Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային․ՀՀ ԱԳՆ խոսնակ | Region

Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային․ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մարտ 19,2025 12:10

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։

Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի հարցազրույցը ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի հետ։

Հարց – Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն, արձագանքելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ս/թ մարտի 18-ի հայտարարությանը, Հայաստանի Հանրապետությանը կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի ՊՆ–ն այսօր նույնպես հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ի՞նչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։

Պատասխան – Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ բանակը Կառավարությանը ենթակա մարմին է և գործում է հենց այս տրամաբանությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թ․ հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։

Հարց – Մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունն՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ և գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։

Պատասխան – Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի և ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջակվող գործընթացը ո՛չ բարդ է, ո՛չ էլ անիրագործելի։

Հարց – Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը խոսել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Ո՞րն է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։

Պատասխան – Հայաստանի Հանրապետությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։

Ինչ վերաբերվում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թ․ սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի՛ Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։ Բացի սա, Համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնեմ նաև, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ վավերացված միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրության միջև հակասության առկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ՝ Խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է:

Հարց – Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի բարդ և երկար երթուղիներ առաջարկելու մեջ։

Պատասխան – Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը՝ Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան–Մեղրի–Օրդուբադ–Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի և Օրդուբադի միջև հնարավոր ամենակարճ երկաթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք և այն ռելիեֆը, որն ունենք, և մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ, առնվազն լուրջ չէ։

Նորություններ