«Հնարավոր են լոկալ բախումներ. Ադրբեջանին պետք է ոչ ուժով վերցրած, այլ փաստաթղթավորված միջանցքը՝ այդ տարածքներով հաղորդակցությունն օգտագործելու համար»․Հովհաննիսյան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի օր անընդմեջ հերքում է Ադրբեջանի ՊՆ բոլոր հաղորդագրությունները սահմանային գոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։
Մարտի 16-ից 19-ը Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 9-րդ անգամ է ապատեղեկատվություն տարածում, իբրև թե հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը REGIONSTV-ի հետ զրույցում ադրբեջանական ապատեղեկատվությանն անդրադառնալով, ասաց, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները նպատակ ունեն զրոյացնել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը, և ստեղծել նոր տեքստ։
Նրա կարծիքով՝ այն ժամանակաշրջանում, երբ Հայաստանը համաձայնել էր ստորագրել խաղաղության պայմանագիր, Ադրբեջանը սրում է իրավիճակը և հրահրում հնարավոր սադրանքներ։
«Խաղաղության պայմանագիրը, որի վրա աշխատել են այս տարիների ընթացքում, ըստ էության, Ադրբեջանի սրտով չէ։ Ադրբեջանի համար գոյություն ունեցող տեքստն այլևս ակտուալ չէ, բայց դա չի կարող բացահայտ ասել, քանի որ միջազգային գործընկերներն ու կազմակերպությունները կսկսեն հարցեր բարձրացնել և Ադրբեջանին համարել իսկապես օկուպանտ երկիր։ Եթե Ադրբեջանը բացահայտ խոսի այս մասին, կնշանակի, որ հրաժարվում է այն տարբերակից, որի շուրջ արդեն մի քանի տարի բանակցել է։ Ադրբեջանը փորձում է ընդհատել արդեն համաձայնեցված տեքստը։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը չի ուզում գոյություն ունեցող տեքստը, չնայած այն հանգամանքին, որ այդ տեքստը բխում է Ադրբեջանի շահերից, այն չի ծառայում Ադրբեջանի գերնպատակին, և Ադրբեջանը ձգտում է ամեն գնով ընդհատել այն և ամեն գնով մեղադրել Հայաստանին»,- նշեց ռազմական փորձագետը։
Ադրբեջանը, ըստ Հովհաննիսյանի, ցանկանում է համաձայնագրի նոր տեքստ ներկայացնել, քանի որ այն պետք է պարունակի իր համար կարևոր, առանցքային կետեր։ «Այդ առանցքային կետերից մեկը Զանգեզուրի միջանցքն է, որի մասին Ադրբեջանը խոսում է 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, և որի օգտին հանդես է գալիս Ադրբեջան-Թուրքիա տանդեմը։ Այս միջանցքի հետ կապված նա մեծ դեմարշ է անում և ուժեղ ճնշում է գործադրում միջազգային կառույցների և ամբողջ Հայաստանի վրա»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզում կամ գուցե սահմանի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հավանականությանը, ապա ռազմական փորձագետը նշեց, որ հնարավոր են լոկալ բախումներ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը, հավանաբար, կսկսի ռազմական գործողություններ. 2022 թվականից սկսած Ադրբեջանի նպատակն է Հայաստանից տարածքներ խլել և այդ տարածքների օկուպացիայի կամ այդ տարածքների առևտրի արդյունքում ստանալ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը․«Թե որտեղից կսկսվի էսկալացիան, դժվար է ասել։ Ադրբեջանին պետք է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որը վերցված կլինի ոչ թե ուժով, այլ՝ փաստաթղթավորված ու ստորագրված, որպեսզի կարողանա օգտվել այդ տարածքներով անցնող հաղորդակցություններից։ Եթե Ադրբեջանը ցանկանում է առանց խնդիրների նավթագազատար կառուցել, ապա նրան պետք է ոչ թե օկուպացված, այլ փաստաթղթավորված տարածք, քանի որ դա ապագայում խնդիր կստեղծի»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Հայաստանը, ինչպես ասաց փորձագետը, մշտապես պատրաստակամությունն է հայտնել համատեղ մոնիտորինգ իրականացնել։ Նախկինում Հայաստանի Հանրապետությունն առաջարկել էր ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միասնական մեխանիզմ։ Սակայն Ադրբեջանը դեռևս չարձագանքեց և անընդհատ անտեսեց Երևանի առաջարկը՝ ստեղծել հրադադարի պահպանման մեխանիզմ:
Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանին լարվածության մասին Բաքվի ապատեղեկատվությունը հերքելու արդյունավետ մեխանիզմներից մեկն է։ Առաքելությունն էլ հերքեց Ադրբեջանի համատարած սուտը։
Ռազմական փորձագետը նաև նշեց, որ չնայած գնդակոծությունների մասին պարբերաբար հնչող հայտարարություններին, Ադրբեջանը դեպքի վայրից ոչ մի տեսագրություն չի տրամադրում․«Իրականում չկա և չէր էլ կարող լինել սահմանին կրակոցների կամ ընդհանրապես որևէ շարժի ապացույց։ Այսօր նույնիսկ սահմանի ողջ երկայնքով ակտիվ տեղաշարժ չկա։ Ընդհանուր առմամբ, որպես կանոն, ինժեներական, շինարարական աշխատանքներ են տարվում գարնանը, սակայն ներկայումս այդ աշխատանքները չեն սկսվել, էլ չեմ խոսում հրետակոծության մասին»։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը վտանգավոր գործողություններից առաջ ստուգում է հասարակական տրամադրությունները Հայաստանում և հենց Ադրբեջանում, հաշվի է առնում նաև տարածաշրջանային խաղացողների դիրքորոշումը․« Իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը հայտարարություններ է ուղարկում բոլոր հասցեատերերին։ Այն ապատեղեկատվությունը, որը մշտապես տարածում է ադրբեջանական կողմը, նախատեսված է թե՛ խաղաղասեր պետությունների, թե՛ ներքին լսարանի, թե՛ ողջ Հայաստանի Հանրապետության համար։ Այսպիսով, որոշակի արդյունք ապահովելու համար Ալիեւը վարում է բազմափուլ եւ բազմաճակատ քաղաքականություն»։
Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ հենց ադրբեջանցիները, շատ քիչ հավանական են համարում, որ Հայաստանը հրետակոծություն է իրականացնում. սոցցանցերի օգտատերերից շատերը կարծում են, որ իրենց պատերազմ պետք չէ, որ այս ամենը ապատեղեկատվություն է, և նրանց համար պարզ է՝ կռվել պատրաստվում է ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը։
«Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Բաքվի բռնապետի այս քաղաքականությունն ուղղված է իր իշխանության հետագա ամրապնդմանը և ընդլայնմանը։ Մասնավորապես, Ադրբեջանի ընդդիմադիր հատվածը շատ ավելի օբյեկտիվ է գնահատում այս հարցը և ավելի իրատեսական է համարում, որ Ադրբեջանի բռնապետն ամեն ինչ անում է պատերազմ հրահրելու և իր իշխանությունն էլ ավելի ամրապնդելու համար։ Իսկ բռնապետության ամրապնդումը նշանակում է հարևան պետություններից տարածքներ խլել, հարևան պետություններում սեփական իշխանությունն ավելի ընդլայնել»,- նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Ամփոփելով՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է շարունակի ամրապնդել իր պաշտպանունակությունը և ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու համար։
Զաբելա Ավագյան