնային պետական հարթակ, որտեղ ընդգրկվելու են զբոսաշրջային ծառայություն մատուցող այն սուբյեկտները, որոնք հավաստագրվելու են։ Այլ կերպ ասած, այն տնտեսվարողները, որոնք չեն հավաստագրվի, կստացվի, որ ոլորտում ապօրինի գործունեություն են իրականացնում, նրանց նկատմամբ տուգանքներ կկիրառվեն։ Իսկ հավաստագրված կազմակերպությունները մուտք գործելով պետական հարթակ, կդառնան հարկատու։
Օրինակ՝ հյուրանոցային բիզնեսով զբաղվողները, ըստ օրենքի, տարեկան վճարելու են 150․000 դրամ պետական տուրք։ Պետական հարթակում գործունեություն ծավալելը կվերաբերի նաև զբոսավարներին եւ ուղեկցորդներին։ Նրանք պետք է քննություն հանձնեն, որպեսզի դառնան հավաստագրված մասնագետներ։
Ըստ ոլորտի պատասխանատուի՝ հետագայում կխստացվեն նաև զբոսաշրջային ծառայություններ մատուցող ավտոբուսներին ներկայացվող պահանջները։ Դրանք շատ հին են, ուսումնասիրվել է դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, պարզվել, վիճակը բարվոք չէ։ Ներդրվելու է ավտոբուսների հավաստագրման կարգը ևս։
Լուսինե Գևորգյանի խոսքով՝ ամեն 5 տարին մեկ պիտի նվազեցնեն այդ ավտոբուսների տարիքը, սպասվում է, որ 10 տարի հետո կունենան բարելավված վիճակ։
Զբոսաշրջային ծառայությունների ոլորտ մուտք է գործելու երաշխիքային ապահովագրությունը, որը թույլ կտա այն դեպքում, երբ տնտեսվարողը անբարեխիղճ է ու զբոսաշրջիկին չի տրվում պատշաճ ծառայություն, ապա զբոսաշրջիկը իրավունք կունենա հիշյալ կազմակերպությունից ստանալ ապահովագրական վճար։
Ոլորտի ղեկավարը զբոսաշրջության մեջ մեծ ներդրում է համարում Պեկին-Հայաստան-Վրաստան զբոսաշրջային ուղղության ներդրումը Հայաստանում։ Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նախատեսվում է Գյումրիում օդային նոր չվերթներ սահմանել։
«Օդանավերն այստեղ են տեղակայվելու, Գյումրիում օդանավերի հաբ ենք ստեղծելու, լինելու է 7 ուղղություն դեպի Եվրոպական և Ասիական երկրներ։ Ցանկանում ենք, որ հյուրերը գան 2-3 օր գիշերակաց անեն Գյումրիում և շարունակեն իրենց ուղևորությունը դեպի եվրոպական երկրներ։ Հիմա եվրոպական ուղևորափոխադրողների հետ այդ բանակցություններն ենք վարում։ Ու նաև «Զվարթնոց» օդանավակայանն արդեն 95 տոկոս ծանրաբեռնվածությամբ է աշխատում, իր պիկին է հասել, դրա համար էլ ցանկանում ենք վերագործարկել Գյումրու օդանավակայանը»,- հայտնեց Լուսինե Գևորգյանը և ավելացրեց․ «Զբոսաշրջիկների առյուծի բաժինը՝ մոտ 40%-ը ռուսաստանցիներն են, իսկ մենք երկար տարիներ չենք մասնակցել Մոսկվայի զբոսաշրջային ցուցահանդեսին։ Դիմել ենք, որ այս տարի մասնակցենք։ Նաև այս ցուցահանդեսին չմասնակցելն է նվազեցրել ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։ Մեր մասնակցությունը կօգնի թարմացնել պայմանագրերը։ Նաև արտարժույթների տատանումներն են թանկացնում մեր ծառայությունները, այդ իսկ պատճառով է նաև պակասել ռուսաստանցի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»։
Ներկաները հետաքրքրվեցին, կա՞ արդյոք ծրագիր Արփի լիճ ազգային պարկը զբոսաշրջային գոտի դարձնելու ուղղությամբ։ Այն էկոտուրիզմի բավականին մեծ կենտրոն է, հազվագյուտ բուսատեսակներ են այստեղ աճում ու հազվագյուտ թռչունների կեցավայր է։ Զբոսաշրջիկները շատ են, բայց քարուքանդ ճանապարհների պատճառով այն չի դարձել զբոսաշրջային կենտրոն։
Լուսինե Գևորգյանը վստահեցրեց՝ կոմիտեի սեղանին է Արփի լճի զարգացման ծրագիրը։
«Միգուցե պետք չի՞, որ Արփի լիճ տանող ճանապարհները լավը լինեն ու շատ խմբեր գան։ Փորձը ցույց է տվել, որ եթե ճանապարհները բարեկարգ են, ապա տվյալ վայրը շատ է աղտոտվում։ Գուցե ճիշը կլինի, որ Արփի լճի տարածքը քիչ հասանելի մնա»,- հարցին հարցով է պատասխանում ոլորտի ղեկավարը։
Ներկաներն հակառակ կարծիքի էին։ Ասում են՝ ճանապարհների բարեկարգումից հետո, օգուտն հաստատ ավելի մեծ կլինի, քան վնասը։
Հիշեցնենք, որ Արփի լճին հարակից մոտ 10 գյուղ ճանապարհների վատ վիճակի պատճառով կտրված է Գյումրիի հետ տրանսպորտային կապից, այս գյուղերից արտագաղթն էլ մեծ չափերի է հասել։
Լուսինե Գևորգյանը այդուհանդերձ նշեց, որ հաստատվել է ծրագիր, որի համաձայն, Արփի լճի տարածքում նավամատույց է կառուցվելու, որտեղ լաստանավեր են աշխատելու։
Կարինե Կազարովա