Կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ին մինչև 150 միլիոն դոլարի չափով բյուջետային երաշխիք կտրամադրի

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում, ըստ այդմ՝ նշվում է, որ որոշման կիրառմամբ 150 միլիոն դոլարով պետական պարտքը կավելանա
Կառավարությունը «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու համար բյուջետային երաշխիք կտրամադրի։ Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում՝ որպես չզեկուցվող հարց։
Որոշման նախագծով սահմանվում է՝ որոշմամբ նախատեսված պայմանները բավարարելու դեպքում, այն է՝ ընկերությանը Հայաստանի բանկային համակարգից մինչև հինգ տարի մարման ժամկետով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրել մինչև 150,000,000 ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային երաշխիք:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով ընկերության բաժնետոմսերից 12.5% տոկոսին համարժեք՝ 12 503 հատ բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանին որպես սեփականություն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված նախկինում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ ակնկալվում է, որ ծրագրի իրականացումն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա տարեկան շուրջ ՀՆԱ 1.0-1.5 տոկոսի չափով:
Նախարարությունը վստահեցնում է, որ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության նպատակով կներգրավվի ավելի քան 1000 աշխատող, իսկ ծրագրի արդյունահանման կամ շահագործման ամբողջ տևողության ընթացում մշակման հանգույցներում, լաբորատորիաներում և վարչակազմում կստեղծվի շուրջ 700 աշխատատեղ:
Կառավարությունը, որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց, նպատակահարմար է համարել ընդունել երաշխիքով ապահովված վարկային պարտավորության ապահովման նպատակով հօգուտ առևտրային բանկերի ձևակերպված հաջորդող գրավը:
Նախագծում նշվում է, որ բյուջետային երաշխիքը հանդիսանում է պետական պարտքի բաղադրիչ, հետևաբար, բյուջետային երաշխիքի տրամադրումը կհանգեցնի ՀՀ կառավարության պարտքի բեռի ավելացմանը, որն, ըստ կանխատեսումների, 2025 թվականին արդեն իսկ կգերազանցի հարկաբյուջետային կանոններով սահմանված` ՀՆԱ-ի 50% շեմը (2025 թվականի պետական բյուջեի համաձայն՝ 2025 թվականին կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 54.3%):
Հետևաբար, ըստ որոշման, նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բոյւջեի եկամուտների ավելացման, իսկ բյուջետային երաշխիքի նյութականացման դեպքում՝պետական բյուջեի ծախսերի ավելացման մինչև 150 մլն դոլար գումարի չափով։
Նախատեսվող երաշխիքի գումարը կազմում է 2025 թվականի պետական բյուջեով 2025 թվականի համար կանխատեսված անվանական ՀՆԱ-ի 0.58%-ը: